Տնտեսություն

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը կսահմանի  ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման նոր կարգ, որի շրջանակներում լուծվում են նաև ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումների քննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակված է «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախագծի՝ գործող որոշմամբ սահմանված է վերոնշյալ շինությունների կառուցման պարզ ընթացակարգ, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոչ բարեխիղճ կառուցապատողների կողմից չարաշահումներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ անբարեխիղճ կառուցապատողները պարզ ընթացակարգով ստանում են ձկնաբուծարաններ կառուցելու մասին շինարարական թույլտվություններ, որոնք նպատակային չեն օգտագործում, այն է՝  իրականացնում են հորման աշխատանքներ, որից հետո աշխատանքները դադարեցվում են, որից հետո տեղումների պատճառով հորված տարածքները վերածվում են ճահճանման տարածքների, և պետությունը կրում է վնասներ։

«Այսպիսով, ներկայացված նախագծով առաջարկվում է՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումներին կից ներկայացնել վավեր ջրօգտագործման թույլտվության առկայությունը փաստող փաստաթուղթը։ Առաջարկվող կարգավորումը կնպաստի, որպեսզի ձկնաբուծարան կառուցելու համար հայցվող թույլտվությունները տրամադրվեն ձկնաբուծարաններ կառուցելու իրական նպատակ ունեցող կառուցապատողներին»- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը նպատակ ունի բացառելու ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը, որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ։

Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում