Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-23/26.  Միսաքեան, Իրվինգ, Պետերսոն

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-23/26.  Միսաքեան, Իրվինգ, Պետերսոն

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն  

Շաւարշ Միսաքեան, «Սեւ ու ճերմակը ճամբուս վրայ»

Գրքում ընդգրկված են Փարիզի «Յառաջ» օրաթերթի հիմնադիր խմբագիր, մեծանուն հրապարակագիր Շավարշ Միսաքյանի /Սեբաստիայի նահանգ, գյուղ Զիմառա, 1884-1957, Փարիզ/ գրական, հրապարակագրական խոհերը, խմբագրականները, մտածումները ոչ միայն «Յառաջ»-ի խմբագրությունը ստանձնած տարիների, /1925-1957/, այլ նաև նախաեղեռնյա հրապարագրությունից:

Անպատկերելի է սփյուռքյան հրապարակագրությունն առանց Շավարշ Միսաքյանի շուրջ կեսդարյա արգասավոր, հայապահպանությանը հույժ նպաստաբեր, իմաստալից գործունեության: Որքան անպատկերելի, նույնքան անիմանալի՝ հայաստանյան ընթերցողական, և ոչ միայն, շրջանակների համար: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն 

Ջոն Իրվինգ, «Աշխարհն ըստ Գարփի»

«Աշխարհն ըստ Գարփի»-ն Ջոն Իրվինգի չորրորդ վեպն է (1978), որը նրան համաշխարհային ճանաչում բերեց և համանուն կինոնկարի հիմք դարձավ՝ Ռոբին Ուիլյամսի գլխավոր դերակատարմամբ: Գիրքը վարպետորեն վերհանում է մեր օրերի տղամարդու վախերը, իղձերը, բավարարված և չբավարարված նկրտումները, զավակների դաստիարակության թնջուկները՝ միաժամանակ վիճելիորեն բնութագրվելով որպես «ֆեմինիստական առաջին պատումներից մեկը»: XX դարի երկրորդ կեսի ընտանիքն այս վեպում ներկայացված է զավեշտալի ու ողբերգական դրվագների շարանով, գրական անհերքելի ձիրքով և սուր աչքով: Թարգմանությունն անգլերենից՝ Արտաշես Էմինի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Մարկուս–Գունար Պետերսոն, «Աղվեսը, որ սովորեց հեծանիվ քշել»

Հրվանդանի ամենահեռավոր ծայրին ապրում է Աղվեսը։ Նա խնամքով հավաքում ու տեսակավորում է անտառի խորքից գտած իրերը։ Նրա առօրյան հանգիստ է ու խաղաղ։ Սակայն Աղվեսի հանգիստը խախտվում է, երբ Հավալուսնը, հեծանիվ քշելով, հայտնվում է նրա տան դիմաց։ Հեծանիվը իսկական բացահայտում է դառնում Աղվեսի համար, և նրա գլխում մի միտք է ծագում՝ «Իսկ եթե ինքս ինձ համար հեծանիվ սարքե՞մ»։

Սա հետաքրքրաշարժ պատմություն է ընկերության, միմյանց աջակցելու և նպատակները կյանքի կոչելու մասին։ Թարգմանիչ՝ Աշխեն Բախչինյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում