Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 5/6. Սիրված և հաջողված նախագիծը ներկայանում է նոր մեթոդաբանությամբ  

Երևանյան բեսթսելեր 5/6. Սիրված և հաջողված նախագիծը ներկայանում է նոր 
մեթոդաբանությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը փոխում է «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի մեթոդաբանությունը: Հրատարակչությունների հետ քննարկման արդյունքում այսուհետև մենք վարկանիշային աղյուսակը կներկայացնենք հետևյալ կերպ. հրատարակչություններն ամեն ամիս կկազմեն գրական արժեք ներկայացնող գրքերի ցանկը, որը կուղարկեն «Արմենպրես»: Ցանկը կդիտարկվի գրականագետների կողմից, և արդյունքում կազմված գրքերի ցուցակը կուղարկվի գրախանութներ, որպեսզի նրանք մեզ փոխանցեն վաճառքի տվյալները:

Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» երկը: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երկրորդ տեղը զբաղեցրել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Երրորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Ամենավաճառվածների ցանկի չորրորդ հորիզոնականում է «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենահայտնի գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Հինգերորդ հորիզոնականում է Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Անգլերենից թարգմանել է Հայկ Ֆելեքյանը:

 «Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն վեցերորդն է: Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Թարգմանել է Վանուհի Բաղմանյանը:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը կրկին մեր ցանկում է: Այն յոթերորդն է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանել է Արտաշես Էմինը, խմբագրել՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ջորջ Օրուելի «1984» վեպը ութերորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում: Վեպը թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը։

Իններորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպն է: Գերմանացի մեծանուն գրողի այս երկը նրա ամենահայտնի գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանիչն է Արա Առաքելյանը, խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը եզրափակում է աղյուսակը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից : Թարգմանիչն է Ալինա Միրզոյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բոլոր այն հրատարակչությունները, որոնք կցանկանան մասնակցել վարկանիշային աղյուսակի կազմմանը, կարող են իրենց դիտարկվող գրքերի անվանումները ներառող ցանկը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ թեմայի դաշտում նշելով. «Երևանյան բեսթսելեր»: Մեր գրականագետները կդիտարկեն ձեր ուղարկած ստեղծագործությունների գրական արժեք լինելու հանգամանքը, և, հնարավոր է, այդ գրքերը նույնպես տեղ գտնեն մեր վարկանիշային աղյուսակում:

Տեղեկացնում ենք նաև, որ ցանկում այլևս տեղ չեն գտնելու նախկինում «Արմենպրես»-ի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության որևէ մրցանակի արժանացած գրքերը՝ բացառությամբ այն դեպքի, երբ գիրքը նոր հրատարակություն է:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգնսթոն ճայը»

Անտարես 14
2 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 10
3 +4

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 9
4 *

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 8
5 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 8
6 *

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Հաղթական կամար»

Էդիթ Պրինտ 7
7 -2

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 7
8 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 6
9 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 6
10 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Դիտարկվող գրքերի ցանկը` առ ս.թ. մարտի 3-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]