Երևան

Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է արել մեքենաներում աղմկող իրեր պահել և խցանումների մեջ մնալու դեպքում դրանցով աղմկել

4 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է արել մեքենաներում աղմկող իրեր պահել և խցանումների մեջ մնալու դեպքում դրանցով աղմկել

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձել է  Երևանում խցանումների խնդրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Երևանի աղետալի խցանումների մասին իմ խոսքից հետո հարյուրավոր նամակներ եմ ստանում, որտեղ մարդիկ ինձ շնորհակալություն են հայտնում խնդրին անդրադառնալու համար։ «Վերջապես մեկը համարձակություն ունեցավ այս մասին խոսել. այսպիսի ձևակերպում էլ կար։ Այսի՞նքն, ամեն օր հարյուր հազարավոր մարդիկ տառապում են Երևանի խցանումների մեջ, և ստացվում է, որ դրանից դժգոհելը համարձակությա՞ն հարց է։  

Ես, իհարկե, արձանագրել եմ այն տարեթիվն ու ամսաթիվը, երբ մեր երկրում բեկումնային փոփոխություն տեղի ունեցավ, և հիմա ամեն ինչի համար համարձակություն է հարկավոր, բայց սրա մասին չեմ ուզում խոսել։

Սիրելի կին վարորդներ, հիշում եք, չէ՞, այլևս չենք հանդուրժում։ Սա միայն տան պատերի ներսում կատարվողին չի վերաբերվում։ Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս՝ մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են իրենց ուղեղներն աշխատեցնել այս իրավիճակը լուծելու համար։

Սիրելի մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներ, կարող եք դուք էլ միանալ։ Պետական կառույցները երբեք չեն լսում այն դժգոհությունը, որը համարձակություն չունի հնչելու, այնպես որ, սիրելի կանայք, որքան հնարավոր է բարձր հնչեցրեք այն։ Թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր, այ եթե անցած 30 տարում Հայաստանի տնտեսությունը համաչափ զարգանար և ավտոմեքենաների քանակն աստիճանաբար ավելանար, ոչ թե երկրաչափական պրոգրեսիայով, Հայաստանի մայրաքաղաքում այսօր այս վիճակը չէր լինի»,- ասել է Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդրին անդրադարձել էր նոյեմբերի 10-ին՝ արձանագրելով, որ Երևանի արագ կառուցապատման պայմաններում քաղաքի մի հատվածից մյուսը հասնելը դժվարացել է, և հարց էր բարձրացրել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել այսօր՝ հաշվի առնելով, թե զարգացման այս տեմպով 25 տարի անց որքան մեքենա կարող է լինել Երևանում։

Նոյեմբերի 17-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արձագանքելով նաև Աննա Հակոբյանի՝ նոյեմբերի 10-ին արած հայտարարությանը,  ներկայացրել է խցանումների խնդրի լուծման հնարավոր ուղղությունները։ Նա անհրաժեշտ է համարել ամբողջությամբ առանձնացնել ավտոբուսների համար նախատեսված գոտիները, քննարկել առողջապահական հիմքով մարդատար ավտոմեքենաների սահմանափակումներ և շարունակական միջոցներ կիրառել երթևեկությանը խոչընդոտող խախտումները նվազեցնելու համար։ Քաղաքապետի խոսքով՝ լուծումների տարբերակները ներկայացվելու են հանրային քննարկման։  Ավինյանը նաև նշել է, որ Արշակունյաց-Իսակով ճանապարհի և Նորագավիթի էստակադայի կառուցումը որոշակիորեն կբարելավի երթևեկությունը, սակայն միայն այդ ենթակառուցվածքային ծրագրերով խցանումների խնդիրը չի լուծվի։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է նվազեցնել մարդատար ավտոմեքենաների թիվը և առաջնահերթություն տալ հանրային տրանսպորտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում