Հայաստան

Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ Արմեն Կիրակոսյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ Արմեն Կիրակոսյանը

64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ, մտավորական ու մեծ հայրենասեր Արմեն Արամի Կիրակոսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքին և հայ ժողովրդին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Կիրակոսյանը 1993-1995 թվականներին եղել է թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ, իսկ 1995-1997 թվականներին՝ արդյունաբերության նախարարի տեղակալ: Այս պաշտոններում Արմեն Կիրակոսյանը ակտիվորեն մասնակցել է երկրի արդյունաբերական քաղաքականության ձևավորմանը և միջազգային կապերի զարգացմանը: 

1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և աշխատել մինչև 1999 թվականը՝ լինելով ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նրա ներդրումը օրենսդիր գործունեության մեջ նպաստել է երկրի տնտեսական կայունության և զարգացման ամրապնդմանը: 

Արմեն Արամի Կիրակոսյանն ակտիվ հասարակական գործիչ է եղել՝ զբաղեցնելով հայ-իրանական և հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոնները, ինչպես նաև մասնակցելով հայ-ռուսական և հայ-ուկրաինական խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին: 

1997-2001 թվականներին եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարը: 

1982 թվականից անդամակցել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Այրուձի» հեծյալ ակումբին՝ նշանակալի ավանդ ունենալով հայկական ազգագրական երգ ու պարի և հեծյալ խաղերի վերածնմանն ու հանրայնացմանը: 

Արմեն Կիրակոսյանի ջանքերով նոր կյանք է ստացել հայկական ավանդական մշակույթի նշանավոր գոհարներից մեկը՝ ստվերների թատրոնը: 

Իր ողջ կյանքում անմնացորդ ծառայել է հայրենիքին, եղել է պրոֆեսիոնալիզմի և բարձր բարոյականության օրինակ: 

Արմեն Արամի Կիրակոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժամը 17:00-20:00 «Զոլեր» սգո սրահում, հասցեն՝ Գրիգոր Հասրաթյան 25/3:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում