Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային գեղագիտական կենտրոնում գործում է Վաղարշակ Էլիբեկյանի անհատական ցուցահանդեսը  

Ազգային գեղագիտական կենտրոնում գործում է Վաղարշակ Էլիբեկյանի անհատական 
ցուցահանդեսը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում, Հենրիկ Իգիթյանի անվան Ազգային գեղագիտական կենտրոնում  բացվեց անվանի գեղանկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ներկայացված էին ուղիղ հարյուր մեծ ու փոքր գեղանկարներ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին ասաց նկարչի դուստրը՝ Լուիզա Էլիբեկյանը, դրանք բոլորը այն նկարներն են, որ Վաղարշակ Էլիբեկյանը նվիրում էր իր դստերը՝ մեկական նկար յուրաքանչյուր թոռան՝ Արմինեի ու Վահանի համար։ Ասենք, որ տողերիս հեղինակն էլ ժամանակին տասը նկար է նվեր ստացել նույն սկզբունքով՝ մեկական նկար իր տղաների համար։

Երևանյան արվեստասերները Վաղարշակ Էլիբեկյանի ստեղծագործությունները վերջին անգամ տեսնելու առիթ են ունեցել ութ տարի առաջ։ Շատ են սպասել։ Հենց դրանով էր պայմանավորված այն հետաքրքրությունը, որ  ցուցադրանքի նկատմամբ հանդես էին բերել երևանցիները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ճանաչված մտավորականներ՝ նկարիչներ,  արվեստաբաններ, դերասաններ, գրողներ, պարզապես՝ գեղանկարչության սիրահարներ։

«Հին Թիֆլիսի երգիչ». այսպես է անվանել Վաղարշակ Էլիբեկյանին վրացի նշանավոր գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս Լադո Գուդիաշվիլին։ Ծանոթանալով Էլիբեկյանի գործերին՝ նա  ասել է. «Նկարչի գունագեղ գեղանկար-մանրանկարները թախծոտ վերհուշ են հին, անցնող Թիֆլիսի մասին։ Այդ կտավները ստեղծված են բնիկ թիֆլիսեցու սիրով, որոնք մեր հիշողության մեջ վերականգնում են մանկության ու պատանեկության մեր քաղաքը»։

Վաղարշակ Էլիբեկյանը երևույթ էր հայ գեղանկարչության պատմության մեջ։ Նկարելու ձիրքը նրա մեջ եղել է ի ծնե,  ավարտել է Թիֆլիսի «Հայարտան» նկարչական ստուդիան՝ ճանաչված նկարիչ Գիգո Շարբաբչյանի ղեկավարությամբ։ Սակայն ճակատագիրը նրա համար այլ բան էր նախատեսել։ Տակավին 26 տարեկան Վաղարշակ Էլիբեկյանը նշանակվում է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն։ Նա սիրով համաձայնում է՝ հույս ունենալով, որ թատրոնում կշարունակի նկարչական գործունեությունը։ Բայց տնօրենի աշխատանքը նրանից այնքան ժամանակ է խլում, որ ոչ միայն նկարելու, այլև ընտանիքով զբաղվելու ժամանակ չէր մնում։ Արդյունքում նկարչությունը նրա մեջ «քուն է մտնում»։ Բայց, բարեբախտաբար, ոչ այնքան խոր, քանզի թատրոնում աշխատելու տարիներին Վաղարշակ Էլիբեկյանը ձևավորել է երկու տասնյակից ավելի ներկայացում և ամեն մի նոր պրեմիերայից հետո թե՛ գործընկերները, թե՛ քննադատները պնդում էին, որ Վաղարշակ Էլիբեկյանի կոչումը, այն էլ ի վերուստ տրված, նկարչությունն է։ Միայն 1974 թվականին, անցնելով կենսաթոշակի, սկսեց զբաղվել նկարչությամբ։ Շատ դժվար է բացատրել ներքին աշխարհի ուշ արթնացումը, երբ նա թատերական  ասպարեզում արդեն կերտել էր իր կենսագրությունը։

 Ու սկսեց Էլիբեկյանը նկարել, նկարել իր մանկությունը։ Հին Թիֆլիսն է նրա գլխավոր թեման։ Չնայած այն հանգամանքին, որ Թիֆլիսը բազմազգ քաղաք էր, Էլիբեկյանի մանկության Թիֆլիսը շատ է հայկական, այո՝ հենց հայկական։ Նա Վրաստանի մայրաքաղաքը նկարում է այնպես, ինչպես տեսել է մանկության և պատանեկության տարիներին։ Դժվար գործ էր ձեռնարկել նկարիչը։ Չէ՞ որ Թիֆլիսն այսօր ժամանակակից մեծ քաղաք է՝ լայնահուն պողոտաներով, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով, երկնաքերներով։ Եվ նա պետք է «բարձրացներ» այդ քաղաքի վարագույրը և տեսներ հինը՝ իր մանկության քաղաքը։ Նա կարողացել է կատարել իր խնդիրը և այնքան լավ, որ նրա կտավներով այսօր համարձակ կարելի է դատել հին Թիֆլիսի մասին, քաղաքի, որը մոտ է շատերի սրտին։ Իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէր։ 20-րդ դարում այստեղ ծնվել և որպես նկարիչ կայացել են Երվանդ Քոչարը, Գևորգ Յակուլովը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտոն), Հովսեփ Կարալյանը։ Եվ ահա նրանց կողքին սկսում են հիշատակել նաև Վաղարշակ Էլիբեկյանին, որը նույն հողի ու ջրի ծնունդ է և իրավամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել թիֆլիսահայ նկարիչների այս անդաստանում։

Եվ այսպես, նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանը կայացավ։ Նրա մուտքը հայ կերպարվեստ շռնդալից էր։ Արդեն երկու տարի անց, 1976 թվականին, նա երկու անհատական ցուցահանդես ունեցավ Երևանում, մեկը՝ Թբիլիսիում։ Վաղարշակ Էլիբեկյանի՝ նկարչություն մուտք գործելու հետ ամբողջացավ Էլիբեկյանների նկարչական գերդաստանը։ Այո, հենց այդպես։ Սովորաբար գերդաստանի սկիզբը դնում է ծնողը։  Էլիբեկյանների պարագայում ստացվեց ուղիղ հակառակը, քանզի Վաղարշակի որդիները՝ Հենրին և Ռոբերտն արդեն իսկ անուն հանած նկարիչներ էին։ Շուտով տարբեր քաղաքներում՝ Վիլնյուսում, Մոսկվայում, Վիսբադենում, սկսում են կազմակերպվել Էլիբեկյանների անհատական ցուցահանդեսներ։ Այնուհետև Վաղարշակ էլիբեկյանի գործերը ցուցադրվել են Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և այլուր։

 Վաղարշակ Էլիբեկյանի մասին մեր պատումը թերի կլիներ, եթե չասեինք, որ այսօր իրենց հայրերի կողքին են կանգնած Ռոբերտի և Հենրիի զավակները՝ Արեգը, Երվանդը և Վաղարշակը, ովքեր պատվով են շարունակում ավագ Էլիբեկյանների գործը։ Նրանք ևս ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում։ 

Լևոն Ազրոյան

«Արմենպրես»-ի թղթակից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]