Քաղաքականություն

Արսեն Թորոսյանն արձագանքել է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունը պետք է պահանջի Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարումը

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն արձագանքել է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունը պետք է պահանջի Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարումը

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունը պետք է պահանջի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարում։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանն Էդմոն Մարուքյանի հայտարարությանն արձագանքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ 

«Շատերը նկատած կլինեն, որ մեր նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում ու առաջխաղացնում, ու ես, թեև զարմանքս կորցնելու եզրին եմ մեր քաղաքական համակարգում հնչած որոշ մտքերի ու կոչերի հանդեպ, բայց կրկին անկեղծորեն զարմանում եմ։ 

Պարոն Մարուքյանն ասում է, որ պետք է պահանջենք այդ փաստաթղթի կետերի կատարում՝ հավանաբար մոռանալով, որ այդ փաստաթղթի ստորագրման պահից ինչքան ուժ ունեինք, հենց դա էինք անում, բայց իրականությունը եղավ հակառակը։ Ստորագրումից շատ չանցած մյուս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին խախտել այդ փաստաթուղթը։ Զարմանալ կարելի է, թե ինչպես կարել է այսքանը չհիշել։  

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Խծաբերդը, Փառուխը, Լաչինի միջանցքի բլոկադան, գերիներին հետ չտալը, թե՞ լավ էլ ամեն ինչ նա հիշում է, բայց այլ օրակարգ է առաջ տանում։ 

Իսկ կարո՞ղ է ռուսական զորքերի վերադարձն ու ռուսական վերահսկողության տակ միջանցքն է այդ օրակարգը։ Չէ չէ, չեմ պնդում, որ պարոն Մարուքյանը մեզ կրկին ռուսական լծի տակ է ուզում վերադարձնել ու մեր սուվերեն տարածքից զիջումներ անել նրանց, պարզապես բարձրաձայն մտածում եմ։

Երբեք չէի մտածի, որ հայտնի «երրորդ ճանապարհը» դա մեր սուվերեն տարածքից զիջված միջանցքն է»,- գրել է Թորոսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում