Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ 
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ու Եվրամիության սերտացող հարաբերությունների գործընթացն այլընտրանք չունի։ Իքս պահից, երբ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, ոչ մեր մեղքով, անկում ապրեցին, կապերի ամրապնդումն Արևմուտքի՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ դարձավ հրամայական։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

426496339_7410513865684690_7256733197302314494_n.jpg (162 KB)

«Թեև դե-յուրե մենք գտնվում ենք ռուսական պայմանական անվտանգային ճարտարապետության սահմաններում, սակայն դե-ֆակտո մեր երկիրը մնացել է որևէ անվտանգային ճարտարապետությունից դուրս, հետևաբար մեզ համար Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների լուծման ճանապարհին ԵՄ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում ապրիլի 5-ին, մեզ համար միանշանակ ողջունելի են, մենք ուրիշ այլընտրանք չունենք»,- ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ այդ հարաբերություններում անվտանգության բաղադրիչն ավելի ամրացնելու առումով այն, ինչ արվում է (սպառազինության մատակարարում, հրահանգիչների աջակցություն, բանակի արդիականացում առաջին հերթին արևմտյան տեխնոլոգիաներով), ունի չափազանց կարևոր նշանակություն։

«Իրանի ու Իսրայելի միջև վերջին փոխադարձ հրթիռակոծումներից ակնհայտորեն երևաց, որ աշխարհաքաղաքականության մեջ այսօր արևմտյան տեխնոլոգիաներն են թելադրում նորաձևությունը։ Իրանն արձակեց ավելի քան 300 բալիստիկ հրթիռ և անօդաչու սարքեր, սակայն դրանց գերակշիռ մասը տեղ չհասավ՝օդում խոցվելու պատճառով, ինչը փաստեց արևմտյան պաշտպանական տեխնոլոգիաների միանշանակ գերակայությունը։ Մեզ անհրաժեշտ են այդպիսի տեխնոլոգիաներ, և եթե ուզում ենք, որ մեր բանակը հզորանա, ապա պետք են միմիայն արևմտյան տեխնոլոգիաներ։ Ես ընդհանրապես պատրանքներ չունեմ, որ օրինակ ֆրանսիական լեգեոնները գալու են Հայաստան ու մեզ ազատեն մեր թշնամուց, բայց այն, որ մեզ հնարավորություն է տրվում ստանալ տեխնոլոգիաներ, հրահանգիչներ և ռազմական կրթություն, այդ թվում՝ եվրոպական ռազմական բուհերում, անշուշտ կբարձրացնի մեր երկրի պաշտպանունակությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ եվրոպական դիտորդների գործունեությունը ՀՀ-ում նույնպես կարևոր անվտանգային բաղադրիչ է, և նրանց ներկայությունն անտարակույս դրական քայլ է։

«Մեկ անգամ արդեն երկարաձգվել է ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկու տարով։ Մեր ղեկավարությունը ցանկություն ունի ևս երկու տարով երկարաձգել դիտորդների մանդատը։ Թվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում այդ մոնիթորինգային խմբի առաքելության անհրաժետություն չի լինի, բայց մենք տեսնում ենք, որ այդ հանձնառությունը հույժ կարևոր է անկախ այն հանգամանքից՝ լինելո՞ւ է  Ադրբեջանի հետ սահմանազատում, թե՞ ոչ։ Միևնույն է, դիտորդները Հայաստանում պետք է աշխատեն։ Փաստ է նաև, որ նրանց գալուց հետո հայ-ադրբեջանական սահմանին մասշտաբային էսկալացիաներ տեղի չեն ունեցել»,- ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետը հավելեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրի, մասնավորապես Իրանի Իսլամական հանրապետության դեմ։

«Դա չափազանց վտանգավոր նարատիվ է, որը տարածվում է Հայաստանում մեր երկրի ինքնիշխանության ու անկախության թշնամիների կողմից։ Ցավոք, առանձին դեպքերում այդ մարդիկ ունեն հայկական ազգանուններ։ Իրանը մեզ համար բարեկամական պետություն է, և որևէ դեպքում Արևմուտքի հետ մեր հարաբերությունների ցանկացած դրսևորում չպետք է ուղղված լինի (և ուղղված չէ) Իրանի ու նրա շահերի դեմ։ Մեր երկրի ղեկավարությունն անընդհատ գտնվում է անմիջական կապի մեջ Իրանի ղեկավարության հետ, և որևէ բաց հարց մեր երկու երկրների միջև իրականում չկա»,- պնդեց քաղաքագետը։

Անդրադառնալով նաև տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացիային՝ մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ լիարժեքորեն անդամակցել համաեվրոպական տնտեսությանը, բայց դա չի նշանակում, որ չպետք է աշխատենք դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, առավել ևս, որ տնտեսական դիվերսիֆիկացիան, ըստ էության, աշխարհաքաղաքական դիվերսիֆիկացիայի շարունակությունն է, առանց որի հնարավոր չէ ամբողջությամբ դիվերսիֆիկացնել քաղաքականությունը։

«Մեզ պետք է, որ մեր արտադրության ապրանքները սպառվեն նաև եվրոպական շուկայում։ Ցավոք, մեր երկիրը դրան դեռ պատրաստ չէ, պետք է կատարենք հսկայական աշխատանք, մանավանդ որ մի քանի տարի էլ ուշացել ենք։ Չի բացառվում, որ մի օր Վերին Լարսի անցակետը վերջնականապես փակվի, հետևաբար պետք է ունենանք այլընտրանք, որը ոչ միայն Արևմուտքն է, այլև Արևելքը, քանի որ մենք ունենք շատ լայն հնարավորություններ մեր ապրանքները վաճառելու Պարսից ծոցի երկրներում և արաբական աշխարհում, որոնք նույնպես մեծածավալ շուկաներ են։ Տնտեսական դիվերսիֆիկացիան մեր արտաքին հարաբերությունների ոլորտում աշխարհաքաղաքական դիվերսիֆիկացիոն գործընթացի մի մասն է։ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը դրա վառ արտացոլումն էր, ու այդ գիտակցումը կա նաև Արևմուտքում»,- պարզաբանեց Ստեփանյանը։

Խոսելով Հայաստանի ու ԵՄ երկրների միջև վիզաների ազատականացման խնդրի մասին՝ Ստեփանյանն ընդգծեց, որ այդ հարցում սպասում է դրական հանգուցալուծման, քանզի այդ պրոցեսը միանգամայն տրամաբանական է։

«Եթե մեր երկիրը ստանում է պրեֆերենցիոն կարգավիճակ ԵՄ-ի հետ հարաբերություններում՝ չհանդիսանալով Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի նման հավասարազոր թեկնածուի կարգավիճակ ունեցող պետություն, դա նույնպես տրամաբանական է։ Ակնկալում եմ, որ վիզաների ազատականացման հարցը կլուծվի եթե ոչ այս տարի, ապա գոնե հաջորդ տարվա ընթացքում, որովհետև մեր հարաբերություններում այլ տրամաբանություն չեմ տեսնում։ Միակ տարբերակը, որ այդ կարգավիճակը չստանանք, այն է, որ Հայաստանը կտրուկ քայլեր ձեռնարկի հակառակ ուղղությամբ՝ գրանցելով ռեգրես ժողովրդավարության և քաղաքակիրթ աշխարհի հետ կապերի ձևավորման համատեքստում, սակայն հույս ունեմ, որ նման բան չի լինի»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am