Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն: Շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները լիարժեք և արդյունավետ չեն կարող լինել առանց կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարության մասնակցության: Նա հայտարարեց ԱԺ ամբիոնից, որ դա նախատեսված է Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով: Խոսելով հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման անհրաժեշտության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի ու դրա իրացման միջազգային ճանաչումը: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով վերոնշյալ սկզբունքային դիրքորոշումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումների մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի հստակ ուղերձ լինի, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախում ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չի կարող խոսք գնալ փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է  Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն կարծիքին չէ, որ միջազգային հանրությունն անցած տարիների ընթացքում հանդուրժել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, սակայն գտնում է, որ միջազգային հանրության հակազդեցությունը ադրբեջանական հռետորաբանությանը պետք է լինի ավելի գործնական:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդլըրըմն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությանը, սակայն, կրկնելով Անկարայի նախապայմանները:

Հայաստան և աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական հեռագիր Է ուղարկել Փաշինյանին՝ մասնավորապես նշելով. «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում ՌԴ հավասարակշռված դիրքորոշման համար: Այս մասին նա Վլադիմիր Պուտինին հայտնել է մայիսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: «Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք եւ քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ պայմանավորվել են քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը կոչ է անում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել, մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտել Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները Կրեմլը համարում է անհաջող և գտնում է, որ դրանց վրա պետք չէ ուշադրություն դարձնել: «Դրանք անհաջող և ոչ տեղին արտահայտություններն էին, որոնց վրա պետք չէ ուշադրություն դարձնել»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Եվրոպական Միության  միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հեռախոսազրույց են ունեցել: ԵՄ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ֆեդերիկա Մոգերինին վարչապետ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել:

Հայաստանը շահագրգռված է երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա պնդմամբ՝ ռուսական ռազմաբազայի առկայությունը պետք է Հայաստանին և հայ-ռուսական հարաբերություններին: ՀՀ նախագահը շեշտել է, որ բազան անհրաժեշտ է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի պահպանման համար։ «Հայաստանի բանակը շատ մոտ է ռուսական բանակին։ Մեր բանակը տեխնիկապես հագեցվում է Ռուսաստանի կողմից։ Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են»,- նշել է Արմեն Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որտեղ, մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին:  Վարչապետն իր խոսքում նշել է․ «Մեր կուսակցության («Քաղաքացիական պայմանագիր»- խմբ.) ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»: 

ՀՀ-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ: «Արմենպրես»-ին հաջողվեց ճշտել, որ օտարերկրացիները փորձել են Ադրբեջանի կողմից սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք: 

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ նոր ձևավորվելիք կառավարության առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանում, Արցախում և սփյուռքում ձևավորել ազգային համերաշխության մթնոլորտ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նոր կառավարության խնդիրն է լինելու նաև Հայաստանում օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնության հաստատումը: «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր ուզած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը: Մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ, վստահեցրեց ՀՀ Նիկոլ Փաշինյանը. «Մենք հավատարիմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, համոզված ենք, որ միայն ոճրի ճանաչման միջոցով հնարավոր է կանխարգելել նման հանցագործությունները»։ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ին հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

ՀՀ նախագահի նստավայրում մայիսի 8-ին կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը: Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա:  Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը: Շարմազանովն այս մասին ասաց խորհրդարանում վարչապետի ընտրությունից հետո րագրողների հետ զրույցում: «Քաղաքական ուժըորը իրեն համարում է պետական գաղափարախոսության կրողչպիտի առաջնորդվի վերմակը իր վրա գցելովԵրբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալովոր դա է այս պահին իրական ճանապարհըԵս ինքս դեմ եմ քվեարկելև առհասարակ մեր հավաքական կարծիքը Փաշինյանի քաղաքական լիդերությանվարչապետության վերաբերյալ չենք փոխելբայց կան իրողություններմենք չենք կարող հաշվի չնստել իրողությունների հետ»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Վանեցյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ փոխվարչապետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակել Սուրեն Պապիկյանին, իսկ Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին ստորագրել է հրամանագիր` Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը։ Նախագահի այլ հրամանագրերով ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ արդադադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը և ՀՀ առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանը։ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Լևոն Վահրադյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար: Եվս ևս երկու հրամանագրերով նախագահն Արթուր Գրիգորյանին նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, իսկ Հրաչյա Ռոստոմյանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը, ՀՀ բնապահպանության նախարար՝ Էրիկ Գրիգորյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար՝ Արծվիկ Մինասյանը և ՀՀ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցը։ 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել, որպեսզի բոլոր զինծառայողներն ապահովված լինեն հիգիենիկ պարագանքերով, զինվորական հագուստով, կոշիկով ու որակյալ սննդով։

Եթե երիտասարդների ու ոստիկանների միջև որևէ բախում գրանցվեր, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կկանգներ նրանց երկուսի արանքում՝ դա թույլ չտալով նման միջադեպեր: Նման դիտարկում ՀՀ նախագահն արել է «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում: «Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է: Եթե ժողովուրդը կանգնած է հրապարակում, ապա ես պետք է այնտեղ լինեմ: Եթե ժողովուրդն առաջնագծում է՝ ես պետք է այնտեղ լինեմ: Ես այլ լծակ չունեմ, և ամենայն հավանականությամբ չեմ էլ ունենա: Այդպիսին է մեր Սահմանադրությունը, ես չեմ այն գրել: Սակայն երբ ես համաձայնվում էի, գիտեի, թե ուր եմ գալիս»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, թե պատգամավորներ ՀՀԿ-ական Գրիգոր Ավալյանին և դաշնակցական Աղվան Վարդանյանին ներկայացվող՝ մանդատից հրաժարվելու պահանջը հակասահմանադրական է:

Հայաստանի քաղաքացիների 99,1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը: Այս մասին, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք»-ն, ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ  տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 0.6 տոկոսը, իսկ «Իմ քայլը» շարժմանը բացասական է արձագանքել հարցվածների 0.1 տոկոսը;

Պետական եկամուտների կոմիտեն 2018թ.-ի հունվար-ապրիլին ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է վերջին 19 ամսում ՏՀՏ ոլորտի հիմնական ձեռքբերումները. 2017թ. ՏՀՏ բնագավառի ծավալը 2016 թվականի նկատմամբ աճել է 5,3%-ով և կազմել 233,8 մլրդ դրամ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով և կազմել շուրջ 76 մլրդ դրամ:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ ներդրվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող հարցումների միասնական www.e-request.am  հարթակը: Հարթակի նպատակն է քաղաքացիներին ընձեռել հնարավորություն  էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարցում, դիմում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին և էլեկտրոնային եղանակով ստանալ պատասխան:

Եռատոն

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մենք միշտ հիշում ենք մեր հերոս հայրերի ու պապերի սխրագործությունները Մեծ Հայրենականումմենք դաստիարակվել ենք նրանց օրինակով ու նաեւ այդ  օրինակով էլ ոգեշնչված ազատագրել ենք Շուշինհայկական հինավուրց բնակավայրերը եւ կերտել ազատ ու անկախ պետականություն: Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդըշարունակում է պատվով ու վստահորեն՝ հարստացնելով մեր տարեգրության հաղթական էջերը»։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում և աչքերում։ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, չեմ կասկածում, որ վերջին իրադարձություններով ավելի ամրապնդված հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ։ Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու մի խումբ պաշտոնատար այրեր, հասարակական գործիչներ Ստեփանակերտի հուշահամալիրում մասնակցեցին Հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողությանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել  Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես. նշվում է. «Քաջության, հերոսության եւ հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին: Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխիստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին»: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  Երևանի Հաղթանակի զբոսայգում մասնակցեց Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարություններին: Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը շնորհավորեց բոլորին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով. «Այսօր հաղթության օր է, նաև կարող ենք ասել, որ նոր հանրապետության առաջին օրն է և այդ օրը հաղթական է:Մեր երկրում շատ բան է փոխվել երեկվանից հետո: Այսօր մենք ունենք նոր վարչապետ և ժողովրդի մեծ մասը, երիտասարդները մեծ հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ, և վաղը չէ մյուս օրը ավելի լավ է լինելու, քան վաղը»։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Գոհություն Տիրոջը, որ մեր ժողովրդի զավակները լի են վճռականությամբ ու նախանձախնդրությամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու և նորանոր իրագործումներով կերտելու լուսավոր ու պայծառ գալիքը ազգի և հայրենյաց»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համա­քաղա­քա­ցիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցու­թյամբ: Այս օրը երիցս ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, շարունակելով իր պատմական երթը, սերնդեսերունդ փոխանցելու է ցնծության և հպարտության զգացումը մայիսյան հաղթանակների համար»:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Սփյուռք

Հայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները: Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ամփոփվում են, սակայն նախնական տվյալներով արդեն  պարզ է, թե հայ համայնքին հատկացրած վեց պատգամավորական աթոռից 5-ը ովքեր են զբաղեցնելու:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ամենահայտնի նահանգապետերից  մեկը՝ ամերիկահայ Ջորջ Դոքմեջյանը մահացել է: Սյս մասին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միությունից: ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել այն անձանց, որոնց կյանքի և անձնական համոզմունքների  վրա դրական անդրադարձ է ունեցել Ջորջ Դոքմեջյանի գործունեությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին` Ջորջ Դոքմեջյանի մահվան կապակցությամբ:

Միջազգային խճանկար

Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը նշում Է, որ Ռուսաստանին այժմ վերափոխումներ են հարկավոր, այդ թվում՝ 59 տոկոսը հանդես Է գալիս ոլորտների մեծ մասում փոփոխություններ կատարելու օգտին, եւ երկրի բնակիչների միայն 2 տոկոսն Է այն կարծիքին, որ որեւԷ փոխոխության կարիք չկա: Դա ցույց Է տվել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցումը

Վլադիմիր Պուտինն ստանձնել Է Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր ժամկետով: Դա հայտարարել Է Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն այն բանից հետո, երբ Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Անդրեեւյան դահլիճում ընդունեց նախագահական նշանը եւ երդում տվեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին ԽՍՀՄ-ի երկրների ղեկավարներին եւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել Է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են իրանական միջուկային գործարքը պահպանելու կարեւորությունը դրանից միակողմանի կարգով ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին: Գերմանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Ուկարինայի եւ Սիրիայի թեմաները:

Իսրայելի օդուժն ի պատասխան գիշերվա հրթիռակոծման գրոհել Է Սիրիայում Իրանի տասնյակ օբյեկտների եւ հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա, ինչի մասին հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակը: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածներ են հասցրել Լիբանանի օդային տարածությունից:

Մշակույթ

Երևանում, Հենրիկ Իգիթյանի անվան Ազգային գեղագիտական կենտրոնում բացվեց անվանի գեղանկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ներկայացված էին ուղիղ հարյուր մեծ ու փոքր գեղանկարներ: Ինչպես ասաց նկարչի դուստրը՝ Լուիզա Էլիբեկյանը, դրանք բոլորը այն նկարներն են, որ Վաղարշակ Էլիբեկյանը նվիրում էր իր դստերը՝ մեկական նկար յուրաքանչյուր թոռան՝ Արմինեի ու Վահանի համար։ 

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չհաղթահարեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչը և չկարողացավ անցնել եզարափակիչ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը փոխում է «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի մեթոդաբանությունը: Հրատարակչությունների հետ քննարկման արդյունքում այսուհետև մենք վարկանիշային աղյուսակը կներկայացնենք հետևյալ կերպ. հրատարակչություններն ամեն ամիս կկազմեն գրական արժեք ներկայացնող գրքերի ցանկը, որը կուղարկեն «Արմենպրես»: Ցանկը կդիտարկվի գրականագետների կողմից, և արդյունքում կազմված գրքերի ցուցակը կուղարկվի գրախանութներ, որպեսզի նրանք մեզ փոխանցեն վաճառքի տվյալները:

Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթում կրտսեր և ավագ ենթախմբերում մրցանակներ հանձնվեցին երրորդ, երկրորդ և առաջին տեղերի համար: Մրցույթի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը անցկացվեցին մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը` Հայաստանի կոմպոզիտորների միությունում:

Սպորտ

Հայաստանցի պատանի ձյուդոիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Հայ հրաձիգները Չեխիայի Պլզեն քաղաքում մասնակցում էին «Չեխիայի 49-րդ Գրան պրի» միջազգային առաջնությանը, որտեղ թիմային հաշվարկում գրավեցին երրորդ տեղը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեց 144 շախմատիստ: Մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է Շվեդիայի գավաթակիր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերանշանակված մարզիչ Վարդան Մինասյանը կարող է օգնել ազգային ընտրանին դուրս գալ դժվարին իրավիճակից: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը մեծ վստահություն ունի ընտրանու նոր ներուժի վրա: «Մինասյանը «դուխով» է և ոգևորված: Նա ասում է, որ ունենք հնարավորություն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու»,-շեշտեց ՀՖՖ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am