1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Որակի և համապատասխանության հավասարակշռության խնդիրը մեր հիմնական ուղենիշն է լինելու. Լևոն Մկրտչյան

Որակի և համապատասխանության հավասարակշռության խնդիրը մեր հիմնական ուղենիշն է 
լինելու. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, բացման խոսքում  նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտում ցանկացած հետազոտություն պետք է նպաստի համակարգում որակական փոփոխությունների ապահովմանը:

«Կրթական համակարգի բարեփոխումները, որոնք սկսվել են  անկախության 10-րդ տարվանից և շարունակվում են առ այսօր, երկու կարևոր նպատակի են միտված՝ որակի և համապատասխանության ապահովմանը: Սա նշանակում է նախ, որ մեր կրթական համակարգն  իր ձևով պետք է համապատասխանի եվրոպական և առաջադեմ միջազգային կրթական չափանիշներին՝ ընդունելի և ընթեռնելի լինի միջազգային կրթական  ընդհանուր համակարգի մեջ:

Երկրորդ, որն առավել կարևոր բաղաղրիչ է, կրթության որակի խնդիրն է: Այսինքն, եթե մենք ձևը ներմուծում ենք՝ դրա մեջ չդնելով որակ, մեր աշխատանքը կորցնում է իր հիմնական նպատակը: Որակի և համապատասխանության հավասարակշռության  խնդիրը  մեր հիմնական ուղենիշն է լինելու: Այն փուլում, երբ մենք ներմուծում էինք համակարգեր, որոնք նորամուծություն էին մեզ համար՝ սկսած դասագրքերից,  տեխնիկական ապահովման բաղադրիչներից և կրթական չափորոշիչներից, ձևը դարձավ գերակա:

Մենք Հայաստանի Հանրապետությունում չունեինք համապատասխան փորձ, անկախ պետության կրթական կարիքներին բնորոշ օրենսդրություն, որը փորձեցինք ստանալ խորհրդային և միջազգային օրենսդրության միախառնմամբ, սրան գումարած նաև վատ էր դպրոցների տեխնիկական վիճակը, քիչ էր ֆինանսավորումը:

Այս տարիների ընթացքում փորձել ենք այս հարցերին լուծում գտնել, բայց նաև նշված գործոններով պայմանավորված՝ սկզբնական փուլում մենք ունեցանք բովանդակային կորուստներ: Բայց հիմա մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ բարեփոխումների կառուցվածքը՝ հիմնական կմախքը, արդեն կա, ու եթե չկարողանաք դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, մենք կարող ենք կորցնել կրթական ազգային համակարգը»,-իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ կրթական բարեփոխումների ու որակի խնդիրը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ:

«Կրթական ընդհանուր շղթայի մեջ երկու կարևոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել և կյանք մտնել՝ դրանցից առաջինը հանրակրթության ոլորտում ավագ դպրոցն է և բարձրագույն կրթության ոլորտում՝ մագիստրատուրան»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով, ավագ դպրոցներն իրենց բովանդակությամբ պետք է դառնային գերազանցության կենտրոններ, որտեղ աշակերտը կստանար նախամասնագիտական հստակ կողմնորոշում. գաղափար, որն այսօր առաջարկվում է Արարատյան բակալավրիատի ծրագրով:

«Գերազանցության գաղափարը, որը դրված էր ավագ դպրոցի ստեղծման հիմքում, չի իրագործվել և այն բերել է կրթական համակարգի ընդհանուր շղթայի խաթարման, որից և այսօր առկա է հանրային դժգոհություն: Երկրորդ կարևոր բացթողումը կրթական ընդհանուր շղթայում մագիստրատուրան է: Մենք խնդիր ունենք մագիստրոսական կրթության տեղը հստակեցնել նախ աշխատաշուկայում, ապա նաև կրթական բովանդակության տեսանկյունից»,-նշել է նախարարը և հավելել, որ կատարված հետազոտական աշխատանքն անպայման պետք է նպաստի կրթական ընդհանուր շղթայի ներդաշնակ աշխատանքին:

Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ ավագ դպրոցի բարեփոխումն այն անկյունաքարն է, որը կարող է կարգավորել կրթության ամբողջական շղթան և ուրվագծել կրթական համակարգի հեռանկարը. «Առանց տեսլականի կրթական համակարգ չի լինում: Չկա որպես այդպիսին միջազգային կրթական համակարգի չափանիշ: Կրթական համակարգը միջազգային է դառնում իր ստեղծած արժեքներով. առանց ազգային արժեքների մենք չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ»,-իր խոսքն ամփոփել է Լևոն Մկրտչյանը: Նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնել, որ կծավալվի մասնագիտական ազնիվ  բանավեճ:

ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի աշխատանքը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]