Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-25/26.  Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 

Աշոտ Ստեփանյան, «Գիրք՝ հրաժեշտի փոխարեն»

«Չգրող, չմեռնող գրողը հոգեբանի սենյակում է...

Ի՞նչ կապ են ստեղծում միմյանց հետ պատմողն ու լուռ լսողը:

Զրույցների ընթացքում բացվում է (չ)գրողի չարչրկված ներսը` լեցուն գնացող ու եկող մարդկանց կյանքերի, հիշողությունների ու տրավմաների կտորտանք-հոսքերով, որոնք համեմված են աբսուրդի հասնող դրսևորումներով:

Հոգեբանն ունկնդի՞ր է:

(Չ)գրողի անանկեղծ «ես»-ը, մշտապես խոսակցությանը միջամտելով, լրացնելու և սրելու է պատմությունների հանգուցալուծումները՝ ստեղծելով սատիրայի, ինքնահեգնանք-խարազանման և ներքին հակադրությունների խիտ պատկեր-մթնոլորտ:

Սա բառերից վախեցող գրողի պատմություն է, որտեղ միաժամանակյա դրսևորումներ են ունենում ապրելու անիմաստության և չապրելու մազոխիստական-էքզիստենցիալ խոր զգացողությունները:

Վերջում մնում է հասկանալ՝ ի՞նչ է լինելու (չ)լսողի հետ: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն 

Ալեքսանդր Դյումա, «Երեք հրացանակիրները»

Ֆրանսիա, 17-րդ դար։ Երիտասարդ գասկոնցի դ’Արտանյանը մեկնում է Փարիզ՝ երազելով միանալ թագավորի հրացանակիրներին։ Ճակատագիրը նրան միավորում է երեք խիզախ ու անբաժան ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ, որոնց կյանքի գլխավոր սկզբունքներն են հավատարմությունն ու պատիվը։ Նրանք միասին անցնում են քաղաքական դավադրությունների, արքունական գաղտնիքների, վտանգավոր մենամարտերի և սիրային խարդավանքների միջով։ Խիզախորեն դիմակայում են կարդինալ Ռիշելյեի և խորհրդավոր Միլեդի դը Վինտերի մեքենայություններին։ «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» նշանաբանը դառնում է ոչ միայն ընկերության, այլև անձնվիրության ու ազնվության խորհրդանիշ։ Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն 

Լյուսի Մոդ Մոնտգոմերի, Քեթրին Վուդֆայն, «Աննան կանաչ կտուրներից (վերապատում)

Այս պատմությունը մանկության մասին է, բայց նաև՝ ընտանիք գտնելու, ընկերությունը պահպանելու, տարբեր լինելը չթաքցնելու ու աշխարհը բարությամբ լցնելու մասին։

Տարիների ընթացքում Կանաչ կտուրներում միայն Աննան չէ, որ փոխվում է։ Մարիլան սովորում է ցույց տալ իր սերը, Մեթյուն՝ բարձրաձայն արտահայտել իր հոգատարությունը, իսկ Աննան՝ հասկանալ, որ մեծանալը միայն երազել չէ, այլ նաև պատասխանատվություն կրել, կորուստներ հաղթահարել ու սիրելի մարդկանց կողքին մնալ։

Որովհետև երբեմն ամենամեծ հրաշքը այն է, երբ ինչ-որ մեկը ​քեզ ընդունում է հենց այնպիսին, ինչպիսին կաս։ Թարգմանիչ՝ Ռուզաննա Սուքիասյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում