ՄՈՍԿՎԱ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի հայկական թանգարանում տեղի է ունեցել գրող, լրագրող մի շարք բեսթսելերների հեղինակ Թիմ Սկորենկոյի «Մարսագնաց, ակորդիոն, ՄՌՏ․ հայ գյուտարարական մտքի պատմություն» (МАРСОХОД. АККОРДЕОН. МРТ. История армянской изобретательской мысли) ռուսալեզու գրքի շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման խոսքում հեղինակը բարձր է գնահատել հայ ժողովրդի ավանդը մարդկության գիտական պատմության մեջ, ընդգծել, որ, ուսումնասիրելով տարբեր ոլորտներում հայ գիտնականների կատարած հայտնագործությունները, եկել է այն եզրահանգման, որ իրականում դժվար է պատկերացնել ժամանակակից կյանքն առանց այդ գյուտերի։
«Ճակատագրի բերումով վերջին տարիներին ապրում եմ Հայաստանում։ Գործիս բնույթի համաձայն՝ մի օր որոշեցի լուրջ եւ խորքային ուսումնասիրություն կատարել բոլոր այն գիտական հայտնագործությունների վերաբերյալ, որոնք տարածված էին համացանցում եւ վերագրվում էին ծագումով հայերին, որոնք, տարբեր իրադարձություններով պայմանավորված, սփռված են աշխարհի տարբեր երկրներում։ Ինձ համար՝ որպես գյուտերի վավերագրող, շատ կարևոր էր հասկանալ՝ որքանո՞վ են այդ տեղեկությունները իրական, կամ դրանցից ո՞րն է իրական, ո՞րը՝ միֆ։ Ու այն, ինչ պարզեցի՝ Խորհրդային Հայաստանից մինչեւ ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրիա, Սինգապուր եւ այլն, շատ հետաքրքիր էր, ինչը ինձ հնարավորություն է տալիս վստահաբար պնդելու, որ տարբեր ոլորտներում ծագումով հայ գիտնականներն իսկապես զգալի ներդրում ունեն, եւ իր այդ զավակներով հայ ժողովուրդը իր արժանի տեղն ունի գիտական հանրությունների շարքում»,- նշել է Թիմ Սկորենկոն։
Հեղինակն ավելացրել է, որ առաջիկա օրերին գիրքը ներկայացնելու է Սանկտ Պետերբուրգում, նախատեսում է նաեւ առանձին շնորհանդես կազմակերպել Գյումրիում։