Գիտություն

Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի թիմային աշխատանքը հաղթել է համաեվրոպական մրցույթում

3 րոպեի ընթերցում

Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի թիմային աշխատանքը հաղթել է համաեվրոպական մրցույթում

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի 2024-2025 թթ. Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր. փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։  

Ազգային ժյուրիում ընդգրկված էին Հայաստանից և արտերկրից մշակույթի ոլորտի 13 գործիչներ, որոնք մասնակցել են առցանց քվեարկությանը՝ 1-5 սանդղակով գնահատելով մանկապատանեկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած 8 թիմային աշխատանքների թեմատիկ սյուժեները։ 

Նախարարությունը ներկայացնում է նաև մրցույթի ազգային փուլի լավագույն 5 թիմային տեսանյութերը (հերթականությունը՝ ըստ ստացած միավորների). 

  • «Սասնա ծռեր. փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» (ք. Գյումրի)
  • «Հայկական թուղթ» (ք. Աբովյան)
  • «Գորիս» (ք. Գորիս)
  • «Փարաջանովյան մոտիվներով» (ք. Երևան)
  • «Գառնի» (ք. Աբովյան)

Վերոնշյալ աշխատանքներն արդեն հասանելի են «Եվրոպական ժառանգության օրեր»-ի պաշտոնական կայքի Հայաստան բաժնում:

Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին պաշտոնապես միացել է 2024 թ.։ Համաեվրոպական այս ծրագրին 2023-2024 թթ. մեր երկիրը ներկայացրած ‹‹ՀԱՅելիցներ›› խումբը ճանաչվել է 2023-2024 թթ. Եվրոպայի հաղթող և ստացել հնարավորություն՝ մեկնելու շրջագայության Փարիզ և Ստրաստբուրգ։ 

«Ժառանգություն կերտող երիտասարդներ» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթի հայաստանյան ազգային փուլը հավուր պատշաճի կազմակերպելու համար 2024 թ․ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն արժանացել է ԵՄ և ԵԽ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ղեկավար Սերգեյ Բազարյայի շնորհակալագրին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում