Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած Կառավարության ներդրումային կոմիտեի նիստի ընթացքում հաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։ Տեսանյութին կից՝ քաղաքապետը գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ։
«Առաջինը՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է․ անցնում ենք գործնական փուլ․ դիմելու ենք միջազգային գործընկերներին, ստանալու ենք առաջարկները և ընտրելու ենք այն գործընկերոջը, որի հետ հնարավոր կլինի ամենաարագը մեկնարկել ծրագրի իրականացման մրցութային գործընթացը։
Երկրորդը՝ Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումն է․ նախատեսվում է շարժակազմի ավելացում, ռելսերի, վագոնների և համակարգի հիմնական ենթակառուցվածքների փոխարինում ու թարմացում։
Երրորդը՝ էլեկտրական ավտոբուսների ծրագիրն է, որով ավարտին ենք հասցնելու վերգետնյա հասարակական տրանսպորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները»,– նշել է Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով Կառավարությանը՝ կարևորագույն ներդրումային փաթեթով Երևանին ցուցաբերվող նշանակալի աջակցության համար։