Իրավունք

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

3 րոպեի ընթերցում

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Տավուշի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի մարտի 21-ի թիվ 36 որոշմամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն)։  Դիլիջան համայնքի ղեկավարի 2006 թվականի մարտի 29-ի թիվ 238 որոշմամբ՝ վերոնշյալ մանկապարտեզի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է վերոնշյալ Կազմակերպությանը:

Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ մանկապարտեզի տարածքը Կազմակերպությանը տրամադրելուց հետո չի օգտագործվել, իսկ իրավասու համայնքային պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել գույքը համայնքին վերադարձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում՝ գույքը մնացել է անհատույց օգտագործման իրավունքով ծանրաբեռնված և համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքը լիարժեք տնօրինելու հնարավորությունից: 

Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշվում է, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև քննչական հետևողական աշխատանքի արդյունքում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարի և Դիլիջան համայնքի ղեկավարի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է համայնքին։

 Վճիռը հրապարակման պահից մտել է օրինական ուժի մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում