Մշակույթ

Պարույր Սևակ. մեկ դար և հավերժություն

18 րոպեի ընթերցում

Պարույր Սևակ. մեկ դար և հավերժություն

«Ինքնակենսագրություն գրել, նշանակում է վերհիշել անցյալը։ Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն՝ ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել»։

Պարույր Սևակ, «Անցյալը ներկայացրած», 1965թ.

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Վեդու շրջանի Չանախչի գյուղում (այժմյան Զանգակատուն)։

«Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն՝ «Քառասուն ձոր, ամեն ձորում էլ՝ քառասուն ձոր»։

1930 թվականից հաճախել է գյուղական դպրոց՝ արդեն գրաճանաչ և թվաբանական չորս գործողություններին տեղյակ։ Սիրել է բոլոր առարկաները, այդ թվում նաև ֆիզիկա-մաթեմատիկականները։

«Դժվարանում եմ ասել, թե ի՞նչն էր ավելի մեծ հաճույք պատճառում. երազած վեպի ընթերցանությո՞ւնը, թե՞ երկրաչափական խնդիրների լուծումը»։

Պարույրի ուսուցիչներից յուրաքանչյուրը համոզված էր, որ պիտի ուսումը շարունակեր իր առարկայի խորացմամբ, սակայն 1940-ին Չանախչիի դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց գրականության և լեզվի բաժինը։

«…հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և մորիցս, եթե սա իմանար, թե ինչ բան է բանասիրականը, և ինչու եմ ընդունվել այդ բաժանմունքը»…

Պարույրի հայրը գրաճանաչ էր, մայրը՝ տառերն անգամ չգիտեր։ Երեխաները հաճախ էին մոր հոգին հանում, թե բա այբուբենի ամենահեշտ գրվող տառը «ս»-ն է, դա՞ էլ չգիտես։ Չգիտեր։ Բայց մոր սիրտը ցանկանում էր, որ զավակը էն «Գիքորը» գրողի պես մարդ դառնա։

«Ես՝ գաղտնիքս մեծ-ինքս փոքրիկ, արդեն վաղո՜ւց համոզված էի (ո՛չ թե երազում էի, այլ համոզվա՛ծ էի), որ դառնալու եմ էն «Գիքորը» գրողի պես մարդ, այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ... Աստված։ Եվ կյանքիս առաջին մեծ զարմանքն էր, թե որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես»…

Մի վախեցեք անկեղծ խոսքից,

Անկեղծ խոսքը չի սպանում,

Փակ խոցեր է միայն բանում։

Տասնմեկ տարեկան Պարույրը գրել է առաջին ոտանավորը։ Այն ինչի մասին չէր, այլ՝ ում։ Զինաիդայի մասին։ Զինաիդան էլ դասընկերուհին չէր, այլ՝ Տուրգենևի հերոսուհին։

Գրականագետ Դավիթ Գասպարյանն իր «Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը» գրքում գրում է, որ Պարույրն իր առաջին բանաստեղծությունը թղթին հանձնեց նույն այն տարիներին, երբ կյանքի վերջին օրերն էր ապրում իր մեծագույն նախորդը՝ Եղիշե Չարենցը: Երբ իմացել է, որ Չարենցի գրքերը հանելու են գրադարանից, «Գիրք ճանապարհի»-ի մի օրինակ գողացել ու տուն է տարել։ Ընթերցումից հետո էլ գրել է.

«Հասկացա, որ ես…բանաստեղծ չեմ։

Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը։

Հասկացա, որովհետև մինչ այդ կարծում էի, թե բանաստեղծությունը ոտանավոր գրելն է՝ օրացույցային այս կամ այն թվականի առթիվ, գովքն է հանճարեղ առաջնորդի կամ նրա մարտական զինակցի…

…իսկ հիմա սկսում էի հասկանալ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը»։

1942 թվականին «Սովետական Հայաստան» ամսագրում տպագրվել է Պարույրի առաջին բանաստեղծությունը՝ «Անխորագիր» վերնագրով.

․․․ Ես նոր մի պոետ, անհայտ տակավին,

Խոհերի անտես մակույկին նստած՝

Չգիտեմ արդյոք կլինի՞ քամի,

Որ առաջ մղի իմ առագաստը,

Թե ինքս պիտի շապիկն իմ՝ կայմին

Առագաստ շինեմ, նոր լինեմ վստահ…

Գրականագետ Ռուբեն Զարյանը «Անխորագիր»-ը կարդալուց հետո, Պարույրին նմանեցնելով եղեռնազոհ բանաստեղծ Ռուբեն Սևակին, նրան կնքում է «Սևակ» կեղծանվամբ։

Պարույրի ընկեր Լևոն Հախվերդյանն այդ դեպքի մասին իր հուշերում գրել է. «…Ինքը, առաջին անգամ տպագրվող տասնութամյա բանաստեղծ, հլու խմբագրի բարյացակամ վերաբերմունքին, չի դիմադրել։ Եվ այդպես էլ չկամեցավ ասել՝ գո՞հ է դրանից, թե՞ դժգոհ՝ եղավ, էլի»։

1948-ին Սևակը տպագրության հանձնեց բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Անմահները հրամայում են»։ Իսկ ի՞նչ են հրամայում անմահները։ Նրանք հրամայում են քաղաքացիական ազնվություն ու նվիրաբերում, այլապես «թեթևության համար դարը մեզ չի ներում»։

Անմահները պատգամում էին՝

Զգա շունչը դարի, երակներո՜վ, արյամբ,
Մեր արյան պես եղիր վառ ու անմեռ…

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշում է, որ Պարույր Սևակի դերը, ինչպես իր ստեղծագործելու շրջանում, այնպես էլ դրանից հետո շատ մեծ է մեր գրականության համար. «Նա ամենաազդեցիկ բանաստեղծներից մեկն է մինչ այսօր»։

Անմահներին հետևեցին «Սիրո ճանապարհ»-ը, «Նորից քեզ հետ»-ը, որտեղ տպագրվեց առաջին զավակին՝ Հրաչյա Ղազարյանին նվիրված «Որդուս» բանաստեղծությունը.

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալիկս, կմեծանաս,  

Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,  

Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,  

Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին…

«Մինչ որդու ծնվելը Պարույրը, վստահ, որ տղա է ծնվելու, ասում էր ամենաիսկական երկյուղով՝ բա որ գիրք չսիրի՞, գրասեր չլինի՞…»,-հիշում է Լևոն Հախվերդյանը,-«…Հոր կռահումը ճիշտ էր՝ տղա ունեցավ, իսկ երկյուղը՝ ավելորդ. Հրաչիկ Ղազարյանը մոլի գրքասեր դարձավ՝ դեռ նախքան հնագետ դառնալը»։

Պարույր Սևակն ու որդիները
Պարույր Սևակն ու որդիները

Ընկերը Պարույրի գրքասիրությունը բնորոշել է որպես սեր-մոլեգնություն և սեր-խանդաղատանք, կիրք ու հիվանդություն։ Պարույրը ձեռքն էր առնում արժեցող, մանավանդ հնատիպ գիրքը այնպես, ինչպես ձեռքից գնացած հարբեցողն է ձեռքը տանում բաժակին։

1951 թվականին Պարույր Սևակն ընդունվում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտ։ Այս տարիներին ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով կատարեց բազմաթիվ թարգմանություններ՝ տարբերակում չդնելով, թե ինչ գործ է ձեռքի տակ։

Սևակի գրքերից վերջինը՝ «Եղիցի լույս»-ը հրատարակվում է՝ 1969 թվականին, սակայն գրքի տպաքանակը բանտարկվում է ու ընթերցողին հասնում միայն հեղինակի մահվանից հետո: Սևակը խոսքն սկսում է «Նորօրյա աղոթք»-ով: Ժամանակակից մարդը նոր մեղքերի դիմաց աղոթք է ուղղում Աստծուն:

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի

Ես վախենում եմ,

Շա՜տ եմ վախենում,

Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,

Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:

Բանաստեղծական ապրումների համախմբում է «Եղիցի լույսը»։ «Կյանքը,- ասում է Սևակը «Խարույկ սառույցի վրա» բանաստեղծության մեջ,-ինչպիսի խորդուբորդություններով ու փլվածքներով լեցուն լինի, այնուամենայնիվ, «ընդլայնում է մեզ» և, լայնացնելով մեր իմացությունները թելադրում է ապրելաձևի նորանոր հնարավորություններ ու պաշարներ».

Եվ փա՜ռք աստըծո,

Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպես

Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում։

Արքմենիկ Նիկողոսյանը նշում է, որ «Եղիցի լույս»-ով Պարույր Սևակը նվաճել է բանաստեղծական բարձր մակարդակ.

«Սա շատ բարդ և ողբերգական ճանապարհ անցած ժողովածու է Պարույր Սևակի և ընդհանրապես մեր գրականության պատմության կյանքում։ Հենց այս գիրքը պետք է լինի այն մարդկանց առաջնորդողը, որոնք այսօր փորձում են մեր գրականության ավանդույթները շարունակեն»։

Նրանք ծնվում են, որ ապացուցեն

Թե հրաշք չկա՜

Կա միայն կարի՛ք։

Պարույր Սևակի գրական կյանքին ուղեկից եղած հսկաներն են Մեսրոպ Մաշտոցն ու Կոմիտասը:

Սևակը Մաշտոցին նվիրեց «Թրի դեմ՝ գրիչ» հոդվածը, ապա «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմը, ուր արտահայտեց հայոց գրերի վիթխարի ու անմրցելի նշանակությունը, իմաստավորեց մաշտոցյան գյուտարարության հեռանկարային և համազգային մեծությունը.

Մաշտո՜ց...

Այսինքըն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,

Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:

Մաշտոցը ծնվեց ճակատագրական պահի՝


Նրանք ծնվում են, որ ապացուցեն,

Թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ։

«Թրի դեմ՝ գրիչ» հոդվածում բանաստեղծն ասում է, որ Մաշտոցը հանդես եկավ ազգային գոյության ամենաճակատագրական ժամին և նրան տվեց մաքառման ամենազորեղ զենքը՝ մայրենի լեզուն:

Մաշտոցյան տառերն այն հրաշքն էին՝

Որի դեմ պիտի դառնային անզոր

Նետ ու յաթաղան

Փղեր ու տանկեր

և որ մեր ոգու անվառ կանչերին

Պիտի որոտով միշտ արձագանքեր…

Մոսկվայում 1957-1958 թթ. Սևակը գրում է Կոմիտասին նվիրված 7000 տողանոց «Անլռելի զանգակատուն»-ը ու մեծ հաղթանակով վերադառնում Երևան:

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,

Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-

         Դժվար է ասել:

«Անցյալը ներկայացրած»-ում Սևակը խոստովանում է, որ իր գիտակցական ամբողջ կյանքում տառապել է կոմիտասասիրությունից: Կոմիտասը, որին բնորոշել է «հանճար» բառով, ծնվել էր ամենաբախտավոր և ամենադժբախտ աստղի տակ:

Լևոն Հախվերդյանն իր հուշերում պատմում է, որ Պարույրն իրենց ընկերական հավաքներից մեկի ժամանակ նվագարանի վրա դրեց կոմիտասյան ձայնապնակ և սկսեց կարդալ «Անլռելի զանգակատունը»՝ թաքնված հուզմունքով, խոսելու պես բնական շեշտով, զգացմունքը ներս գցելով։

Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ,

         Ամենո՛ւր ու միշտ,

         Ուր հայն էր շնչում:

Կոմիտասի գեղարվեստական կերպարը ստեղծելու վերաբերյալ Սևակը նշել է.

«Գրել Կոմիտասի մասին հավասարազոր էր գրել հայ ժողովրդի վերջին հարյուր տարվա պատմությունը՝ ժողովրդի կյանքով ու երազանքներով, կենցաղով ու գոյամարտով, երգով ու լացով, եվրոպական դիվանագիտությամբ ու թուրքական բարբարոսությամբ, ազգագրությամբ և ազգագիտությամբ, անցյալով և ապագայով»։

Բանաստեղծ Վահագն Դավթյանը, ով նաև Պարույրի ընկերներից էր, նրան համեմատում էր երևույթի հետ ու բնորոշում՝ անզսպելի հեղեղ։

«Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է,

Ախ, երանի՜ թե ես այնպես մեռնեմ

Որ դու… ինձ սգաս»

Այսպես է դիմել Պարույրը հայրենիքին՝ մահվանից դեռ տասը տարի առաջ։

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին՝ ավտովթարից։

Համլետ Կարճիկյանն այդ օրվա մասին տարիներ անց գրել է.

«Սուգ էր մարդկանց սրտերում,

Սուգ էր հայոց աշխարհում»։

Գրողի մահվան մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել վատ է իմացել, սակայն այդ օրը որոշել է վարել։ Մեքենան վթարի է ենթարկվել հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու կինը, մեքենայի մեջ են եղել նաև երկու որդիները՝ Արմենը, Կորյունը։

Մարտիրոս Սարյանն օրեր անց տված հարցազրույցներից մեկում նշել է, որ այդպիսի ցավ կյանքի վերջին տարիներին չէր ապրել.-«Եվ սիրում էինք քեզ, որովհետև չենք կարող բնությունը չսիրել: Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից…»։

Այն էլ զգացի, ցավո՜վ զգացի,
Որ կտըրվելուց հետո է միայն
Երևում ծառի բուն հաստությունը։

Պարույր Սևակի արխիվը գտնվում էր նրա մոտ և անտիպ գործերը սկզբում որդու՝ Արմեն Ղազարյանի, իսկ այժմ թոռան՝ Սևակ Ղազարյանի շնորհիվ հրապարակվում և հասանելի են դառնում ընթերցողներին։

Բանասեր, խմբագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու և Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը 2013 թվականից զբաղվում է Պարույր Սևակի արխիվով և անտիպ ժառանգությամբ։ Նույն թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը. գեղարվեստական արձակ և գրականագիտություն» թեմայով։

«Սկսեցի ուսումնասիրել Պարույր Սևակի «Ամանեջ» վեպը և իր երկու գիտական աշխատությունները՝ «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» ու «Սայաթ-Նովան և հայ միջնադարը»։ Ինչպես գիտենք՝ Սևակը թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Սայաթ-Նովայի թեմայով և միանգամից դոկտորի կոչում է ստացել, և այս թեման որոշել է զարգացնել, մեծ մենագրություն գրել»։

2014 թվականին հրատարակվեց «Ամանեջ» վեպը, որն արդեն 4 վերահրատարակություն է ունեցել, վեպում դրված է և՛ մաքրագիր տարբերակը, և՛ սևագիրը, իսկ երկու տարի անց էլ՝ 2016 թվականին, առանձին գրքով հրատարակվեցին մյուս երկու աշխատանքները՝ «Անտիպ ուսումնասիրություններ» վերնագրով։

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին տեղի ունեցան մոտ 50 մեծ և փոքր միջոցառումներ։ Երևանում, մարզերում և նաև Հայաստանից դուրս՝ Լիբանանում, Իրանում, Փարիզում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Մոսկվայում, Կալկաթայում և այլուր։

«Լույս տեսավ 3 նոր գիրք. 2024-ի հունվարին «Պարույր Սևակ. 100 բանաստեղծություն»՝ սա թանգարանի և Համազգային կրթական միության համատեղ ծրագիրն էր, որը յուրահատուկ էր նրանով, որ գրքի տպաքանակը ոչ թե վաճառքի հանվեց, այլ նվիրվեց Հայաստանի գրեթե բոլոր կրթական օջախներին։ 2024-ի հունիսին հրատարակվեց «Պարույր Սևակ 100» վերնագրով գիրքը, որն արդեն հասանելի էր բոլոր սևակասերներին և այսօր էլ այն կարելի է ձեռք բերել գրախանութներից։ Արդեն գրողի 101 ամյակի օրը տեղի ունեցավ «Պարույր Սևակ. ընթացք և վերելք» գրքի շնորհանդեսը, ուր ամփոփված են Սևակի մասին հայ և օտարազգի գրողների ու գրականագետների կարծիքները, գնահատականները»։

«Պարույր Սևակ. ընթացք և վերելք» գիրքը,լուսանկարը՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի արխիվից
«Պարույր Սևակ. ընթացք և վերելք» գիրքը, լուսանկարը՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի արխիվից

Սևակ Ղազարյանը նշեց, որ տեղի ունեցած միջոցառումներից կարևոր էր նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» խորագրով ներկայացումը, որի պրեմիերան կայացավ 2024 թվականի հունվարի 24-ին՝ Երևանում, իսկ հունիսի 17-ին նաև բացօթյա՝ թանգարանի բակում, Սևակի այգում։

Իսկ տարեվերջին տեղի ունեցավ գիտաժողով՝ Պարույր Սևակին նվիրված, և ես հույս ունեմ, որ սա նոր զարկ կտա սևակագիտությանը։

Պարույր Սևակի ծնվելուց մեկ դար է անցել արդեն, բայց նրա ստեղծագործությունները, թողած գրական արժեքներն ու ժառանգությունը կմնան հավերժ։

«Սևակի նմանները չեն մեռնում, նրանք անմահ են»,-ասել է Սիլվա Կապուտիկյանը,-«նրանք իրենց օրինակով մեզնից պահանջում են ապրել ազնվորեն ու արժանավայել։ Պարույր Սևակը մեր խղճի անլռելի զանգակատունն է»։

Օգտագործված գրականության ցանկ

1. «Անցյալը ներկայացրած» Պարույր Սևակ

2. Դավիթ Գասպարյան ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԿՅԱՆՔԸ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ «ՆՈՐ ԴԱՐ» ԵՐԵՎԱՆ, 2001

3. Արդի հայ գրականության պատմություն, մաս 2, Սուրեն Աղաբաբյան, ԳԱԱ 1993

4. Լևոն Հախվերդյան «Պարույրը»

5. Համլետ Կարճիկյան «Հուշի պատառիկներ»

6. Գրական թերթ N6 1974, «Պարույր, սիրելի Պարույր», Վահագն Դավթյան

7. Գրական թերթ N7 1996, «Հիշատակդ բարի, Սևաչ Պարույր», Մարտիրոս Սարյան

8. Գրական թերթ N18 1984, «Սևակյան պոեզիայի հրթիռը»

9. «Խարույկ սառույցի վրա» ֆիլմ

 

Հեղինակներ՝ Նարինե Ղալամյան, Լաուրա Մանուկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում