Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբն է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մալթայի միջազգային երաժշտական 
փառատոնի պաշտոնական նվագախումբն է

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի մայրաքաղաք Վալետան 2018 թվականին առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, և օրեր առաջ այդտեղ մեկնարկել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական՝ ռեզիդենտ նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է նվագախմբի հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Սաթենիկ Մկրտչյանի անդրադարձը Մալթային ծավալվող մշակութային իրադարձություններին և դրանց Հայաստանի մասնակցությանը։

Լինել Եվրոպայի մշակութային մայրաքաղաք… Սա նշանակում է մեկ աշխարհագրական սահմանում միավորել եվրոպականը, համամարդկայինը: Սահմանել ու գործածության մեջ դնել արվեստի այն ուղղություններն ու միտումները, որոնք պետք է գերիշխող լինեն: Միևնույն ժամանակ՝ սա համամարդկային մշակութային արժեքները վերստին գնահատելու և ներկայացնելու, լայն հանրության սեփականությունը դարձնելու հիանալի հնարավորություն է:

2018 թվականին Վալետան է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը: Սա ևս մի շտրիխ է հավելում հնամենի այս քաղաքի գրավչությանը: Դասական արվեստի ու ակադեմիական երաժշտության սիրահարները հենց Վալետան են դիտարկում՝ որպես այս տարվա մշակութային ճաշակ թելադրող կենտրոն:

Օրեր առաջ Մալթայում մեկնարկել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը: Ապրիլի 15-ից սկսվել և մինչև մայիսի 1-ը կշարունակվեն փառատոնի շրջանակներում իրականացվող փառատոնային համերգներն ու միջոցառումները:

«Մենք շատ երջանիկ ենք, որ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվում հենց Վալետայում, մասնավորապես՝ այս հատուկ տարվա ընթացքում,- նշում է Վալետա 2018 հիմնադրամի նախագահ Ջեյսոն Միքալեֆը:- Սա առաջին անգամն է, որ Վալետան Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է հռչակվում: Ինչը նշանակում է, որ մեր գործունեությունն առավելապես մշակութային ուղղվածություն ունի: Այս տարի մենք հարյուրավոր ծրագրեր ենք իրագործում՝ Վալետա 2018 հիմնադրամի հիմնական գործունեության մեջ»:

Ինչպես արդեն հայտնի է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական՝ ռեզիդենտ նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Ուրախ եմ փաստել, որ շատ հետաքրքիր գույներ ու նոտաներ է հաղորդում այս տարվա Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի ողջ իրարանցման մեջ: Նաև առաջին անգամ է, որ մենք հյուրընկալում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Շատ տպավորված եմ նվագախմբի ներկայացրած ծրագրային բազմազանությամբ համերգներից: Յուրաքանչյուր երեկո՝ նոր համերգ, նոր ծրագիր… Պարզապես հիացած եմ՝ հետևելով այս երիտասարդ երաժիշտների ակնհայտ տաղանդին»,- մանրամասնում է Ջ. Միքալեֆը:  

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնն այս հիասքանչ կղզում է միավորել ակադեմիական ու նաև՝ ժամանակակից դասական երաժշտության շունչն ու առաջադեմ կատարողներին: Փառատոնային երեկոների ընթացքում Վալետայի հյուրերն ու երաժշտասեր հանրությունը հիանալի հնարավորություն ունեցավ ունկնդրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները՝ նշանակալի ծրագրերով՝ ամբողջ աշխարհում հայտնի այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Դենիս Կոժուխինը, Նիկոլայ Լուգանսկին, Դեյվիդ Աարոն Կարպանտիերը, Դմիտրի Սիտկովետսկին, Մաքսիմ Վենգերովը, Ջուլյա Զիլբերքվիթը, Դմիտրի Սիտկովետսկին, Մաքսիմ Վենգերովը, Ռեյ Չենը,  Սալվատորե Ակառդոն, Անդրեաս Օտենսամեռը. «Ուրախ եմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենում միջազգային մասշտաբի ներկայանալի երաժիշտների ու մենակատարների հետ: Նվագախմբի գործունեությունն այնքան համահունչ է մեր հիմնադրամի ու Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի գաղափարախոսությանը»:

Այս պահին Մալթայում ընթանում են նաև Հայաստանի մշակույթի օրերը: Այսպիսով՝ Մալթայի  հյուրերը, ինչպես նաև այստեղ բնակվող փոքրաթիվ հայերը հնարավորություն են ունենում հաղորդակցվել հայաստանյան մշակույթի որոշ ճյուղերի հետ. «Պետք է ասել, որ այն ամուր դիվանագիտական կապերը, որ ունի Մալթան Հայաստանի հետ շատ կարևոր են մեզ համար և մենք ուրախ ենք այս նշանավոր տարվա ծրագրերի շրջանակում ներառել նաև Հայաստանի մշակութային օրերը  չափազանց մեծածավալ միջոցառումը: Այս ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները նույնքան կարևոր են մեր և մեր երկրի հյուրերի համար: Սա երկխոսության և արդեն եղած երկխոսությունն ամրապնդելու հիանալի տարբերակ է»,- փաստեց Վալետա 2018 հիմնադրամի նախագահ Ջեյմս Միքալեֆը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]