«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքների։
Ռոբին Շարմայի «Առօրեական ոգեշնչում» գիրքը առաջին տեղում է։ «Առօրեական ոգեշնչում» գիրքը ներառում է ամենօրյա ոգեշնչման վերաբերյալ գաղափարներ, որոնք օգնում են մարդկանց գտնել իրենց իրական նպատակը և լինել ավելի արդյունավետ, երջանիկ և հաջողակ։ Շարման մանրամասն նկարագրում է, թե ինչպես փոքր, բայց խելացի քայլերը կարող են փոխել մարդկանց կյանքը՝ զարգացնելով հավատարմություն, սեփական արժանիքների գիտակցում և կյանքը քաջաբար ապրելու կարողություն։ Այս գիրքը պարունակում է նաև շատ արժեքավոր խորհուրդներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դիմակայել դժվարություններին և կյանքի ընթացքում գտնել խորքային և իրական երջանկություն։
Ալեսանդրո Ալչատոյի և Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը երկրորդ տեղում է։ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։ Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։
Ռոբին Շարմայի Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը երրորդ տեղում է։ Այս գիրքը Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերն է: Գրքում տեղ գտած հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան:
Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» չորրորդ տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:
Ռոբին Շարմայի «Մեծության ուղեցույց»-ը հինգերորդ տեղում է։ Ռոբին Շարման ընթերցողի դատին է ներկայացնում իր հերթական բեսթսելերը՝ «Մեծության ուղեցույցը»: Գիրքը հեղինակը բաժանել է 101 պայմանական մասերի, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է մեկ ավարտուն միտք: Այն կօգնի Ձեզ լինել ոգեշնչված, խանդավառված, ավյունով և էներգիայով լի, ինչպես նաև կսովորեցնի երազանքներին հասնելու անկոտրում կամք ու համառություն դրսևորել:
Ինչպես նշում է Պաուլո Կոելյոն, «Ռոբին Շարմայի գրքերն օգնում են մարդկանց ամբողջ աշխարհում ապրել հիանալի կյանքով»:
Վեցերորդ տեղում է Ռոբին Շարմայի «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը։ Գիրքը անձնական աճի, կյանքում հաջողության հասնելու, մեր կարողությունները բացահայտելու և դրանք լավագույնս օգտագործելու մասին է: Ուսուցչի և սանի զրույցների միջոցով հեղինակը մեզ ուղեկցում է դեպի ինքնաարթնացում՝ առաջարկելով դրան հասնելու 7 փուլ: Եվ ահա, հերթով անցնելով այս փուլերով և կամաց-կամաց «մարսելով» դրանք՝ մենք փորձում ենք կերտել մեր լավագույն «ես»-ը: Եվ ինչպես կասեր Շարմայի հերոսը, «Տիեզերքը ցանկանում է, որ մենք հաղթենք: Պարզապես չպիտի խանգարենք ինքներս մեզ»:
Ռոբին Շարմայի «Առաջնորդության ութ խորհուրդ վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»» յոթերորդ տեղում է։ Պահել խոստումները, դառնալ «ագրեսիվ» ունկնդիր, մշտապես սրտացավ լինել, լինել ճշմարտախոս. ահա այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի ինչպես աշխատավայրում դառնալ հաջողակ, այնպես էլ կյանքում՝ երջանիկ: Ռոբին Շարման իր յուրաքանչյուր գրքում մեզ ուղերձներ է փոխանցում: Փորձենք հետևել դրանց...
Ռոբին Շարմայի «Հարստություն, որը փողով չես գնի» գիրքը ութերորդ տեղում է։ Ընթերցողի դատին է ներկայացվել աշխարհահռչակ բանախոս, մոտիվատոր, բազմաթիվ հզոր կազմակերպությունների բիզնես խորհրդատու, բազում գրքերի հեղինակ Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերը՝ «Հարստություն, որը փողով չես գնի»: Հետևելով հեղինակի «փոքրիկ» խորհուրդներին՝ քայլ առ քայլ կմոտենաք ձեր երազած՝ առողջ, երջանիկ, հարուստ, սիրով լի կյանքին: Ինչպես հեղինակն է ասում, բախտավոր չեն ծնվում, բախտավոր դառնում են: Այնպես որ... կարդացեք, երջանկացեք, հարստացեք և եղեք բախտավոր...
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» իններորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Տասներորդ տեղում է Ռոբին Շարմայի «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը։ Համաշխարհային մակարդակի բանախոս, հանրահայտ ընկերությունների բիզնես-մարզիչ, համաշխարհային ճանաչում և փառք վայելող անհատների խորհրդատու, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Ռոբին Շարման ընթերցողի դատին է հանձնում իր հերթական բեսթսելերը՝ «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը: Գրքում հեղինակը խոսում է մարդկային տաղանդների, յուրաքանչյուր անհատի մեջ թաքնված հնարավորությունների, նրա հանճարեղության, առաքինության և հերոսության մասին: Հետևեք Ռոբին Շարմայի առաջադրած կանոններին, բանաձևերին, խորհուրդներին, առաջարկներին ու հորդորներին և կյանքում կկարողանաք դառնալ հաջողակ, երջանիկ, հարուստ ( և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես) ու ինքնաբավ անհատականություն...
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | * | ![]() | Ռոբին Շարմա, «Առօրեական ոգեշնչում» | Բուկինիստ | 91 |
| 2 | 0 | ![]() | Ալեսանդրո Ալչատո, Հենրիխ Մխիթարյան, «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» | Newmag | 89 |
| 3 | * | ![]() | Ռոբին Շարմայի Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին» | Բուկինիստ | 88 |
| 4 | -3 | ![]() | Ռոբերտ Գրին, «Իշխանության 48 օրենքները» | Դավինչի | 87 |
| 5 | * | ![]() | Ռոբին Շարմա, «Մեծության ուղեցույց» | Բուկինիստ | 86 |
| 6 | * | ![]() | Ռոբին Շարմա, «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր «Ֆերարին» | Բուկինիստ | 82 |
| 7 | * | ![]() | Ռոբին Շարմա, «Առաջնորդության ութ խորհուրդ վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»» | Բուկինիստ | 72 |
| 8 | * | ![]() | Ռոբին Շարմա, «Հարստություն, որը փողով չես գնի» | Բուկինիստ | 69 |
| 9 | * | ![]() | Ռոբին Շարմա, «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» | Բուկինիստ | 64 |
| 10 | * | ![]() | Ռոբին Շարմա, «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» | Բուկինիստ | 57 |









