«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2026
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» առաջին տեղում է։ «Կարդինալը» վեպը Աղաբաբյանի 12-րդ գիրքն է։ Այն ներկայացնում է մինչև վերջերս հայ ժողովրդից տարբեր պատճառներով «գաղտնի պահված» մի հզոր հայորդու, ժամանակին աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վատիկանի միակ հայ կարդինալ և Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանի բացառիկ կյանքի ոդիսականը։ Նա երկու անգամ՝ 1958 և 1963 թթ., Հռոմի պապի ընտրություններում պապի ամենահավանական թեկնածուն էր, սակայն աշխարհի հզորագույն երկրների հետախուզական կառույցների «հատուկ օպերացիաների» արդյունքում Հռոմի պապ չընտրվեց։ Լինելով Վատիկանի երկրորդ դեմքը (1958—1970 թթ.), Աղաջանյանը սփյուռքահայության համար աներևակայելի գործունեություն է ծավալել։ Քեսաբն ու ևս 9 հայկական գյուղեր նրա շնորհիվ փրկվեցին թուրքական ճիրաններից: Բայց նվիրյալ հոգևորականին, որպես հակակոմունիստ, ԽՍՀՄ-ը արգելել էր հայրենիքի հետ ցանկացած շփում։ Այս վեպով հեղինակն ամբողջացնում է մեծ հայորդու, հանրահայտ հոգևորականի տիեզերական ու բացառիկ կերպարը։ Վեպը նաև մի քանի առեղծվածային միջադեպերի բացահայտումներ է անում:
Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Կոլյա Ստեփանյանի «Որտեղ»-ը երրորդ հորիզոնականում է։ 2020 թվականին քսաներկուամյա մոսկվաբնակ Կոլյա Ստեփանյանն ուղևորվեց Հայաստան և ծնողներից գաղտնի ներկայացավ զինվորական հաշվառման: Նրա զինծառայության ընթացքում սկսվեց Քառասունչորսօրյա պատերազմը: «Որտեղ» վավերագրական վեպում Կոլյան պատմում է անձնական փորձառությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին՝ որպես երիտասարդ զինծառայող, որից ոչ մի լուր չկար մարտական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ անց, և նա յոթանասուն օր անհետ կորած էր: Որտե՞ղ էր գրողն այդ ընթացքում, ի՞նչ էր տեղի ունենում և ինչպե՞ս մի քանի ծառայակիցների հետ կարողացավ փրկվել: Սա պատմություն է պատերազմի և մարդու՝ ծայրահեղ իրավիճակում գոյատևելու, վախի, մարմնական ցավի և, այդ ամենով հանդերձ, կյանքին կառչած մնալու մասին:
Աննա Առաքելյանի «Սպանիր ներսիդ թիթեռներին» գիրքը չորրորդ տեղում է։ Գիրքը մարդու ներքին պայքարի մասին է, այն պահի, երբ նա սկսում է հասկանալ, որ իր ներսի գեղեցիկ զգացումները միշտ չէ, որ իրեն դեպի լավն են տանում։ Գիրքը պատմում է մարդու մասին, ով երկար ժամանակ ապրել է հույսերով, իդեալական պատկերացումներով և սիրո մասին ստեղծած պատրանքներով։ Այդ հույսերը նրան ուժ են տվել, բայց միաժամանակ խլել են սթափ մտածելու կարողությունը։ Պատմության առանցքում գալիս է բեկումնային պահը, երբ մարդը ընտրության առաջ է կանգնում։ Կամ շարունակում է ապրել թիթեռներով, սպասումներով ու դատարկ խոստումներով, կամ համարձակվում է ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին կա։ Թիթեռներին «սպանելը» այստեղ դաժանություն չէ, այլ գիտակցված քայլ՝ հրաժարվել պատրանքներից և սկսել ապրել սթափ ու ազնիվ ինքն իր հետ։
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը հինգերորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Գնել Նալբանդյանի «Մի՛ վախեցիր» գիրքը վեցերորդ տեղում է։ 1990-ականների սկիզբ. երևանյան և ղարաբաղյան բարդ և հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարի վեհ գաղափարն է, մյուսում՝ պատերազմի քաոսն ու անձնական շահը։ Պատմություն բարդ ու հակասական ժամանակների մասին, պատմություն, որի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները՝ վավերագրական հիմք։ Որոշ դրվագներում հեղինակը վերարտադրել է իր հետ կատարված դեպքերը հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում։ Ի տարբերություն ընդունված կարգի՝ այս գրական գործը ծնվել է համանուն հայտնի ֆիլմի նկարահանումից հետո։
Գրիգոր Քեշիշյանի «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» գիրքը յոթերորդ տեղում է։ Իսկական սերը հաղթում է ցանկացած հեռավորություն։ Անցյալն ու ներկան խաչվում են, հիշողությունն ու հույսը` միախառնում՝ փորձելով պատասխանել մեկ վճռորոշ հարցի. արդյո՞ք սիրահարները քաջություն կունենան դիմադրելու ժամանակի ծանր հարվածներին և սիրելու իրենց հայրենիքը։ Չէ՞ որ հայրենիքը հողն է, որի վրա քայլում է սիրելիդ…
Վարդուհի Եգորյանի «Գաբի»-ն ութերորդ տեղում է։ «Գաբի» գիրքը գրված չէ լացով. այն գրված է խաղաղության որոնումով: Երբ հեղինակը գրում է ցավից փրկվելու համար, նրա տողերը կծու են դառնում, սակայն նա գրում է ապրելու համար, և հենց այդ պատճառով էլ նրա տողերը շնչում են: «Գաբի» գրքի պատմությունների մեջ նա կրում է ներքին հանգստություն նույնիսկ ամենածանր պահերին: Նա խուճապ չի ստեղծում, այլ ընտրություն է անում, և հենց այդ ընտրությունն է նրան ուժ տալիս:
Ռաֆայել Մարգարյանի «Մնա ժպիտիս մեջ» գիրքը իններորդ տեղում է։ Այս պատմությունը «Սպասիր ինձ երկնքում» գրքի շարունակությունն է: Սա պատմություն է հավատալու, և սերը չկորցնելու մասին: Եվ ապացույցն է այն բանի, որ լույսը ծագում է իր ճիշտ ժամանակին, երբ շուրջբոլորը խրթին խավար է։ Ընթերցելով այս պատմությունը կիմանաք՝ ինչ փորձությունների միջով են ստիպված լինում անցնել արդեն սիրված հերոսները. որտեղ են գտնում իրենց հոգին ջերմացնող լույսը... Եվ թե ինչպես է ներկայի ու անցյալի միահյուսումը յուրահատուկ գործվածքի պես պատկերում հանգուցալուծումը...Այս գիրքը ոչ ոքի անտարբեր չի թողնի...
Գոհար Նավասարդյանի «Սերը» գիրքը տասներորդ տեղում է։ Սերը հաճախ փորձություններ է դնում այն սրտի առջեւ, որի մեջ բույն է դրել: Մեկն իր սիրուն հասնում է առանց ջանք գործադրելու, մյուսն անում է անհնարինը՝ պատմությունը կիսատ չթողնելու համար։ Մեկին ամեն ինչ հեշտ է տրվում, մյուսին" անասելի դժվար: Այս գիրքը մի սիրո պատմության մասին է, որը, հազիվ սկսված, հարկադրաբար ավարտվում է, սակայն այն անկեղծ զգացմունքները, որոնք խոր ար մատներ էին տվել, չեն կարողանում տարիների ընթացքում ոչնչանալ: Կունենա արդյոք իմաստ տարիներով սպասելը, կստացվի սրտում` տեղ բացել նոր սիրո համար, ի՞նչ դեր կստանձնի այս հարցում հավատն առ Աստված: Այս հարցերի պատասխաններն են սույն վիպակում: Սյուժեն կառուցված է աստվածաշնչյան քսան մեջբերումների հիման վրա, որոնք դարձել են բնաբաններ: Գիրքը նպատակ ունի ընթերցողին ցույց տալ, որ հակառակ սեռի հանդեպ տածած մաքուր սերը հենց Սուրբ գրքում` քարոզվող սերը կարող է լինել։ Իր յոթերորդ վիպակով հեղինակն ուզում է ընթերցողին թեկուզ մի փոքր մոտեցնել մեր հավատքին՝ սովորեցնելով սիրել ու ամեն ինչում՝ նախ Աստծո կամքը ցանկանալ: Գրքի բոլոր աստվածաշնչյան մեջբերումներն արված են բացառապես Մայր Աթոռի թարգմանությունից:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | նոր | ![]() | Աշոտ Աղաբաբյան, «Կարդինալը» | հեղ․ հրատ | 138 |
| 2 | +1 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 49 |
| 3 | * | ![]() | Կոլյա Ստեփանյան, «Որտեղ» | Վերնատուն | 45 |
| 4 | +1 | ![]() |
Աննա Առաքելյան, «Սպանիր ներսիդ թիթեռներին»
| հեղ. հրատ | 43 |
| 5 | -1 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ․ հրատ | 34 |
| 6 | -4 | ![]() | Գնել Նալբանդյան, «Մի՛ վախեցիր» | Newmag | 32 |
| 7 | +1 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» | Դավինչի | 30 |
| 8 | նոր | ![]() | Վարդուհի Եգորյան, «Գաբի» | հեղ․ հրատ | 30 |
| 9 | -3 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Մնա ժպիտիս մեջ» | հեղ․ հրատ | 28 |
| 10 | -1 | ![]() | Գոհար Նավասարդյան, «Սերը» | հեղ․ հրատ | 28 |









