Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել և դիմել է ՀՀ նախագահին

Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյանը 
հայտարարություն է տարածել և դիմել է ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ապրիլի 25-ին նախատեսված հանդիպումը Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի չի ունենալու, քանի որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:

Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ