Մշակույթ

Կայացավ «Վազգեն Պողոսյան» գրքի շնորհանդեսը

5 րոպեի ընթերցում

Կայացավ «Վազգեն Պողոսյան» գրքի շնորհանդեսը

Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ վաստակավոր շինարար, պետական մրցանակի դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պետական ու հասարակական գործիչ Վազգեն Պողոսյանին նվիրված գրքի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ գիրքը հեղինակել է տեխնիկական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, գրող Առուշան Հակոբյանը։

Շնորհանդեսին մասնակցում էին Վազգեն Պողոսյանի հետ կյանքի ընդհանուր ճանապարհ անցած գրողներ, մտավորականներ, պետական, քաղաքական, զինվորական ու հասարակական գործիչներ, գործընկերներ, դասընկերներ, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, պաշտոնատար այլ անձինք։

Բացման խոսքով հանդես եկավ գրքի հեղինակը: «Գիրք-Էսսեն նվիրված է հմուտ և փորձառու ինժեներ-շինարար, բարեգործ Վազգեն Պողոսյանի անցած ուղուն և արդյունավետ գործունեությանը։ Նա իր մարդասեր մոտեցումներով, հայրենանվիրությամբ, աշխատանքի նկատմամբ պահանջկոտությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով արժանացել է իր հետ առնչվող մարդկանց սիրուն ու հարգանքին։ Իր գործունեության ընթացքում Վազգեն Պողոսյանը հասել է բազմաթիվ հաջողությունների։ Բազմիցս է ձեռք մեկնել կարիքավոր ու անապահով մարդկանց։ Նա եղել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի երկու գումարումների պատգամավոր, երկար տարիներ ղեկավարել «Երևանշին» ընկերությունը, իրականացրել համազգային ու հանրային կարևորագույն նշանակության բազմաթիվ կառույցներ։

Վազգեն Պողոսյանը ղեկավարել և իրականացրել է ճարտարապետական և ծավալատարածական լուծումներով թերևս եզակի նախագիծ ունեցող Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցումը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի, Հանրապետության հրապարակի, վերակառուցման և նորոգման, Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման, զինվորական և պաշտպանական օբյեկտների, մի շարք այլ կառույցների շինարարական աշխատանքները։ Նա մշտապես արժևորել ու կարևորել է շինարարությունը ու համոզված է, որ յուրաքանչյուր դարաշրջանի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը տվյալ ժամանակաշրջանի արտացոլանքն են։ Վազգեն Պողոսյանի բարեգործական կարևոր ձեռնարկներից մեկը իր ծննդավայր Գեղհովիտի Թուխ Մանուկ մատուռի վերակառուցումն էր, որը ևս, մյուս կառույցների պես, ապրելու է դարերի ու սերունդների հիշողության մեջ։ Նրա հեղինակած գրքերի մեջ առանձնանում է «Գեղհովիտ» հանրագիտարանային նշանակության գիրքը, ուր ներկայացված են հայրենի գյուղի պատմամշակութային ու բնության հուշարձանները, տոհմերը, նշանավոր մարդիկ, պատմական իրադարձությունները։ Նա շատ է ճամփորդել Արևմտյան Հայաստանում՝ իր պապերի երկրում, անձամբ այցելել իր պապերի ծննդավայր հանդիսացող Ալաշկերտի Քոփկռան գյուղ, գտել իր պապի ջրաղացը, նույնիսկ բարձրացել է Արարատի գագաթ։ Բազում են այն շնորհներն ու արժանիքները, որ իր մեջ կրում է Վազգեն Պողոսյան մարդն ու քաղաքացին»,-նշեց Առուշան Հակոբյանը։

Վազգեն Պողոսյանի գործունեության, բարեգործական տարբեր ձեռնարկների, այլ արժանիքների մասին խոսեցին գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Համահայկական գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մերուժան Գալստյանը, ԶՈՒ և ոստիկանության պահեստի գնդապետ Անդրանիկ Հակոբյանը, լրագրող Հակոբ Մարտունին, այլ բանախոսներ։

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ գրքի հերոսը՝ Վազգեն Պողոսյանը։ «Ձեր գրառումների, մտորումների ու խոսքերի մեջ ես ոչ միայն ինձ եմ տեսնում, այլ նաև ձեր ապրած ժամանակը, մարդկանց, որոնք  իմաստ ու բովանդակություն են  հաղորդել մեր անցած ճանապարհին, այն զարդարել ապրող ու մնայուն գործերով։ Որքան էլ փորձենք անձնավորել մեր գիրն ու գնահատականը, այն մեզ շրջապատող աշխարհի մեջ է, մարդկանց մեջ է, որոնց հետ ու որոնց կողքին ձևավորվել է մեզնից յուրաքանչյուրն առանձին-առանձին։ Երախտապարտ եմ ձեր ելույթներում հնչեցրած գնահատականների ու հիշողությունների  համար։ Համոզված եմ, որ այս գիրքը կապրի՝ իր հետ ապրեցնելով նաև ինձ համար արժեքավոր շատ ու շատ անուններ»,-նշեց Վազգեն Պողոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում