«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2024
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է օգոստոսի վաճառքների հիման վրա:
Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքն առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։
Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյո՞ք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին, նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում․․․Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։
Քրիս Յուանի «Տան որսը» երկրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:
Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։
Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը երրորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:
Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել:
Չորրորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում է դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Նիթա Փրոուզի «Աղախինը» հինգերորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։
Վեցերորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:
Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները», որը նրա ամենահայտնի խորհրդանշական վեպերից է, յոթերորդ տեղում է։ Վեպի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է։ Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով։ Վեպ վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև։
Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գիրքը ութերորդ տեղում է։ 1936 թվականին հրատարակումից ի վեր Պուլիցերյան մրցանակակիր եւ բոլոր ժամանակների ամենավաճառվող վեպերից մեկը՝ «Քամուց քշվածները», աշխարհում հռչակվել է Մեծ ամերիկյան վեպ: Վեպի առավել տարածմանը նպաստել է նաեւ համանուն ֆիլմը։ «Քամուց քշվածները» վեպը մարդկանց կրքերի խորությունն ուսումնասիրում է Ջորջիայի կարմիր բլուրներում տեղի ունեցող դեպքերին բնորոշ հանդգնությամբ: Հիասքանչ պատում է, որը վառ պատկերում է Քաղաքացիական պատերազմի եւ Վերակառուցման ժամանակաշրջանի դրաման: Թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան։
Իններորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:
Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() | Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով» | Դավինչի | 185 |
| 2 | 0 | ![]() | Քրիս Յուան,«Տան որսը» | Դավինչի | 99 |
| 3 | +1 | ![]() | Ալեքս Մայքլիդիս, «Ցասում» | Newmag | 96 |
| 4 | +2 | ![]() | Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» | Զանգակ | 75 |
| 5 | -2 | ![]() | Նիթա Փրոուզ, «Աղախինը» | Դավինչի | 68 |
| 6 | * | ![]() | Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը» | Անտարես | 43 |
| 7 | նոր | ![]() | Էլիֆ Շաֆաք, «Սիրո քառասուն կանոնները» | Անտարես | 43 |
| 8 | * | ![]() | Մարգարետ Միտչել, «Քամուց քշվածները» | Newmag | 42 |
| 9 | * | ![]() | Դենիել Քիզ, «Ծաղիկներ Էլջերնոնի համար» | Անտարես | 33 |
| 10 | * | ![]() | Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը» | Անտարես | 31 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









