Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար. Կարեն Կարապետյան

ՀՀ էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ապրիլի 26-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն և կատարելագործվեն»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաև մարզպետներին հետևողական շարունակել աշխատանքները և պահպանել կառավարության բնականոն գործունեության ռեժիմը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է հասարակական կարգի և կանոնների պահպանման հարցին: «Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ  հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և առաջարկել  իրավապահ մարմինների ղեկավարներին ձեռնարկել միջոցներ՝ հասարակական բնականոն կարգի՝ բոլորի կողմից պահպանման և հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ: 

 

ՀՀ էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար  

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը: Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 18-20 տոկոսը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով` գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիան: Հայեցակարգն ամրագրում է ՀՀ կառավարության՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում արտադրող հզորությունների ավելացմանը զուգահեռ կուտակիչ կայանների զարգացման տեսլականը: Փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության աստիճանը: Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրակուտակիչ կայանների ներդրման, դրանց հետ աշխատանքի փորձի ձեռք բերման և դրանց տնտեսական արդյունավետության ճշգրիտ գնահատման նպատակով առաջարկվում է կառուցել և շահագործման հանձնել առաջնեկային (պիլոտային) էլեկտրակուտակիչ կայան: Հայեցակարգով նախատեսված քայլերի իրականացման արդյունքում կկազմվի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի hանրապետությունում այլընտրանքային էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, որը կներառի առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանում արևային, հողմային և այլընտրանքային այլ աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության  և կուտակման անհրաժեշտ ծավալները, արտադրող և կուտակիչ հզորությունների նկարագրությունը, դրանց գործարկման ժամանակացույցը և ֆինանսավորման սկզբունքները:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, որը ձևավորվել է միջազգային մրցույթի արդյունքում: «Աննախադեպ սակագին սահմանեցինք՝ 4,19 ցենտ: Այսօր աշխարհում նման ցածր սակագին գոյություն չունի, ինչը նշանակում է, որ Հայաստանում մեծ թափով կսկսի զարգանալ արևային էներգետիկան»,-նշել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանը: Նա հայտնել է նաև, որ հայեցակարգով նախատեսվում է մինչև տարեվերջ Հայաստանում կառուցել  կուտակիչ կայան՝ 14 ՄՎտ կուտակային հզորությամբ, որ կլինի աշխարհում թվով 10-րդը: «Այսինքն՝ Հայաստանը կմտնի այն տասնյակի մեջ, որոնք արդեն իրենց երկրներում զարգացրել են արևային առաջավոր տեխնոլոգիաները»,-նշել է նախարարի պաշտոնակատարը:    

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Կարեն Կարապետյանը դրանք  համարել է  հեղափոխություն՝ էներգետիկայի ոլորտում: «Արևային ռեսուրսի առումով Հայաստանը գտնվում է ամենալավ երկրների շարքում: Եվ այս կուտակիչ տեխնոլոգիան կիրառելու դեպքում՝ մենք մոտակա տարիներին մեր էներգետիկ անվտանգությունն  ու կախվածությունն այլ էներգառեսուրսներից փոխում ենք: Արևային էներգետիկայի առումով Հայաստանն այսօր գտնվում է ամենազարգացած երկրների շարքում»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ սահմանված սակագինն ավելի ցածր է, քան փոքր ՀԷԿ-երի սահմանած սակագինը:  Կարեն Կարապետյանը հայտնել է նաև, որ հանձնարարվել է նախարարությանը վերանայել 2036թ. էներգետիկայի զարգացման ծրագիրը:

 

Հավանություն է տրվել «ՀՀ 2017 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին 

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Ըստ այդմ՝ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,237,780,767.4 հազար դրամ է, ծախսերի գծով` 1,504,802,229.8 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 267,021,462.4 հազար դրամ:

 

Աջակցություն կտրամադրվի տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժած համայնքների բնակիչներին 

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու  և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնավորման համաձայն՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի համայնքների բազմաբնակարան շենքերին պատճառված վնասների վերացմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի,  Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների բնակիչներին տարերային աղետի հետևանքով առաջացած բազմաթիվ վնասների վերականգնմանը: Ակնկալվում է, որ ֆինանսական աջակցություն կստանա ընդհանուր առմամբ 367 մարդ:

 

Կնվազեցվի ՔԿԱԳ ոլորտի  վարչարարությունը 

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ,  առաջարկվում է   ՔԿԱԳ պետական գրանցման վկայականի վրա զետեղել արագ արձագանքման կոդ («QR kod») կամ հսկիչ համարանիշ, որը հնարավորություն կտա համացանցի միջոցով ստուգել ՔԿԱԳ պետական վկայականի իսկությունը, ինչը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը:  Ըստ հիմնավորման՝ 2018 թ. մայիսին նաև իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակցումը «էլեկտրոնային հյուպատոս» համակարգին, որի շրջանակում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում:           

 

Այլ որոշումներ 

Կառավարությունն ընդունել է «Հողամասի փոխանակության թույլտվություն տալու և հողամաս ամրացնելու մասին» որոշումը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թ. օգոստոսի 6-ին կնքված վարկային համաձայնագրով հաստատված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ Կոտայքի մարզում  անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք կառուցելու համար անհրաժեշտ հողամասով ապահովելու  անհրաժեշտությամբ: Արդյունքում կապահովվի անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցումը,  Հրազդանի տարածաշրջանի համայնքներում կբարձրանա անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին սահմանված դրույթները համապատասխանեցնելու համար: Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ օրենքում կատարված լրացումների  և փոփոխությունների արդյունքում ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվում է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Կառավարության նիստի օրկարգում ընդգրկված բոլոր հարցերն ընդունվել են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]