ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերսկսել ԼՂ հարցով համապարփակ բանակցությունները
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը փետրվարի 16-ի առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում, որտեղ կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համանախագահների տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ նախարարների հետ քննարկել են շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող ներկայիս իրավիճակը: Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և որ պատերազմը տարբերակ չէ` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղերում, այնպես էլ հանրային հաղորդակցության մեջ ու պատրաստել իրենց բնակչություններին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:
Համանախագահները կոչ են արել կողմերին նաև պահպանել 1994-1995թ.թ. հրադադարի պայմանագրերը, որոնք թշնամական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում: Համանախագահները հղում են արել իրենց երկրների նախագահների կողմից 2011թ-ին ընդունված Դովիլի հայտարարությանը` ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն կբերի ավելի շատ տառապանքի ու կործանման և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Համանախագահները կողմերի հետ կարծիքներ են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կբերեն 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների որոշումների իրականացմանը` նպատակ ունենալով կայունացնել իրավիճակի հակամարտության գոտում: Համանախագահները ընդգծել են առավել մեծ ճկունություն ցուցաբերելու կարիքը` կայուն կարգավորման հասնելու համար հնարավորինս շուտ համապարփակ բանակցությունները վերսկսելու հարցում:
Համանախագահներն ընդունել են, որ ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու Հայաստանի իշխանությունների վերջին որոշումն օգտակար հումանիտար քայլ էր: Երկու նախարարներն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը միջազգային հումանիտար պարտականությունները կատարելու հարցում, այդ թվում նրանք, որոնք սահմանվել են 2010թ-ի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների Աստրախանում ընդունած համատեղ հայտարարությամբ:
Համանախագահները տեղյակ են, որ 2017թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված է անցկացնել սահմանադրական հանրաքվե: Չնայած, որ համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգը դիտում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, նրանք կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Ըստ այդմ, համանախագահները չեն ընդունում 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները` որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: Համանախագահները նաև ընդգծում են, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մարտին: