Թուրքիայի ԱԳՆ-ն քննություն է սկսել Ծիծեռնակաբերդի լուսանկարի հետ կապված

09:31, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատկերող լուսանկարը հայտնվել Չանաքքալեի ճակատամարտին նվիրված օրացույցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական CNN Turk լրատվականին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աշխատակիցներից մեկը:

Թուրքական լրատվամիջոցին չբացահայտված աղբյուրը հայտնել է, որ կատարվածի պատասխանատուի նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն: Դեպքի բացահայտումից հետո թուրքական լրատվամիջոցները դադարել են տարածել տեղեկատվությունն այդ մասին:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հրապարակել և սկսել էին տարածել Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված պաշտոնական օրացույցի մի ուշագրավ լուսանկար: Ապրիլ ամսվա էջում այլ լուսանկարների կողքին տեղադրված էր նաև Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը:


© 2009 ARMENPRESS.am