Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

#CultTalk. Կոմպոզիտորների միությունը նոր նվագախումբ է հիմնում. Արամ Սաթյան  

#CultTalk. Կոմպոզիտորների միությունը նոր նվագախումբ է հիմնում. Արամ Սաթյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. հիմնում է նոր նվագախումբ, որի կազմում հանդես են գալու երիտասարդ երաժիշտներ: Նվագախումբն, ըստ էության, կարևոր առաքելություն է կատարելու և լուծելու է մի շարք խնդիրներ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը փաստում է՝ հայաստանյան նվագախմբերը հաճախ չէ, որ կատարում են ժամանակակից կոմպոզիտորների մեծ կտավի՝ սիմֆոնիկ գործերը: Եվ այս նվագախումբը փորձելու է լուծել նաև այդ խնդիրը:

«Արմենպրես» լրատվական գործակալության #CultTalk մշակութային նախագծի հյուր Արամ Սաթյանը պատմում է միության գործունեության, նորաստեղծ երիտասարդական նվագախմբի, կոմպոզիտորների խնդիրների և այլ ծրագրերի մասին:

Հայ ժամանակակից կոմպոզիտորների սիմֆոնիկ գործերը քիչ են հնչում

Կոմպոզիտորները ստեղծագործում են, աշխատում, և ըստ դրա կարողանում ենք փառատոններ կազմակերպել: Ճիշտ է, դժվարանում ենք փառատոններ կազմակերպելու հարցում, քանի որ նվագախմբերի հետ սերտ կապեր չունենք: Գրվում են բազմաթիվ սիմֆոնիկ գործեր, բայց նվագախմբերը դրանք չեն կատարում, քանի որ ունեն իրենց ծրագրերը: Ցանկալի կլիներ, որ նրանք ավելի շատ ժամանակ հատկացնեին միությանը: Մի բան է նվագել այն, ինչ հնչել է, ճանաչված է, մի այլ բան է նվագել գործ, որը նոր է ստեղծվել: Մեզ համար բավական լուրջ խնդիր է, որ ժամանակակից կոմպոզիտորների սիմֆոնիկ գործերը գրեթե չեն հնչում:  

Կամերային երաժշտություն հաճախ է հնչում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Արտերկրի տարբեր երկրներում էլ ենք կազմակերպում միջոցառումներ, ներկայացվում են հայ հեղինակների ստեղծագործությունները: Մենք իրականացնում ենք փոխադարձ համերգներ՝ արտասահմանցիները կատարում են մեր կոմպոզիտորների գործերն իրենց երկրներում, մենք կատարում ենք նրանց երաժշտությունը:

Երգերի մրցույթ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին

Միությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև երգարվեստին: Քաղաքապետարանի հետ համատեղ մենք հայտարարել ենք երգերի մրցույթ՝ նվիրված Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Մինչև հուլիսի 15-ը սպասում ենք հայտերի: Այդ մրցույթը պետք է լինի ոչ միայն տեղի ստեղծագործողների, այլև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, արտասահմանցիների համար: Մենք անպայման կհարստանանք, եթե նոր ու լավ երգեր ունենանք Երևանի մասին: Սահմանափակումներ չկան, կարևորը՝ որակյալ երգեր ստեղծվեն:

Երիտասարդ ստեղծագործողներ

Մենք ունենք շատ լավ երիտասարդություն: Մեր երիտասարդությունը տաղանդավոր է: Հետաքրքիր երիտասարդներ ունենք: Զարմանալի չէ, որ շատ մրցանակաբաշխություններում նրանք 1-ին, 2-րդ տեղեր են գրավում: Պետք է հնարավորություն ստեղծենք, որ նրանք այստեղ աշխատեն:

… Երիտասարդ ստեղծագործողների զարգացմանը խանգարում է այն փաստը, որ նրանց գործերը չեն կատարվում նվագախմբերի կողմից: Մինչև գործը չհնչի, կոմպոզիտորը չի կարողանա տեսնել իր աշխատանքի արդյունքը: Ի տարբերություն ներկայիս սերնդի, մեր սերունդը լսել է իր բոլոր գործերը:

… Շատ կարևոր է, որ հեղինակի ստեղծագործությունները հնչեն, և տարբեր երկրներում տարածվի այդ երաժշտությունը: Աշխարհին պետք է ներկայանանք նաև մեծակտավ գործերով: Ես առաջարկել եմ մշակույթի նախարարությանը, որ ստեղծագործությունների պատվերներ տրվեն:  

Նոր նվագախումբ, նոր ձևաչափ

Մենք փորձում ենք ստեղծել երիտասարդական նվագախումբ, որում հանդես կգան կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողները, երաժշտական դպրոցների վերջին դասարանների աշակերտները: Ժամանակատար գործ է, բայց փորձերն ընթացքի մեջ են, փորձում ենք նախագիծն իրագործել: Ինչպես գիտեք, միությունը կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ: Ցանկանում ենք, որ նվագախումբը մրցույթի օրը՝ մայիսի 12-ին հնչեցնի Միրզոյանի «Շուշանիկը»: Նվագախումբը դեռ կներկայանա մեկ ստեղծագործությամբ:

… Նվագախմբի անդամները պետք է համախմբված լինեն, հասկանան՝ ինչպես միասին նվագեն: Հետագայում նրանք կկատարեն նաև այլազգի կոմպոզիտորների գործերը: Կարծում եմ, որ լավ արդյունք կարող է ստացվել:

Մշակույթն ուշադրության կենտրոնում

Մշակույթին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել: Ինչքան էլ ուժեղ բանակ, տնտեսություն ունենանք, աշխարհին առաջին հերթին ներկայանում ենք մշակույթով: Մշակույթն է մեր խաղաքարտը, պետք է զարգացնենք այն:

Դրանով են ճանաչում հայ ազգին: Պետք է այնպես անենք, որ մեր մշակույթը ճանաչելի լինի:

Հ.Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի՝ մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am