Մշակույթ

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

7 րոպեի ընթերցում

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 19-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, ժյուրին հայտարարեց մրցանակակիրների անունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։

Ժյուրին նաև հատուկ հիշատակումներ է շնորհել Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերին։ Բացի այդ, Թերեզա Նվոտովայի «Հայրը» ֆիլմն արժանացել է նաև Հայաստանում և Վրաստանում տարածման մրցանակին, որը ներառում է 6000 եվրոյի դրամական աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։

Արարողության ժամանակ փառատոնի «Փարաջանովյան թալեր»  մրցանակը հանձնվեց տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարիին։ Փառատոնի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկին՝ Սև Օհանյանին։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց, որ փառատոնային յոթ օրվա ընթացքում մի շարք հրաշալի իրադարձություններ են տեղի ունեցել. կազմակերպվել են մի շարք ուշագրավ ֆիլմերի պրեմիերաներ, անցկացվել են վարպետության դասեր և այլն:

Ավետիսյանը հորդորեց բուռն ծափահարություններով ողջունել ֆրանսահայ նշանավոր դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանին, որի գլխավոր դերակատարմամբ «Դը Գոլի մարտը» և «Դը Գոլ. ազատություն» ֆիլմերը ցուցադրվեցին կինոփառատոնի ընթացքում, նա հորդորեց ողջունել նաև ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Ոսկե ծիրան»-ի «Փարաջանովյան թալեր»-ի դափնեկիր Ռոման Բալայանին, որն այս տարի տոնում է 85-ամյակը, ինչպես նաև ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանին, որի «Մեղսավորները» ֆիլմը չորս «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր է:

«Մեզ համար շատ կարևոր են այն արվեստագետները, որոնց ոչ միայն հայկական ծագմանն ենք անդրադառնում և հպարտանում նրանցով, այլև արժևորում ենք այն  կապը, որը նրանք ունեն Հայաստանի հետ: «Ոսկե ծիրան»-ը լավ առիթ է անդրադառնալու մի վարպետի, որը, չնայած դեռ չի բոլորել իր կյանքի չորրորդ տասնամյակը, այնպիսի հրաշալի հետագիծ է ձևավորել համաշխարհային կինոարվեստում, որ մեզ համար դա ապշեցուցիչ է: Ներկայիս գործող պրոդյուսերը մեր հայրենակից Սև Օհանյանն է, որի «Մեղսավորները» ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի ռեկորդային 16 անվանակարգում և հաղթել չորսում:  Մինչ այդ նա կինոյի ասպարեզում բազմաթիվ փորձարարություններ է արել և հասել է բազմամիլիոն բյուջեով ֆիլմերի»,-ասաց Ավետիսյանն ու «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնեց Օհանյանին:

Մրցանակը ստանալիս Օհանյանը մի քիչ հայերեն խոսեց, մի քիչ էլ անգլերեն: Նա շնորհակալական տեքստ էր պատրաստել, որն ընթերցեց հայերենով: «Շատ շնորհակալ եմ այս մրցանակի համար: Ես շատ բախտավոր եմ իմ գործում: Եղել եմ տարբեր երկրներում և մեծ բեմերում եմ մրցանակներ ստացել, բայց ի սրտե եմ ասում, որ իմ ֆիլմի պրեմիերան Հայաստանում կազմակերպելն ու այս մրցանակը ստանալն ինձ համար ավելի մեծ արժեք ունեն: Ես կինոարտադրող եմ, բայց ավելի կարևոր է այն, որ հայ եմ: Ճշմարտությունն այն է, որ իմ կինոարտադրող լինելու միակ պատճառն այն է, որ ես հայ եմ»,-ասաց պրոդյուսերն ու հիշեցրեց, որ շատ տարիներ առաջ նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը»:

Նա ընդգծեց, որ ֆիլմի թե՛ ռեժիսորն է եղել, թե՛ սցենարիստը, թե՛ պրոդյուսերը: Միայն դիմահարդար է ունեցել, սակայն նա թողել է աշխատանքը և այդ գործն էլ է Օհանյանն արել: Դա արել է հաճույքի համար և անգամ չի երազել կինոարտադրող լինելու մասին: «Այդ ժամանակ մի անհավանական բան տեղի ունեցավ. աշխարհի բոլոր հայերն ասես գրկեցին ինձ: ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները տոմսեր գնեցին և եկան ֆիլմը դիտելու, իսկ այլ երկրների հայերը, այդ թվում՝ Հայաստանի, ֆիլմի DVD-ները պատվիրեցին: Այդ օժանդակությունը  հնարավորություն տվեց հավատալ ինքս ինձ, իմ ուժերին, և այժմ ես եմ ձգտում փոխադարձել դա և հայ կինոարտադրողների նոր սերնդին աջակցել և նպաստել նրանց առաջխաղացմանը Հոլիվուդում: Այդպես են արել նաև Հոլիվուդում համբավ ունեցող Ռուբեն Մամուլյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը և այլք»,-ասաց Սև Օհանյանն ու շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներին իրեն տոն նվիրելու համար՝ նշելով, որ այս մրցանակն իր համար տուն է:

Փառատոնը եզրափակվեց Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում