Կրթություն

Ուսանողները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել համաժողովին

2 րոպեի ընթերցում

Ուսանողները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարությունում փետրվարի 4-ին մեկնարկել է նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ  դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ այս տարվա ՄԱԿ-ի մոդել համաժողովը թվով երկրորդն է, և այն նվիրված է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 33-րդ ամյակին և ՀՀ դիվանագետի օրվան։ Վահան Կոստանյանը կարևորել է ՄԱԿ-ի մոդել համաժողովի միջոցով Հայաստանի երիտասարդության շարունակական ներգրավվածությունը ԱԳ նախարարության և ՄԱԿ գործունեությանը, ինչը լավ հնարավորություն է առավել խորությամբ ծանոթանալու միջազգային գործընթացներին և բազմակողմ դիվանագիտության առանձնահատկություններին։ Նա հույս է հայտնել, որ համաժողովը նպաստ կբերի ապագայում դրա մասնակիցներից շատերի կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերի համալրմանը։

Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է կայուն զարգացման, մարդու իրավունքների, հումանիտար, միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտներում ՄԱԿ-ի կողմից ներդրվող ջանքերը և երիտասարդների ներգրավումը կազմակերպության աշխատանքներին։ Նա անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ միջև ծրագրային համագործակցությանը՝ այդ համատեքստում ընդգծելով ընթացիկ ծրագրերում երիտասարդների ներգրավվածության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում