Երևան

Երևանում տեղադրվեց իսպանացի քանդակագործի հետաքրքիր և ժամանակակից արվեստը ներկայացնող կոմպոզիցիան

4 րոպեի ընթերցում

Երևանում տեղադրվեց իսպանացի քանդակագործի հետաքրքիր և ժամանակակից արվեստը ներկայացնող կոմպոզիցիան

Նոր, հետաքրքիր և ժամանակակից արվեստը ներկայացնող կոմպոզիցիա Երևանում. իսպանացի քանդակագործ Կառլոս Գարսիա Լահոսի ժամանակակից հայտնի ինստալացիան տեղադրվեց մետրոյի «Երիտասարդական» կայարանի հետնամասում գտնվող այգում։ Աշխատանքն իրականցվել է «Եվրոպայի ութ քաղաքներ՝ միավորված արվեստով» միջազգային նախագծի շրջանակում, որը խորհրդանշում է մշակույթների միջև կապը, բարեկամությունն ու միասնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանը դարձավ այս նախագծի 5-րդ քաղաքը՝ միանալով մյուս քաղաքներին։

Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերնանդո Խիրոն Պասկուալին, ողջունելով ներկաներին, նշեց, որ ստեղծագործությունն արդեն միավորել է մի քանի քաղաք, իսկ այժմ՝ նաև Երևանը:

«Արվեստն ունի ժողովուրդների և մշակույթների միջև կամուրջներ կառուցելու բացառիկ կարողություն։ Այնտեղ, որտեղ բառերը կամ քաղաքականությունը երբեմն սահմաններ ունեն, արվեստը ստեղծում է հանդիպման, երկխոսության և փոխըմբռնման նոր հնարավորություններ։ Իսպանիան և Հայաստանը կիսում են մշակութային ժառանգության նկատմամբ խոր հարգանքը և ստեղծագործությունը գնահատում են որպես ազգային ինքնության և աշխարհի հանդեպ վերաբերմունքի կարևոր արտահայտություն։ Եվ նման նախաձեռնությունները նպաստում են մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը և ևս մեկ անգամ հիշեցնում, որ մշակույթը դիվանագիտության ամենակայուն և հարատև ձևերից մեկն է։ Վստահ եմ, որ այս քանդակը կդառնա ոգեշնչման աղբյուր այն տեսնող յուրաքանչյուրի համար և Իսպանիայի ու Հայաստանի միջև բարեկամության խորհրդանիշ»,- նշեց Ֆերնանդո Խիրոն Պասկուալը:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշեց, որ ուրախ է, որ ինստալացիան տեղադրվել է հենց այգու այն հատվածում, որտեղ վերջին շրջանում լայնածավալ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում։

«Կարծում եմ՝ նկատած կլինեք, որ այստեղ արդեն բավականին աշխատանքներ են կատարվել և շարունակվում են կատարվել։ Քանդվել են մի քանի մեծ շինություններ, վերականգնվում է նախկինում աղավաղված ջրավազանի հատվածը, ինչպես նաև ազատվել են մի շարք տարածքներ։ Երբ քննարկում էինք այս գաղափարը, հասկացանք, որ սա ամենահարմար վայրն է նման արվեստի գործի համար, որը լրացուցիչ գեղեցկություն կհաղորդի այս հատվածին։ Շուտով այստեղ ավելի մեծածավալ բարեկարգումներ կլինեն։ Կարծում եմ՝ սա նաև լավ հնարավորություն է Երևանի և Իսպանիայի քաղաքների, ինչպես նաև պետական կառույցների միջև համագործակցության նոր եզրեր ձևավորելու համար։ Արվեստը հաճախ դառնում է այն առաջին քայլը, որից սկսվում են մեծ համագործակցությունները։ Հուսով եմ, որ այս գեղեցիկ արվեստի գործը կլինի այդ համագործակցության սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց Պետրոս Պետոյանը։

Իսպանացի քանդակագործ Կառլոս Գարսիա Լահոսը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Աշոտ Փարսյանին, Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերնանդո Խիրոն Պասկուալին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին՝ նախագծի իրականացմանն աջակցելու համար։

«Կոմպոզիցիան երեք քարերի մասին է, որոնք ուղղաձիգ են, սակայն ես դրանք ներկայացրել եմ հորիզոնական դիրքով։ Երևանը հինգերորդ քաղաքն է, որտեղ տեղադրվում է այս աշխատանքը. այն տեղադրվել է նաև Սարագոսայում, Լուցկում, Կիևում և Թբիլիսիում։ Ընդհանուր առմամբ այն կտեղադրվի ութ քաղաքում։ Նախագծի նպատակն է արվեստի միջոցով հավերժ բարեկամության կապ ստեղծել այս քաղաքների միջև։  Ինձ համար սա շատ կարևոր կոմպոզիցիա է, և աշխատում եմ, որպեսզի այն տեղադրվի նաև մնացած երեք քաղաքներում։ Թեև դրանք լինելու են տարբեր վայրերում, ինձ համար բոլորն ունեն նույն նշանակությունը։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ։ Հուսով եմ՝ կհանդիպենք նաև այլ նախագծերի շրջանակում»,- նշեց քանդակագործը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում