Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 11-ին ներկայացրեց նոր ընտրական օրենսգրքով նախատեսված կարևոր սկզբունքները։ Նախարարը մանրամասնեց՝ այն դեպքում, երբ որևէ կուսակցություն քվեարկության արդյունքներով չի ստանում մանդատների 51 տոկոսը, ընտրական օրենսգրքով հնարավորություն է ստեղծվում կոալիցիաների ստեղծման համար այն հաշվարկով, որ այդ կոալիցիաները կունենան ձայների 51 տոկոսը կամ 53 մանդատ: «Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ է նախատեսված է, և ընտրական օրենսգիրքն էլ սահմանում է, որպեսզի կոալիցիաները չլինեն խայտաբղետ, և քաղաքական համակարգում ևս որոշակի կայունություն ապահովվի: Կոալիցիաները կարող են ձևավորվել առավելագույնը երեք կուսակցությունների միջև, որոնք ընտրությունների արդյունքներով հաղթահարել են արգելապատնեշը»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը: 

Ընտրական նոր օրենսգրքի ներկայացված նախագծով առաջարկվում է անցկացնել Ազգային ժողովի համամասնական ընտրություն բաց ցուցակներով: Այս մասին մարտի 11-ին՝ նախագծի հանրային քննարկման ժամանակ, ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ «Ես ցանկանում եմ հստակեցնել, որ առաջարկվող տարբերակն իրենից ռեյտինգային քվեարկություն չի ենթադրում: Ռեյտինգային քվեարկությունը բոլորովին այլ բան է: Ես խնդրում եմ այդ տերմինը այս դեպքում չօգտագործել»,- ընդգծեց նա:

Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով  ընդդիմության կողմից հնչող տեսակետին, թե ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար հարկավոր է ընտրություններից հետո պաշտոնապես հրապարակել ստորագրված ցուցակները, նշեց, թե դա խախտում է անձի գաղտնիության իրավունքը. Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերի դրույթները և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը։

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Ընտրական նոր օրենսգրքի նախագծով ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թվի  սահմանափակումը նպատակ ունի խուսափել իրավիճակներից, երբ դիտորդների և լրագրողների անվան տակ ընտրական տեղամասերում հայտնվում են այս կամ այն թեկնածուի վստահված անձինք: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծեց, որ սա լավագույն տարբերակը չէ նման իրավիճակներից խուսափելու համար ու դոգմա չէ: «Երբ մենք բոլորս կգանք մի լիբերալ մոտեցման, որ մեզ թույլ կտա կանխել նման դեպքերը, պատրաստ կլինենք ընդհանրապես հանել այդ սահմանափակումը»,- իր հերթին նշեց Դավիթ Հարությունյանը։

Բուհերի ապաքաղաքականցման հարցը կարելի է լուծել միայն օրենքի միջոցով: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է լուծելու իր իսկ բարձրացրած այդ խնդիրը, եթե բուհերի կառավարման խորհրդի նախագահներ են, օրինակ, ՀՀ նախագահը, վարչապետը և այլք։

Լևոն Մկրտչյանը անընդունելի համարեց այն հանգամանքը, որ ծնողական կոմիտեն գումար է հավաքում և որպես նվեր փոխանցում դպրոցի տնօրենին կամ ուսուցչին: «Պետք է կանխել այս կամ այլ բաների համար գումար հավաքելու սովորությունները, պետք է պահանջենք, որ ծնողներին չդնեն լրացուցիչ ծանրաբեռնվածության տակ»,- ասաց նախարարը։

Ըստ Լևոն Մկրտչյանի՝ որակի և համապատասխանության հավասարակշռության խնդիրը ԿԳ նախարարության հիմնական ուղենիշն է լինելու։ «Կրթական ընդհանուր շղթայի մեջ երկու կարևոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել և կյանք մտնել՝ դրանցից առաջինը հանրակրթության ոլորտում ավագ դպրոցն է, և բարձրագույն կրթության ոլորտում՝ մագիստրատուրան»,-ընդգծեց Լևոն Մկրտչյանը:

Հայաստան և աշխարհ

Մարտի 10-ի երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացան հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները։ Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Խոսելով երկկողմ ռազմավարական գործընկերային հարաբերությունների մասին՝ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է․ «Կան նաև օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ, առաջին հերթին, մեր տնտեսական փոխգործակցությունը, չնայած այստեղ էլ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ մենք կարող ենք բավարաված լինել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը: Ես ոչ մի կասկած չունեմ, որ հիմնվելով նախորդ տարիների մեր համատեղ որոշումների վրա, մենք կզարգանանք նաև այդ ուղղությամբ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, նշել է «Լինելով ՀԱՊԿ-ում նախագահող, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում: Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի, այնպես էլ իմ այլ ելույթներում ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ»։

Մարտի 11-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները և Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ դիտորդի կարգավիճակով: ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը մտահոգիչ է համարել Թուրքիայից Սիրիայի ուղղությամբ շարունակվող կրակահերթերը և Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են ապակայունացնելու իրավիճակն այդ պայթյունավտանգ տարածքում: «Եվ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով լինելով միջազգային լարվածության օջախներին մոտ, հատուկ դեր է զբաղեցնում ՀԱՊԿ-ում, և մենք պետք է հաշվի առնենք նրա փորձը, այդ թվում՝ խորհրդարանական փորձն անվտանգության ապահովման գործում»,- ասել է նա։

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ելույթ ունենալով երևանյան արտագնա նիստում, անթույլատրելի է համարել ՀԱՊԿ որոշ անդամների կողմից դաշնակիցներին չպաշտպանելու քայլերը։ «Մենք պետք է անենք հնարավորը՝ նման բացասական երևույթներն ապագայում բացառելու համար»,- ընդգծել է նա:

ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության հարցը շատ արդիական է հատկապես Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մեկուսացված է մաքսային ընդհանուր տարածքից: Մարտի 11-ին մուլտիմեդիա ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱՊՀ Տնտեսական համագործակցության գործարար կենտրոնի տնօրեն Վլադիմիր Սավչենկոն: Սակայն, Հայաստանի մասնակի տրանսպորտային շրջափակման պայմաններում տարանցման ուղիների վերաբերյալ հարցին ի պատասխան, Վլադիմիր Սավչենկոն տարօրինակ կարծիք հայտնեց․«Հայաստանի համար որպես տարանցիկ երկիր կարող են ծառայել և Վրաստանը, և Ադրբեջանը»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

ԱՄՆ Կենտուկի նահանգը մարտի 7-ին միացավ Այդահո, Նյու Հեմփշիր և մյուս նահանգներին, որտեղ հաջողությամբ տապալվել են հակահայկական քարոզչությանն ուղղված ադրբեջանամետ բանաձևերը: Նահանգի սենատում կասեցվեց այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» 24-րդ տարելիցը ոգեկոչող թիվ 168 բանաձևի ընդունումը, որը խեղաթյուրված էր ներկայացնում Արցախյան հակամարտության վերաբերյալ փաստերը: Բանաձևը չի ընդունվել Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանի ներկայացուցիչների կողմից նախաձեռնվող ապատեղեկատվության վերաբերյալ նահանգում ահազանգելուց հետո:

Ադրբեջանը մարտի 12-ին դադարեցրեց իր տաղավարի աշխատանքները ցուցահանդեսում` բողոքելով ITB-Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի Հանրապետության մասնակցության դեմ: Ավելին, նրանց ձախողված սադրիչ գործողություններն ավելի են բարձրացրել ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների հետաքրքրությունը Արցախի տաղավարի հանդեպ։

Հայկական կողմերի դեմ Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտման առնչությամբ ՀԱՊԿ որոշ երկրների դիրքորոշման կապակցությամբ ունեցած դժգոհության մասին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն անհետևանք չի մնացել և դրական արդյունք է տվել: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Եթե հաշվի առնենք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը և համեմատենք այն մի քանի ամիս առաջ տիրող իրավիճակի հետ, կտեսնենք, որ դրական առաջընթաց կա: Իհարկե դա բավարար չէ»,- նշել է ԱԺ փոխնախագահը։ 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում կուլիսային աշխատանքների շրջան է: Մարտի 10-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման դիտարկում արեց  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Չկա հստակ և բաց բանակցային գործընթաց, բայց կա նախապատրաստական կամ, այլ կերպ ասած, տնային աշխատանք կատարելու ժամանակահատված: Հակամարտող կողմերից յուրաքանչյուրը և միջնորդներն իրենց հերթին փորձում են ինչ-որ իրավիճակային փոփոխությունների հասնել»,- ասաց քաղաքագետը: 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նպատակն է տարբեր նահանգներում ընդլայնել աջակիցների շրջանակը, որպեսզի Ավստրալիայի նահանգները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս տարի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձնելու Արցախի ճանաման հարցերին: «Ընթացիկ տարում մենք նախատեսում ենք Արցախի թեմայով հանդիպումներ, ցուցահանդեսներ, որ կառավարությունը լիարժեք պատկերացում ունենա Արցախի մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը:

Ցեղասպանության դատապարտում

National Geographic-ում հրապարակվել է լրագրող Փոլ Սալոփեքի և լուսանկարիչ Ջոն Ստանմայերի մեծ հոդվածը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, վերապրածների հիշողություններին, ինչպես նաև խնդրի նկատմամբ ժամանակակից Հայաստանի ու Թուրքիայի մոտեցումներին: «Ե՞րբ է ցեղասպանությունը պաշտոնապես ավարտված համարվում․․․․ : Գուցե այն ժամանակ, երբ վերջին դատարկված գյուղը ձեռք է բերում նոր բնակչություն, նոր լեզու ու անվանում: Իսկ միգուցե երբ ի վերջո գալիս է զղջո՞ւմը»,- նշում է հեղինակը:

Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած հայցի քննությունը հետաձգվում է: 2016 թվականի մարտի 1-ին կաթողիկոսարանի փաստաբանը Թուրքիայի ՍԴ-ին հուշագիր է հղել` պահանջելով դատական ունկնդրության նիստ: Սակայն թուրքական դատարանի լռության ֆոնին` Արամ Ա-ի առաջարկով ու նախագահությամբ` մարտի 5-ին Ժնևում կայացել է կաթողիկոսության դատական հայցի իրավական խմբի հանդիպումը։ Որոշվել է, որ եթե ՍԴ-ն լռություն պահպանի ու հետաձգի հարցի քննարկումը, «տրամաբանական ժամանակ» սպասելուց հետո հայկական կողմը կարող է դիմել ՄԻԵԴ-ին, որի կանոնադրության 6-րդ հոդվածը թույլ է տալիս որևէ դատական գործի համար հատկացված «տրամաբանական ժամանակ»-ի խախտման դեպքում դիմել իրենց: Դրան զուգահեռ որոշվել է պատրաստել ՄԻԵԴ-ին դիմելու թղթածրար` Թուրքիայի ՍԴ-ի վերջնական հավանական որոշումն ու մոտեցումները հաշվի առնելով:

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Նիդեռլանդների Հաագա քաղաքում ապրիլի 23-ին կանցկացվի բողոքի ցույց և ոգեկոչման արարողություն: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կառավարությունից հստակ դիրքորոշում է ակնկալում Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում։ «Նիդերլանդների խորհրդարանն իր դիրքորոշումը հայտնել է Հայոց ցեղասպանության հարցում, ինչը չենք տեսնում Կառավարության հայտարարություններում: Մեզ համար կարևոր է, որ կառավարությունը նույնպես հայտնի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: Ամեն անգամ բառախաղերի օգնությանն են դիմում, չեն ցանկանում կոնկրետ խոսել: Մեր ցանկությունն է, որ խորհրդարանի որդեգրած քաղաքականությունը գործադիր մարմինն էլ շարունակի»,- նշել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2016 թվականի Գալիպոլիի ճակատամարտի 101 ամյակի միջոցառումներն ավանդականի պես անցկացնել մարտի 18-ին: 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու նպատակով պաշտոնական Անկարան հայտարարեց Գալիպոլիի 100 ամյակի միջոցառումներ ապրիլի 24-ին անցկացնելու մասին: Նախկինում, սակայն, այդ տոնակատարությունները երբևէ այդ օրը չէին անցկացվել. Գալիպոլիի միջոցառումները նշվել էին մարտի 18-ին:

Միջազգային խճանկար

Բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն անվանել է այն մարդուն, ում շնորհիվ դեռ մանուկ հասակում սեր է ձեռք բերել գիտության նկատմամբ: Այդ մարդը բրիտանահայ մաթեմատիկոս Տիգրան Թահթան է: «Նրա դասերը կենդանի էին և գրավիչ:  Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը: Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը»,- ասել է Հոքինգը՝ հավելելով, որ ցանկացած առանձնահատուկ մարդու հետևում կանգնած է առանձնահատուկ ուսուցիչ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ ամերիկյան ընկերությունները չպետք է արտադրեն այնպիսի hեռախոսներ ու շարժական սարքեր, որոնք չեն կարող խիստ անհրաժեշտության դեպքում հասանելի լինել իշխանությունների համար: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ մտադիր է մեկնաբանել ահաբեկչին պատկանող iPhone-ի «կոտրման» առիթով Apple ընկերության և ԱՄՆ արդարադատության նախարարության միջև ծագած վեճը: «Հարց է ծագում. եթե տեխնիկական տեսանկյունից կարելի է ստեղծել այնպիսի սարքավորում, որին հնարավոր չէ հասանելիություն ապահովել, կամ ստեղծել գաղտնագրման այնպիսի համակարգ, որը լիովին պաշտպանված կլինի հնարավոր «կոտրումից», ապա ինչպե՞ս կարող ենք ձերբակալել մանկական պոռնոգրաֆիա տարածողին կամ բացահայտել ահաբեկիչների դավադրությունը»,- նշել է Բարաք Օբաման:

Ժամանակակից կրթությունը պետք է ազատ լինի կրոնական դոգմանից: Միայն այդպիսի մոտեցման դեպքում կարելի է երեխաներին սովորեցնել ապագայում մշակել լայնամիտ ու արդար օրենքներ: Այդ մասին հայտարարել է տիբեթյան հոգևոր առաջնորդը Նոբելյան մրցանակակիրների համաժողովին  Ժնևում: «Հարգանք ու սեր. այս երկուսի հիման վրա մենք կարող ենք մշակել տարբեր տեսակի օրենքներ: Ու դա կարող ենք անել կրթության միջոցով: Բայց երբեմն կրթական համակարգի միջոցով է աճում ատելությունը: Այդ պատճառով մեզ պետք  է ավելի ամբողջական ու աշխարհիկ կրթություն: Պետք է կրթական համակարգված համակարգ, որը կհիմնվեր ոչ թե կրոնական դոգմաների, այլ գիտական մոտեցումների վրա»,-ասել է Դալայ լաման։

Սպորտ

Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»-ի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Մասնավորապես, անդրադառնալով գերմանական թիմի հարձակվողական ներուժին՝ Պոչետինոն նշել է, որ Օբամեյանգը, Ռոյսը և Մխիթարյանը համաշխարհային մակարդակի մեծ խաղացողներ են: «Նրանք կարող են խաղալ «Բարսելոնա»-ում կամ «Ռեալ»-ում»,- ասել է Մաուրիսիո Պոչետինոն: 

Ֆեյսբուքյան օգտատերեր Մխիթար Հայրապետյանը և Վահան Կոստանյանը հայտարարություն են տարածել, որում Հենրիխ Մխիթարյանին խնդրում են իրականացնել 13-ամյա Կառլենի երազանքը, որը հիվանդ է Թրիչեր Քոլինզի համախտանիշով: «Հաշվի առնելով այն փաստը, որ մարտի 25-ին Երևանում կայանալու է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը՝ պարզ է դառնում, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով վերադառնալու է հայրենիք։ Բոլորին կոչ ենք անում ակտիվ մասնակցել այս նախաձեռնությանը։ Միայն ձեր աջակցության շնորհիվ մեզ կհաջողվի կապ հաստատել Հենրիխի կամ նրա մերձավորներից որևէ մեկի հետ»,- ասված է նրանց հայտարարության մեջ:

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին Մոսկվայում Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելիս նշել է, որ իր ակնհայտ ցանկությունն է, որ Լևոն Արոնյանը հաղթի և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: «Ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն չէ, այլ օբյեկտիվ գնահատական, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշար: Կարծում եմ, որ սա իր համար լավագույն հնարավորություն է, և նա պետք է այս հնարավորությունն օգտագործի: Հակառակ պարագայում հետո շատ ավելի դժվար է լինելու»,- նշել է նախագահը: 

Մագնուս Կարլսենը Արոնյանին համարում է հավակնորդների մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկը։ «Ես կարծում եմ՝  հաղթողը լինելու է Կարուանա, Արոնյան, Կարյակին եռյակից մեկը: Իհարկե, սա միայն իմ կարծիքն է, սակայն եթե ես խաղադրույք կատարեի, ապա կընտրեի այդ երեքից մեկին: Չնայած Արոնյանի հետ տարիքային տարբերությանը՝ նրան չեմ դասում տարիքով մեծ շախմատիստների սերնդին, քանի որ մենք նրա հետ գրեթե միևնույն ժամանակ ենք սկսել խաղալ խոշոր մրցաշարերում: Ինձ համար Լևոնն ավելի շատ իմ սերնդի շախմատիստ է, քան Կարուանան,- ասել է Կարլսենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]