Հատուկ նախագծեր

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

10 րոպեի ընթերցում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի զարգացման առաջնահերթ ուղղություններից են ժամանակակից սարքավորումներով հագեցումը, մանկաբուժական ծառայությունների կատարելագործումը և ապագա մասնագետների պատրաստումը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանն անդրադարձել է նաև հիվանդանոցի առանձնահատկություններին, մանկական առողջապահության մարտահրավերներին և առաջիկա ծրագրերին։

-«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը երկար տարիներ համարվում է Հայաստանի կարևորագույն մանկական բուժհաստատություններից մեկը։ Ի՞նչն է այսօր այն առանձնացնում մյուս բժշկական կենտրոններից։

-«Մուրացան» համալսարանական հիվանդանոցն իր գործունեության սկզբից եղել է մանկական բուժհաստատություն։ Խորհրդային տարիներից այն գործել է որպես մանկական հիվանդանոց և, բացառությամբ կարճ ժամանակահատվածի, երբ ունեցել է նաև մեծահասակների բաժանմունք, մշտապես պահպանել է իր մանկական ուղղվածությունը։

Այսօր ևս մեր գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բազմապրոֆիլ մանկական հիվանդանոց ենք։ Հայաստանում գործող մանկական մասնագիտացված բուժկենտրոնների շարքում «Մուրացանը» շարունակում է կարևոր դեր ունենալ՝ տրամադրելով երեխաներին բնորոշ հիվանդությունների ամբողջական ախտորոշում և բուժում։

-Դուք վերջերս եք ստանձնել գլխավոր բժշկի պաշտոնը։ Որո՞նք են այն առաջնահերթ փոփոխությունները, որոնք նախատեսում եք իրականացնել առաջիկա տարիներին։

-Մեզ համար առաջնային են այն բարեփոխումները, որոնք կնպաստեն հիվանդանոցի հետագա զարգացմանը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է տեխնիկական վերազինմանը։ Ժամանակակից սարքավորումներով համալրվելը հնարավորություն կտա տեղում իրականացնել ավելի մեծ թվով հետազոտություններ և բուժական միջամտություններ։

Մեր հիվանդանոցում աշխատում են բարձրակարգ և իրենց գործին նվիրված մասնագետներ։ Համոզված եմ, որ փորձառու բժշկական անձնակազմի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրումը զգալիորեն կբարձրացնի բուժօգնության արդյունավետությունը։

Զարգացումները վերաբերում են բոլոր ուղղություններին՝ վիրաբուժությանը, վերակենդանացման ծառայությանը, ախտորոշմանը և մյուս բաժանմունքներին։ Բժշկությունն այսօր շատ արագ է զարգանում, և նոր տեխնոլոգիաների ներդրումն այլևս անհրաժեշտություն է։

Որպես բազմապրոֆիլ մանկական հիվանդանոց՝ մենք ունենք ընդհանուր, դիմածնոտային, կրծքային և այլ վիրաբուժական ծառայություններ, ուստի յուրաքանչյուր ոլորտում անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, որը կօգնի մեր մասնագետներին առավել արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը։

- Որպես համալսարանական հիվանդանոց՝ ինչպե՞ս է համատեղվում բուժական աշխատանքն ու ապագա բժիշկների կրթությունը։

-Համալսարանական կլինիկայի կարգավիճակը մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Մեր բժիշկների գերակշիռ մասն ավարտել է մայր բուհը, և շարունակական կրթությունը մեր գործունեության կարևոր բաղադրիչներից է։

Հիվանդանոցում ուսանողները մասնակցում են գործնական ուսուցմանը, ծանոթանում մանկաբուժության առանձնահատկություններին և ձեռք բերում մասնագիտական հմտություններ։

Այսօր մանկաբուժական ծառայությունն ունի մասնագետների համալրման անհրաժեշտություն, ուստի առանձնահատուկ կարևորում ենք մանկաբուժական դպրոցի ստեղծման գաղափարը, որն արդեն իրականացվում է մեր հիվանդանոցի մասնագետների մասնակցությամբ։ Վստահ ենք, որ այն կնպաստի մանկաբույժների թվի ավելացմանն ու ոլորտի զարգացմանը։

Միաժամանակ համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ համագործակցություն է հաստատվել արտասահմանյան առաջատար համալսարանական կլինիկաների հետ, ինչը հնարավորություն կտա ուսանողներին կատարելագործել իրենց գիտելիքները նաև արտերկրում և հետագայում այդ փորձը կիրառել Հայաստանում՝ ի շահ մեր երեխաների։

- Այսօր բժշկության մեջ արագ զարգանում են թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը։ Ի՞նչ նորարարություններ են արդեն ներդրվել կամ նախատեսվում ներդնել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։

-Արհեստական բանականության կիրառման մասով այս պահին դեռ վաղ է հստակ գնահատականներ տալ։ Սակայն հիվանդանոցում թվայնացման գործընթացն արդեն լայնորեն ներդրված է։

Հիվանդի ընդունումից սկսած՝ ամբողջ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգով։ Հիվանդի բժշկական պատմությունը, հետազոտությունների արդյունքները և անհրաժեշտ մյուս տվյալները հասանելի են միասնական համակարգում, ինչը հնարավորություն է տալիս արագ և արդյունավետ կազմակերպել բուժման ընթացքը։ Այսօր արդեն գրեթե ամբողջությամբ հրաժարվել ենք թղթային փաստաթղթաշրջանառությունից։

- Իսկ սարքավորումների արդիականացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։

-Հիվանդանոցն ընդհանուր առմամբ ապահովված է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։ Միաժամանակ նախատեսում ենք համալրվել համակարգչային շերտագրությամբ (ԿՏ), ինչը զգալիորեն կընդլայնի մեր ախտորոշիչ հնարավորությունները։ Մնացած ծառայություններն արդեն հագեցած են այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են իրենց բնականոն աշխատանքը կազմակերպելու համար։

- Մանկական առողջապահության ոլորտում այսօր ո՞ր խնդիրներն են առավել արդիական Հայաստանում, և ինչպե՞ս է հիվանդանոցն արձագանքում դրանց։

-Եթե խոսում ենք բուժօգնության հասանելիության մասին, ապա պետք է նշեմ, որ այսօր ծնողները բավականին ուշադիր են իրենց երեխաների առողջության նկատմամբ և, որպես կանոն, ժամանակին դիմում են բժշկի։

Ուշացած դիմելիության լուրջ խնդիր այս պահին չենք արձանագրում։ Մեր մասնագետներն ապահովում են անհրաժեշտ և որակյալ բուժօգնությունը, ուստի դժվար է առանձնացնել որևէ գլոբալ խնդիր, որն այս պահին լուծում չունենա։

Ինչ վերաբերում է նյութատեխնիկական ապահովմանը, ապա ամեն տարի վեր ենք հանում հիվանդանոցի առաջնահերթ կարիքները և փուլային եղանակով լուծում դրանք։ Օրինակ՝ արդեն ընթացքի մեջ է համակարգչային շերտագրության սարքի ձեռքբերման գործընթացը, և նախատեսվում է, որ այն մոտ ապագայում կգործարկվի։

- Բուժհաստատության հաջողության կարևոր ցուցանիշներից է նաև պացիենտների գոհունակությունը։ Ի՞նչ քայլեր են իրականացվում ծառայությունների որակի և հիվանդների գոհունակության բարձրացման ուղղությամբ։

-Այսօր բոլոր բուժհաստատություններում գործում է որակի ապահովման համակարգ, որը ներդրվել է Առողջապահության նախարարության պահանջներին համապատասխան։ Մեր հիվանդանոցում ևս աշխատում է որակի պատասխանատու մասնագետ, որը մշտապես հետևում է քաղաքացիների արձագանքներին և առաջարկություններին։

Հիվանդանոցից դուրս գրվելիս՝ ծնողները լրացնում են համապատասխան հարցաթերթիկներ, ներկայացնում իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Մենք ամեն օր ուսումնասիրում ենք դրանք և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկում։ Համոզված եմ, որ որակի ապահովման համակարգն էապես նպաստում է ծառայությունների շարունակական բարելավմանը։

- «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը նաև ապագա բժիշկների կրթական բազան է։ Ինչպե՞ս եք խրախուսում երիտասարդ մասնագետների ներգրավումն ու հատկապես մանկաբուժության ընտրությունը։

-Բժշկական համալսարանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը։ Մեր խնդիրն է գործնական աշխատանքի ընթացքում ներկայացնել մանկաբուժության առանձնահատկությունները և օգնել, որպեսզի ուսանողները գիտակցված ընտրություն կատարեն։

Ուսանողները պրակտիկա են անցնում հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում, ծանոթանում մասնագիտական աշխատանքին, իսկ ցանկության դեպքում կարող են նաև հերթապահությունների մասնակցել՝ մասնագիտությունն ավելի մոտիկից ճանաչելու համար։

Թեև այսօր երիտասարդների շրջանում պահանջված են նաև այլ մասնագիտություններ, մենք փորձում ենք նրանց ցույց տալ, որ մանկաբուժությունը չափազանց կարևոր և պատասխանատու ոլորտ է։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք շատ ակտիվ և նվիրված երիտասարդներ, որոնք մեծ հետաքրքրությամբ սովորում են և հստակ պատկերացնում են իրենց մասնագիտական ուղին։

- Ինչպե՞ս եք պատկերացնում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը հինգ-տասը տարի հետո։

-Մեր զարգացման տեսլականը պայմանավորված է այն հնարավորություններով, որոնք կունենանք առաջիկա տարիներին։ Շատ կարևորում եմ մանկաբուժական դպրոցի զարգացումը, քանի որ այն կնպաստի նոր մասնագետների պատրաստմանը և ոլորտի ամրապնդմանը։

Մյուս կարևոր ուղղությունը տեխնիկական վերազինումն է։ Մեր նպատակն է, որպեսզի հիվանդանոցում կիրառվող սարքավորումներն իրենց հնարավորություններով չզիջեն աշխարհի առաջատար կլինիկաներում օգտագործվող տեխնիկային։ Դա թույլ կտա մեր մասնագետներին աշխատել առավել արդյունավետ և երեխաներին տրամադրել առավել որակյալ բուժօգնություն։

- Վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։

Ամենակարևոր մաղթանքս մեկն է՝ առողջ լինեն մեր երեխաները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում