ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԾԶ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։
Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությունը։
Նշվում է, որ զրուցակիցները վերահաստատել են երկկողմ համագործակցության շարունակականության և նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: