Բարեգործական ցուցահանդես` Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում

20:34, 21 Դեկտեմբեր, 2010

ՎԱՆԱՁՈՐ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում այսօր բացվեց լուսանկարիչ Ռոբերտ Արսենյանի (Շահնազարյան) «Սեւ եւ գունավոր աշխարհ» գեղարվեստական լուսանկարչության բարեգործական ցուցահանդեսը: Միաժամանակ նաեւ եղավ նրա լուսանկարների` «Վան Արյան» հրատարակչատան կողմից լույսընծայված ժողովածուի շնորհանդեսը:

 

70-ամյա Ռոբերտ Արսենյանը, ինչպես բացման խոսքում նշեց հրատարակչատան տնօրեն, արձակագիր Վիլյամ Պողոսյանը, Վանաձորի կոլորիտը պահպանող մտավորական-ստեղծագործողներից է, ով, երկար տարիներ աշխատելով որպես լուսանկարիչ-լրագրող, իր լուսանկարներում հավերժացրել, սերունդների համար պահպանել է քաղաքի թե’ լուսավոր, թե’ ողբերգական վայրկյանները:

 

Ըստ Ռ. Արսենյանի` իր ստեղծագործական կյանքը սկսվել է 14 տարեկանում, երբ մայրն իրեն էժանագին մի լուսանկարչական ապարատ նվիրեց: Ցուցահանդեսում ամփոփված են Ռ. Արսենյանի` երկար տարիների ընթացքում կատարած գեղարվեստական լուսանկարչության 141 անգույն ու գունավոր լավագույն գործերը: Միաժամանակ հանգանակություն էր կազմակերպվել, որից ստացված ողջ հասույթը կուղղվի զոհված ազատամարտիկների ընտանիքների, սոցիալապես անապահով երեխաների կարիքները հոգալուն:


© 2009 ARMENPRESS.am