ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ ՆիկոլՓաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում:
Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:
Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ հայ գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն և համոզմունք հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Ռատի Բրեգաձեն ընդգծել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ: