Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս պարագայում մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին»,- նշեց նախարարը: Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած հանդիպումների ընթացքում  ներկայացրել է 2016թ-ի ապրիլյան պարտերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ իր զեկույցը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առ այն, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։ Զրուցակիցները շեշտել են Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում, որտեղ կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Համանախագահների տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ նախարարների հետ քննարկել են շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող ներկայիս իրավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ փետրվարի Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:Քքննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Արգենտինացի պատգամավոր Նիլդա Սելիա Գարեն ներկայացրել է մի օրենքի նախագիծ, որը նախատեսում է Արգենտինայում  քրեականացնել ցեղասպանության ժխտումը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը ենթադրում է նաև քրեական պատիժ Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը:

Ֆրանսիայի նորաստեղծ En Marche! շարժման առաջնորդ, Ֆրանսիայի տնտեսության, արդյունաբերության ու թվայնացման նախկին նախարար և ներկայում արդեն նախագահի  թեկնածու Էմանուիլ Մակրոնն Ալժիր կատարած այցի ընթացքում Echourouk News-ին տված հարցազրույցում Ալժիրում Ֆրանսիայի գաղութատիրության տարիները բնորոշել է որպես «մարդկության դեմ հանցագործություն»: Նման հայտարարությունը բուռն արձագանքի է արժանացել ֆրանսիացի քաղաքական գործիչների կողմից: Պատասխանելով քննադատություններին` Մակրոնը նշել է, որ մարդկության դեմ հանցագործություն ասելով՝ չի ցանկացել «համեմատել Շոան կամ Հայոց ցեղասպանությունը այն ամենի հետ, ինչ կատարվել է Ալժիրում պատերազմի տարիներին»:

Լապշինի գործ

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան: Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է: Այն կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը և անհապաղ ազատ արձակել բլոգերին: Օտտավայի Քարլթոնի համալսարանում «Բելառուսը և նրա հարևանները» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն: Դասախոսությանը ներկա են գտնվել Օտտավայի հայ ուսանողների միության, ինչպես նաև Օտտավայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները: Դասախոսության ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հայ ուսանողների կողմից Բելառուսի փոխարտգործնախարարին է ուղղվել հարցերի տեղատարափ, որոնք բացառապես կապված էին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին` Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու, և առհասարակ, Բելառուսում մարդու իրավունքների խախտումների հետ, որոնց Օլեգ Կրավչենկոն շփոթված ու հակասական պատասխաններ է տվել: Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը  Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանելու համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, ահազանգում է, որ իր ամուսնուն չեն տրամադրում անհրաժեշտ իրավաբանական աջակցություն, իսկ նշանակված հանրային պաշտպանն ամենևին հավատ չի ներշնչում: 

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անցած հարուստ պետական-քաղաքական ուղին և պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացմանն ու շարունակական վերելքին, միջազգային ասպարեզում դերակատարության ավելացմանն ու գերմանացի բարեկամ ժողովրդի բարօրությանը: 

Հայաստանը 21 հորիզոնականով առաջադիմել է Heritage Foundation-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսում՝ 2017 թվականի ինդեքսով 70.3 միավորով զբաղեցնելով 33-րդ տեղը 180 գնահատված երկրների շարքում և ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում: Դիրքը համադրելի է երկրի կողմից արձանագրված պատմական լավագույն արդյունքին:

Ընտանիքի հետ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված և ժամանակավոր ապաստան հայցած Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը նույնպես մասնակցում էր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին, որը համախմբել էր  մի շարք փորձագետների, քաղաքական գործիչների: Նա աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ Ադրբեջանում գտնվելը իր եւ իր ընտանիքի համար ռիսկային էր: «Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել: Նորից այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է: Իսկ Հայաստան գալու առումով ես չեմ սխալվել»,- ասաց նա:

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայում ընդունել է հերթական անգամ Հայաստանից ուղարկված շուրջ 18 տոննա հումանիտար օգնությունը: Այն նախատեսված է սիրիական հակամարտությունից տուժած բնակչության համար: Հումանիտար օգնության փաթեթների վրա գրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն երկրորդ անգամ է մարդասիրական օգնություն ուղարկում Սիրիա: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ն Սիրիա է առաքել 40 տոննա բեռ: 

Oտարերկրյա հաքերները ներթափանցել են ՀՀ բանկերից մեկի համակարգչային ցանց և հափշտակել 133 մլն դրամ:

Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի (Iran Nanotechnology Initiative Council) հրավերով տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան: Այցի շրջանակում նախաստորագրվել է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ Իրանի արդյունաբերական հետազոտությունների և ստանդարտների ինստիտուտի (ISIRI) նախագահի տեղակալի հետ։ Ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակներ բացելու վերաբերյալ` մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, ինչը կնպաստի հայկական արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, զբոսաշրջության աճին և կապահովի տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ:

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին  Գյումրիում հայտարարել է մեկ միլիոն եվրո բյուջեով Տարածքային զարգացման դրամաշնորհի մասին, որն ուղղված է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը:

«ՄաքԴոնալդս» ընկերությունը Հայաստանում  ռեստորանային ցանց բացելու ծրագիր առայժմ չունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը տեղեկացրեց, որ նախարարության ներդրումային վարչությունն այս մասին պաշտոնական նամակ էր ուղարկել «ՄաքԴոնալդս»-ին, որն էլ հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում իր առևտրային ցանցը բացելու մտադրություն չունի:

Թուրքիայում հրատարակվել է գրող Զերի Ինանչի «Երևանի ռադիոյի քրդական ձայնը» վերնագրով գիրքը, որը պատմում է Հանրային ռադիոյի կամ, ինչպես քրդերն են սովոր ասել, Երևանի ռադիոյի՝ Թուրքիայում ապրող քրդերի լեզվի և մշակույթի պահպանման հարցում ունեցած դերի մասին: Ինանչը նշել է, որ Հանրային ռադիոյի արխիվներում պահպանված են ավելի քան 10000 քրդական ժողովրդական երգերի ձայնագրություններ, որոնք ժամանակին արգելված են եղել Թուրքիայում:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին գնում է քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, որի ձայնը շատ բարձր է հնչելու: Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում այդ մասին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայանում է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և բոլոր հնարավոր այլ ամբիոններից ու հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ տանել»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա կոչ է արել դեռևս վառոդը չոր պահել, քանի որ պայքարը շարունակվում է: ԵԿՄ 11-րդ համագումարում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Սերժ Սարգսյանը նշեց. «Ձեզնից շատերը հիշում են, որ 90-ականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանք իրենց պարտքն էին համարում ելույթ ունենալ և ասել, որ մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ են խմելու: Ինչպես պատմությունը ցույց տվեց, մեր ժողովրդի հերոս զավակների ջանքերով այնպես է ստացվում, որ ոչ միայն Ստեփանակերտում թեյ չեն խմում, այլև զրկվեցին Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում և այլ վայրերում թեյ խմելուց»,-  ասաց ՀՀ Նախագահը՝ ընդգծելով, որ մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, բայց ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը:

Հայաստանի 5 մարզերում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Նուռնուս համայնքի  ղեկավար է ընտրվել անկուսակցական Մնացական Գևորգյանը, Արևիկ համայնքում ամենաշատ ձայն ստացել է ՀՀԿ-ական Վարդգես Մելքոնյանը, Ախուրիկ գյուղում ՝ Հովհաննես Պողոսյանը, Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Արտաշես Սաֆարյանը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում, Արարատի մարզի Նորակերտ համայնքում Հովհաննես Հարությունյանը վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում առանց մրցապայքարի գյուղապետի պաշտոնում վերընտրվել է ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը, Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում Համլետ Թորոսյանն ընտրվել է գյուղապետ:

ՀՀԿ համամասնական ցուցակն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ցուցակի երկրորդ համարը կլինի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը`ՀՀ արդարադատության նախարար  Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը` ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, 5-րդը` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Ցուցակի 6-րդ համարն Արմեն Աշոտյանն է, 7-րդը` Էդուարդ Շարմազանովը, 8-րդը Մարգարիտ Եսայանը, 9-րդը` Սամվել Ֆարմանյանը, 10-րդը` Կարեն Ավագյանը: «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցություններն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ստորագրեցին Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ համաձայնագիր: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Երկրորդ համարը կլինի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, երրորդ համարը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցություններն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով: Նրանք դրա վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: ՀՅԴ-ն հրապարակել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 30 թեկնածուների անունները: Ցուցակը կգլխավորի ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ՀԱԿ-ՀժԿ դաշինքի համամասնական ցուցակն Աժ առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցուցակում երկրորդը Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը՝ Լևոն Զուրաբյանը, չորրորդը Զոյա Թադևոսյանն է, հինգերորդը` Արամ Մանուկյանը: «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության համամասնական ցուցակի առաջին 7 անձանց անունները: Արթուր Բաղդասարյանը գլխավորելու է ցուցակը, երկրորդը Մհեր Շահգելդյանն է, երրորդը` Հեղինե Բիշարյանը, չորրորդը` Հովհաննես Մարգարյանը, հինգերորդը` Էդգար Առաքելյանը: «Բարգավաճ Հայաստան» և «Ալյանս» կուսակցություններն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին հուշագիր են ստորագրել: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր ներկայացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ցուցակի առաջին համարը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն է, երկրորդ համարը` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երրորդը` Ստեփան Սաֆարյանը, չորրորդը` Անահիտ Բախշյանը, հինգերորդը` Մասիս Այվազյանը։ Հայաստանի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Դաշինքը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է, երրորդը` Էլինար Վարդանյանը, չորրորդը` Վահագն Հովհաննիսյանը, հինգերորդը` Անդրանիկ Թևանյանը։ Րաֆֆի Հովհաննիսյանը դաշինքի ցուցակում 11-րդն է:

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների օրը փոխելու որոշում պետք է կայացնեն առաջադրված բոլոր կուսակցությունները: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

ՀՀ կառավարությունը հաստատեց Երևանի ավագանու ընտրությունը 2017 թվականի մայիսի 14-ին նշանակելու մասին որոշման նախագիծը:

Կենտրոնական բանկի ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%:  Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.5% և 4.5%:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Հուավեյ թեքնոլոջիս » ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ «Խելացի քաղաք» պիլոտային  ծրագրի իրականացման վերաբերյալ։

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրը, բազմաթիվ միջոցառումներ է նախատեսում:  Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը մեկնարկեց Խնկո ապոր անվան մանկական գրադարանում: Խնկո Ցուցահանդես-վաճառքն առաջին անգամ գործելու է հինգ օր՝ փետրվարի 17-21-ը: Ցուցահանդես-վաճառքի շրջանակներում որոշ հրատարակչություններ գրքերը կվաճառեն հատուկ զեղչերով:

Փետրվարի 15-ին Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող, հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է: Գրիգորը սովորել է Երեւանի թիվ 127 դպրոցում, որտեղ նրան դասավանդած ուսուցիչները կարոտով են հիշում դասարանի համեստ ու լուսավոր աշակերտներից մեկին: «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Գուրգեն Հովհաննիսյանի և նրա սխրանքի պատմությունը։

Սփյուռք

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի  հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: «Նրանց կընդունի Վեհափառ Գարեգին Բ հայրապետը: Գալիս են Էջմիածին իրենց հարաբերությունը կաթողիկոսի օրհնությամբ թարմացնելու: Նրանք Սուրբ Էջմիածնում կաղոթեն իրենց եղբայրության համար»,-ասաց Արա Գոչունյանը: Նրա խոսքով, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև ստեղծված ճգանաժամը լուրջ խոչընդոտի կարող էր վերածվել, այն հաջողվեց կասեցնել, այդ գործում իր ներդրումն ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին ընդդիմանալ Իսրայելի կողմից ամերիկյան տեխնոլոգիաներով ստեղծված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքին Ադրբեջանին: 

Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, Ատոմ Էգոյանին շնորհել է Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար: 

Միջազգային խճանկար

Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` պահանջելով ստիպել Անկարային վերջ տալ Սիրիայի դեմ կրկնվող հարձակումների և խախտումների քաղաքականությանը:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել Է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ խոստացել Է «զգալի միջոցներ» ձեռնարկել:

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Բենուա Ամոնը դատապարտել է Մարսելում Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումը: «Ամոթ նրանց, ովքեր պղծել են Միսաք Մանուշյանի հուշարձանը: Նա և նրա ընկերները գնդակոծվել են նացիստների կողմից Ֆրանսիայում»,- թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն և գրառման ներքո տեղադրել Մանուշյանի խմբի լուսանկարը:

Ավստրիայի ընդդիմության մեջ գտնվող Կանաչների կուսակցության անդամ Պետեր Պիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները լրտեսական գործունեություն են ծավալում: Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին:  Գերմանական Welt պարբերականի լրագրողը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կենտրոնացման ուժեղացման, ԵՄ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի եւ եվրոպական ընդհանուր բանակի ստեղծման բանաձեւին։

Մալայզիայում սպանվել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Կիմ Չոն Նամը ենթադրաբար սպանվել Է օդանավակայանում թունավորված ասեղներով: Հարձակումը կատարել են երկու կանայք: Կիմ Չոն Նամը Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը: Նրանց մայրերը տարբեր են: Կիմ Չոն Նամը զրկվել Էր հոր բարեհաճությունից, հեռացվել բարձրագույն պաշտոնի ժառանգումից: 2001 թվականից նա ապրում Էր արտասահմանում։  Կիմ Չեն Նամը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը, կարող Է սպանված լինել իր քեռու գաղտնի հաշիվների եւ հորից ժառանգած միջոցների շուրջը ծագած վեճի պատճառով: Կիմ Չեն Ընը եղբորը «հրամայել Է» վերադառնալ ԿԺԴՀ եւ հետը բերել իր տնօրինության տակ եղած ամբողջ փողը, որը «խիստ անհրաժեշտ Է երկրին միջազգային պատժամիջոցների պայմաններում»: Կիմ Չեն Նամը չի ենթարկվել, ինչը «սաստիկ զայրացրել Է» Հյուսիսային Կորեայի ղեկավարին: Հենց դա Էլ կարող Էր պատճառ դառնալ Կիմ Չեն Նամի վերացման համար, պնդում Է The Korea Times-ը:

Մշակույթ

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի գրողների միությունում: Մեծ գրողի անվան մրցանակը հանձնվեց  գրող Արմեն Շեկոյանին «Հայկական ժամանակ» վիպական պատումի մեջ Հրանտ Մաթևոսյանի կերպարը լավագույնս ներկայացնելու համար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի միջև կնքվեց հինգ տարվա համագործակցության պայմանագիր: Պայմանագրի շրջանակում կլինեն  ուսանողների և ուսուցիչների երկկողմ այցելություններ և փորձի փոխանակում: Պաշտոնական այցի շրջանակում ԵԹԿՊ-ում հյուրընկալվել էր ՌԹԱՊԻ-ի պատվիրակությունը՝ ռեկտոր Գրիգորի Զասլավսկու  ղեկավարությամբ:

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՌԴ մշակույթի գործիչ, նկարիչ, երգահան, պրոդյուսեր, ռեժիսոր Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Արվեստասերնրի դատին հանձնվեց Նամինի կյանքի տարբեր ժամանակահատվածներում արված 80 ստեղծագործություն:

Սպորտ

Մինսկում անցկացվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային  մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը Սոֆիայի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am