Տնտեսություն

ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն չունի և չի ունենալու. Էդուարդ Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն չունի և չի ունենալու. Էդուարդ Հակոբյան

Պետական եկամուտների կոմիտեն եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում մանրամասն տեղեկատվություն չի ունենալու բանկային համակարգում քաղաքացում գործարքների վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն՝ ԱԺ–ում համընդհանուր հայտարարագրման թեմայով քննարկման շրջանակում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հետաքրքրվեց, թե ՊԵԿ համակարգն ինչպե՞ս է բացահայտելու որոշակի խախտումներ՝ առանց բանկային գաղտնիքը խախտելու, բանկային գաղտնիքն ինչքանո՞վ է բացահայտվելու: 

ՊԵԿ նախագահի կարծիքով՝ բանկային գաղտնիքի հետ կապված ՊԵԿ–ի հնարավոր գործողությունները սխալ են գնահատում:

«Եթե անձի մասին ենք խոսում, ապա բանկային գաղտնիքին հասանելիությունը մուտքերի և ելքերի մասին է՝ մեկ թվով՝ առանց հասանելիություն ունենալու գործարքներին, և թե ում հետ է այդ գործարքներն արել: Դա հստակ է»,–ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ–ը միշտ չունի այդ հասանելիությունը: Այդ հասանելիությունը ստանալու է ստուգման ժամանակ: 

«Այսինքն՝ եթե որևէ անձի նկատմամբ ստուգում է բացվում, ստուգողը հնարավորություն ունի քաղաքացուց հարցնել և պահանջել այդ տեղեկատվության ստացումը՝ սահմանափակ ձևով՝ մուտք–ելք՝ մեկ թվով, չխորանալով գործարքների մեջ: Եթե չի ստանում քաղաքացուց, երկրորդ քայլը դատարանով ստանալն է: Եթե դատարանը որոշի, որ այդ տվյալը չի տալիս ՊԵԿ–ին, չենք ստանա, եթե որոշի, որ տալիս է, կստանանք: Ստուգման ժամանակ հասանելիություն ունենք շատ սահմանափակ տեղեկատվության: Հետևաբար, մեր հայրենակիցները կարող են հանգիստ լինել՝ ՊԵԿ–ը չունի և չի ունենալու տեղեկատվություն՝ բանկային համակարգում իր մանրամասն գործարքների վերաբերյալ»,–ասաց ՊԵԿ նախագահը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում