Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

«Տղաներ, որ ելան մարտի». Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. Գուրգեն Հովհաննիսյանը քաջ գիտակցում էր պատերազմի տրամաբանությունը


ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Գուրգեն Հովհաննիսյանի և նրա սխրանքի պատմությունը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից նա ստացել է «Մարտական ծառայություն» մեդալ, ինչպես նաև «Քաջարի մարտիկ» կրծքանշան՝ դիվիզիայի հրամանատարի կողմից։

Գուրգեն Հովհաննիսյան. նրա մասին տեղեկացա շատ պատահական։ Լսել էի, որ նրա ջոկն անվանում են «քաջերի ջոկ», իսկ նրան փորձառու զինվորականները կարճ բնութագրում են` գեներալի ինքնուրույնությամբ ժամկետային զինծառայող։ Նա եղել է դասակի հրամանատարի տեղակալ, հենակետի ավագ, ավագ սերժանտ։ Որոշեցի ինքս հարցուփորձ անել ու համոզվել, արդյո՞ք Գուրգենն իրոք այդպիսին է, ինչպիսին նկարագրում են։

Խոսակցությունը սկսեցի այն հարցից, թե ինչու են իր ջոկն այդպես անվանում և նա սկսեց պատմել։ Պարզվում է նա եղել է հենակետի ավագը, ում ջոկը, որ բաղկացած է եղել 8 հոգուց, բարձրացել է դիրքեր և նույն կազմով էլ իջել։

««Մենք պետք է դիրքից իջնենք հենց այս կազմով և ուտենք ու խմենք». այսպես եմ ասել իմ ջոկին։ Տղաների մեջ մի փոքր խուճապ կար, ասում էին. «Գուգո, էլ ի՞նչ, մենք այլևս չենք լինի, երկու կողմի դիրքերի տղաները ողջ չեն»։ Ես էլ այդ պահին բառացի այդ խոսքերն ասացի, ուզում էի անպայման քաջալերել նրանց, որպեսզի ոչ մի պարագայում չհուսալքվեն։ Ճիշտն ասած, այդպիսի բան հնարավոր չի, շատերը չեն հավատացել, որ մենք այդքան բան ենք կարողացել անել։ Մեր դիրքի շրջակայքում հակառակորդի 50-70 դիակ կար։ Նրանք փորձում էին բարձրանալ կողքի բարձունքը։ Մենք այդ ժամանակ երեք նռնականետով կրակել ենք այդ ուղղությամբ, և նրանք գլորվելով ընկնում էին։ Երկու կողմի դիրքերի 17 զինվորներից ողջ էին մնացել ընդամենը 3-ը, իսկ մեր դիրքում 8 հոգով էինք և բոլորս անգամ առանց վիրավորվելու հետ ենք վերադարձել»,- պատմեց Գուրգենն ու հետո որոշեց սկսել ամենասկզբից։

Ասաց, որ ապրիլի մեկը իրենց համար սովորական մարտական հերթապահության օր էր։ Բարձրացել էին դիրքեր ընկերների հետ (նրանց մի մասը այժմ ողջ չէ)։ Նրանց ձախ կողմի դիրքում ապրիլյան քառօրյայի հերոսական մասնակիցներից Արման Ավետիսյանն է եղել, ով նաև Հովհաննիսյանի ընկերն է, իսկ աջ կողմում՝ հերոսաբար նահատակված Բագրատ Ալեքսանյանի ու Ադամ Սահակյանի դիրքը։

«Ես եղել եմ հենակետի ավագը։ Գիշերը շատ հանկարծակի անօդաչու թռչող սարքերով սկսեցին նկարել։ Զեկուցելուց հետո անմիջապես մեր գումարտակի հրամանատարը հրաման տվեց, որպեսզի անցնենք շրջանաձև պաշտպանության։ Ու մոտ ժամը 4-ի սահմաններում Ադամը զեկուցեց, որ դիվերսիոն խումբ է մտել իրենց դիրք։ Դրանից հետո, անմիջապես Արմանենց հենակետի ավագը նույնն ասաց։ Բնականաբար, արդեն թշնամին իմ դիրքին էլ էր շատ մոտ, ընդամենը 70 մետր էր բաժանում։ Սպասում էինք նաև հարձակում մեր դիրքի վրա, շրջանաձև կանգնած էինք, բայց տեսնում էինք, որ մեր խրամատ, չգիտեմ ինչու, չէին մտնում։ Հետո հասկացա, որ նրանց պետք էր սկզբում բարձունքը գրավել, որ հեշտ լիներ մեզ վրա հարձակվելը։ Դրանից հետո մենք սկսեցինք օգնել։ Երկու մասի էինք բաժանվել և մեր կողքի երկու դիրքերին էլ լույսերի և զինատեսակների շնորհիվ բավականաչափ օգնել ենք։ Զինամթերքի մի մասը սպառել ենք՝ օգնելով մեր ընկերներին։ Ես որպես հենակետի ավագ ասում էի, որ զինամթերք պահենք, քանի որ հասկանում էի, որ մեզ վրա էլ կհարձակվեն, ամեն ինչ այդպես չի վերջանա»։

Հետո լսել է, որ Արմանը վիրավոր է։ Առավոտյան, երբ արդեն լույսը բացվել է, դիպուկահարն ասել է, որ երկու հոգի մտնում են խրամատ։ Առանց զենքի Գուրգենը դուրս է եկել, մոտեցել է թշնամուն ու մոտն էլ երկու նռնակ է եղել։ Վազելով գնացել է խրամատի աջ կողմը, այսինքն՝ դեպի նրանց։ «Նրանք տեսան ինձ, ասեմ, որ տարիքով մեծ տղամարդիկ էին։ Ինձ տեսան, իջան ներքև ու ես լսեցի, որ ռուսերեն խոսում են։ Այդ ժամանակ մեկը մյուսին հարցրեց «նռնակ կա՞ մոտդ», մյուսը պատասխանեց, որ կա։ Վերցրեց նռնակը, որ նետեր իմ կողմ, չհասցրեց, ես արդեն օղակը քաշել էի ու շպրտեցի իրենց կողմը։ Անգամ չնայեցի, թե ինչ կատարվեց։ Նռնակը այնքան լուրջ զինատեսակ է, որ անհնար էր, նրանք ողջ մնային»,- հիշում է մեր պատմության հերոսը։

Հակառակորդն, անկախ ամեն ինչից, իր մտադրությունից հետ չկանգնեց: Նոր խմբեր ներքաշվեցին մարտում: Ջոկի դիպուկահարը` Գրիգոր Գրիգորյանը, Գուրգենի օգնականը` Դանտես Ջանգոյանը, ընդհանրապես չեն վրիպել: Երեք անգամ էլ նռնականետով Կորյուն Պապլարյանն է դիպուկ կրակել: «Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. պատերազմի տրամաբանությունը շատ պարզ է»,- նշում է Գուրգենը:

Նրանց այլ զինամթերք հասցնելը անհնար է եղել, որովհետև ամբողջ ճանապարհը հակառակորդը ինտեսնիվ հրետակոծության տակ է պահել։ Գուրգենն անընդհատ բղավել է, որ պետք է թաքնվեն և հետո շարունակեն մարտը վարել, այլապես անհնարին կլիներ առանց վիրավորների դուրս գալ այդ իրավիճակից։ Մոտավորապես ժամը 09:30-10:00-ի սահմաններում, երբ իրենց մոտ այլևս զինամթերք չի եղել, կանգնել է դիրքի մեջտեղում, բարձր «Հայր Մեր»-ն է արտասանել։ Ասում է, թե դա շատ մեծ ուժ է տվել իրեն ու տղաներին։ «Մենք հոգեբանորեն պատրաստ չէինք դիրքը թշնամուն թողնել: Այնքան ուժ էինք ներդրել: Ինձ մոտ էլ ընդամենը երկու նռնակ էր մնացել։ Ստիպված էինք կտրուկ որևէ որոշում կայացնել»։ Հետո Գուրգենը մի պահ լռեց, դադար տվեց, երևի մտքերն էր իմի բերում։ Մեկ էլ հանկարծ անկեղծացավ. «Ես Ռոբերտ Աբաջյանին չէի ճանաչում, մեր զորամասից չէր, բայց շատ եմ հասկանում նրան։ Ես էլ եմ նույն իրավիճակում հայտնվել, որ ընդամենը վերջին երկու նռնակ էր մնացել ինձ մոտ։ Ամեն վայրկյան պատրաստ էի, քաշել ձգանը, ու ինձ՝ թեկուզ իմ տղաների հետ, պայթեցնեի, բայց կարևորը գերի չընկնեինք։ Մի պահ եղավ, երբ մոտ 7-8-ի սահմաններում ռադիոկապով լսում էի, որ Ադամ Սահակյանն ասում է իրենց դիրքում միայն ինքն է ողջ մնացել։ Այդ ժամամանակ, մեր մյուս կողմի դիրքից էլ (Արման Ավետիսյանի դիրքից) լսում էի, որ ասում էին հենակետի ավագը ողջ է, մեկ զինվորի հետ։ Ու մի որոշ ժամանակ անց նկատեցի, որ վիրավոր զինվոր է գալիս դեպի մեզ, հարցրի, թե որտեղ է հենակետի ավագը, պատասխանեց, որ զոհվել է։ Նրա դիակը հնարավոր չէր բերել»։

Այդ ժամանակ նրանց ուղղությամբ նորից սկսել են կրակել։ Հազիվ այդ կրակից թաքնվել են։ Հրետանիով էլ են կրակել։

Երբ պատմում էր այս ամենը, ուզում էի կանգնեցնել նրան, որպեսզի այլևս չշարունակի ու չտանջի ինքն իրեն այդքան մանրամասն պատմելով ամեն ինչ։ Բայց արդեն ամեն ինչ ասել էր։ Միայն վերջում ավելացրեց՝ հիշո՞ւմ եք, որ ասացի նույն կազմով պիտի իջնեինք ու քեֆ անեինք, գլխով դրական պատասխան տվեցի, նա էլ շարունակեց. «Երբ ամեն ինչ վերջացավ ու իջանք, մենք այդ ամենը կազմակերպեցինք»… Ավագ սերժանտը հուլիսին պիտի զորացրվեր, ապրիլին դեպքերը սկսվեցին։ Ծառայության վերջին 1,5 ամիսը՝ մոտ 40 օր, եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, որովհետև պատերազմից մեկ ամիս անց կոտրել է ոտքը։ «Գիշերը ժամը չորսին՝ ծառայություն իրականացնելիս, սայթաքեցի և ոտքս հակառակ ծալվեց ու կոտրվեց։ Բուժում ստացա հոսպիտալում և դուրս գրվելու հաջորդ օրը զորացրվեցի»,- պատմում է Գուրգենը։ Զգում էի, բացի ափսոսանքից ու կորստի ցավից, նաև հպարտություն կա նրա աչքերում։ Հենակետի ավագը կարողացել է անել այնպես, որ իր ջոկի բոլոր տղաների ողջ ու առողջ իջնեն դիրքերից։ Ասում էր, թե պատրաստ չէր իր ընկերների անշնչացած մարմինները հանձնել ծնողներին, դա շատ ցավալի է և հենց այդ մտածմունքն ու աղոթքն իրեն ուժ են տվել։ Անկեղծացավ՝ ես էլ անձամբ չէի հավատում, որ այդտեղից կարող եմ ողջ դուրս գալ։

Որոշեցի հարցնել, թե ինչ է զգում, երբ իրեն հերոս են ասում։ Չէ՞ որ կարողացել է այնպես ղեկավարել իրավիճակը, որ 8 հոգուց և ոչ ոք չմահանա և անգամ չվիրավորվի։ «Հպարտություն եմ զգում, երբ ասում են հերոս, բայց ինչ-որ տեղ էլ ավելի լավ է, որ իմ անձը ավելի շատ սիրեն, քան իմ արած քայլը։ Ես հպարտ եմ իմ արած քայլով ու ընդհանրապես չեմ մտածում, որ մարդ եմ սպանել, ու առհասարակ ինձ թվում է՝ ոչ ոք չի մտածում, որ մարդ է սպանել։ Ինքս էլ հերոս եմ համարում բոլոր տղաներին, առաջնահերթ՝ մեր զոհված ընկերներին։ Հատկապես ուզում եմ շեշտել իմ ամենամոտ ընկերոջը՝ Բագրատ Ալեքսանյանին»,- նշեց Գուրգենն ու այդ պահին զգացի, որ հուզվում է, չհասցրի հարց տալ, սկսեց մի պատմություն պատմել։ «Կուզենայի ասել, որ դեռ ծառայության ժամանակ Բագրատի հետ պայմանավորվել էինք, որ ինքը պետք է ինձ կնքի, քանի որ կնքված չէի։ Բայց կորցրի ընկերոջս, դրա համար իրենց ընտանիքին խնդրեցի, որպեսզի նրանք կնքեն ինձ և եղբորս։ Այդպիսով՝ Բագրատի ծնողները դարձան իմ քավորն ու քավորկինը։ Ավետիսյան Արմանն էլ էր ներկա իմ կնունքին»։

Գուրգենի մոտ ամեն ինչ հստակ էր, պատկերացումները, տարբեր հարցերի շուրջ, երազանքներն ու նպատակները։ Ինչպես նաև ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։ Երազում է, որ սահմաններին խաղաղություն լինի, ասում է դրանից լավ երազանք չի կարող լինել։ Բայց, որ ամենակարևորն է՝ ցանկանում է, որպեսզի բոլոր զինվորները ծառայությունից հետո վերադառնան տուն և նորից զգան ընտանիքի կողքին լինելու այդ քաղցրությունը։ «Ես արդեն զորացրվել եմ, գիտեմ, թե ինչ բան է երկու տարի անց, նորից գտնվել ընտանիքի կողքին, հատկապես, երբ նմանատիպ փորձության միջով ես անցնում։ Բայց ամեն գնով պատրաստ եմ թե՛ փորձով, թե՛ խորհրդով օգնել իմ ընկերներին, եղբորը, ովքեր այժմ ծառայում են։ Աստված տա իմ և այլ տղաների, ովքեր արդեն զորացրվել են, կարիքը չլինի, բայց ամեն վայրկյան, բացի խորհուրդներից, պատրաստ եմ կանգնել նրանց կողքին»,-ասաց Գուրգենը։ Նա Արարատի մարզի Նոր Կյանք գյուղից է։ Հիմա երբ զորացրվել է, վարսավիրի մասնագիտիւթյուն է ձեռք բերել և աշխատում է մասնագիտությամբ։ Շատ է սիրում է երգեր լսել ու հատկապես հայրենասիրական երգեր, ինչը նրան շատ է ոգեշնչում։ Գուրգենը հակառակ ամեն ինչին փորձում է կյանքին ուրախ աչքերով նայել, մնացածին էլ հույս տալ և ինքն էլ աշխատում է հույսով ապրել։

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ