Մշակույթ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ

2 րոպեի ընթերցում

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, համագործակցելով Green Rock-ի հետ, հուլիսի 22-ին բացօթյա համերգով հանդես կգա Դիլիջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մշակութային յուրահատուկ երեկոն կանցկացվի Դիլիջանի քաղաքային լճի հարևանությամբ։ Համերգին քաղաքի բնակիչներն ու հյուրերը կվայելեն սիրված կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի ստեղածագործությունները:

Միջոցառման նպատակն է մշակույթը դարձնել համայնքային կյանքի կարևոր բաղադրիչներից մեկն ու նպաստել Դիլիջանի մշակութային միջավայրի զարգացմանը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծում է՝ Դիլիջանը միշտ եղել է Հայաստանի երաժշտական կարևորագույն կենտրոններից մեկը։

«Պատահական չէ, որ հենց այստեղ է գտնվում Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որը տասնամյակներ շարունակ ոգեշնչման աղբյուր է եղել մեծանուն կոմպոզիտորների համար: Մենք անչափ ուրախ ենք, որ Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Green Rock-ի համագործակցությամբ նպաստում ենք այս հրաշալի ավանդույթների վերականգնմանը՝ Դիլիջանի սրտում հնչեցնելով բարձրարժեք երաժշտություն»,-նշում է նա և հավելում՝ համերգային ծրագրում ընդգրկել են Առնո Բաբաջանյանի սիրված երգերը, ինչը նույնպես խորհրդանշական է, քանի որ նա հաճախ է հյուրընկալվել և ստեղծագործել Դիլիջանում։

Թոփչյանը նկատում է՝ Բաբաջանյանի երաժշտական ժառանգությունը հայկական մշակույթի անգնահատելի գանձերից է, որն աչքի է ընկնում իր բացառիկ քնարականությամբ, անսահման ջերմությամբ, ժողովրդական ու արդիական հարմոնիաների ու ռիթմերի ինքնատիպ համադրությամբ. այն ապրում է սերունդների սրտում և հիշողության մեջ:

Նա հույս ունի, որ սպասվող երեկոն դիլիջանցիներին անմոռանալի պահեր կպարգևի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում