Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀԱՊԿ որոշ երկրների պահվածքից ՀՀ Նախագահի արտահայտած դժգոհությունը դրական արդյունք է տվել. Շարմազանով

ՀԱՊԿ որոշ երկրների պահվածքից ՀՀ Նախագահի արտահայտած դժգոհությունը դրական 
արդյունք է տվել. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշ երկրների դիրքորոշման կապակցությամբ ունեցած դժգոհության մասին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն անհետևանք չի մնացել և դրական արդյունք է տվել: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե հաշվի առնենք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը և համեմատենք այն մի քանի ամիս առաջ տիրող իրավիճակի հետ, կտեսնենք, որ դրական առաջընթաց կա: «Իհարկե դա բավարար չէ։ Այն, որ խնդիրներ կան, հասկանալի է։ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստերի ժամանակ պաշտպանում են այն դիրքորոշումները, որոնք չեն բխում հենց կազմակերպության պաշտոնական դիրքորոշումից։ Մեզ համար անընդունելի է, երբ մեր դաշնակիցները պասիվ դիրքորոշում են ընդունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է երկրի շահերից և արդարացված է: «Մենք մեզ ՀԱՊԿ լիիրավ անդամ ենք համարում։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ  Բելառուսի հետ մենք միշտ միասնական դիրքորոշում ենք ունեցել»,- հավելեց  նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ելույթում նշել էր, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ «Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»,-ընդգծել էր Սարգսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]