Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստորագրված ընտրացուցակների պաշտոնական հրապարակումը խախտում է անձի գաղտնիության իրավունքը. Դավիթ Հարությունյան

Ստորագրված ընտրացուցակների պաշտոնական հրապարակումը խախտում է անձի 
գաղտնիության իրավունքը. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստորագրված ընտրացուցակների պաշտոնական հրապարակումը խախտում է անձի գաղտնիության իրավունքը. Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերի դրույթները և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակման հետ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով  ընդդիմության կողմից հնչող տեսակետին, թե ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար հարկավոր է ընտրություններից հետո պաշտոնապես հրապարակել ստորագրված ցուցակները: «Այնուամենայնիվ, եթե բուն նպատակն ընտրական գործընթացի վերահսկողությունն է, այդ առումով մենք պատրաստ ենք մեխանիզմներ որոնել: Մենք հիմա ընտրական օրենսգրքով առաջարկել ենք մեխանիզմ, թե ինչպես կանխել կրկնաքվեարկությունները, այլոց փոխարեն քվեարկությունները: Այս առումով մեխանիզմները կատարելագործելու, ավելի պատշաճ դարձնելու առումով մենք, իհարկե, պատրաստ ենք համագործակցության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա նշեց, որ ստորագրված ցուցակների հրապարակման վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն է ներկայացրել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը: «Սահմանադրական դատարանը պաշտպանում է այն գաղափարը, որ ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը խախտում է անձանց գաղտնիության իրավունքը: Մենք այստեղ շատ հստակ տեսնում ենք Սահմանադրական դատարանի դիրքորոշումը: Ես ցանկանում եմ ընդգծել, որ արհեստական պահանջներ ներկայացնել պետք չէ: Պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է այս կամ այն պահանջը ներկայացվում և արդյոք տրված են պատշաճ գործիքներ այդ նպատակին հասնելու համար: Խորապես համոզված եմ, որ ցանկացած անձ՝ լինի դա վստահված անձ, թե դիտորդ, ունի բոլոր հնարավորությունները ընտրական ցուցակների մասին պատկերացում կազմելու, այն ճշգրտորեն արձանագրելու և դրա հիման վրա իր բողոքը ներկայացնելու, եթե կհամարի, որ բողոքի հիմքեր կան: Այս մեխանիզմը կատարելագործելու հիմքեր եթե կան, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ շարժվել, սակայն ոչ ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակման եղանակով»,- հստակեցրեց Հարությունյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ցանկացած վստահված անձ իր ընտրական տեղամսսում կարող է պահանջել և ստանալ ընտրական ցուցակները, ծանոթանալ դրանց, քաղվածքներ անել ու ներկայացնել իր բողոքը: «Ցուցակների լուսանկարահանումն արգելված է, որովհետև եթե հրապարակվի, կստացվի պաշտոնական հրապարակում, ինչն արգելված է: Սակայն բոլոր հնարավորությունները կան, որպեսզի կասկածներ ունեցող անձն անի իր հետևությունները և անհրաժեշտության դեպքում ներկայացնի իր բողոքը»,- եզրափակեց Հարությունյանը:

Հայաստանում 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Նոր Սահմանադրությամբ ՀՀ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի մինչև 2016թ. հունիսի 1-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]