Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գրաբուս, գրքի տոնավաճառ, գրքեր զինվորներին ու համայնքներին. Գիրք նվիրելու օրը բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն

 Գրաբուս, գրքի տոնավաճառ, գրքեր զինվորներին ու համայնքներին. Գիրք նվիրելու օրը 
բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրը, բազմաթիվ միջոցառումներ է նախատեսում: «Արմենպրես»-ում հրավիրված ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը նշեց, որ դեռ հունվարի 28-ից մեկնարկել է «Գրքի շուրջ քննարկումներ» շարքը: Ամեն ամիս «Լոֆթ» կենտրոնում քննարկվում է մի գիրք, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փետրվարի 19-ին անցկացվելու է հաջորդ քննարկումը, որի ընթացքում մասնակիցներն անդրադառնալու են Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» գրքին: Ակտիվ 20 մասնակիցները նվեր են ստանում հաջորդ հանդիպմանը քննարկվող գրքի մեկ օրինակ: Գիրք նվիրելու օրն անակնկալ նվերներ կստանան բոլոր մասնակիցները:

«Հետաքրքիր նախաձեռնություն ունենք Ազգային գրադարանում: Քաղաքացիները, որոնք տանն ունեն գրքեր, դրանք չեն ընթերցվում և ցանկանում են նվիրել, համայնքներին, զինվորներին, ապա կարող են տանել Ազգային գրադարան, գրքի վրա գրել համայնքի կամ զորամասի անունը: Վստահ եղեք բոլոր գրքերը կհասցվեն հասցեատերերին»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 17-21-ն անցկացվելու է  գրքի տոնավաճառ, որը 13-րդն է: Մասնակցում է 14 հրատարակչություն, Գրողների միությունը, Սփյուռքի նախարարությունը: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին տոնավաճառը եռօրյա է լինում, ապա այս տարի 5-օրյա է:

«Նպատակը մեկն է, որ հասարակությունն ավելի ընթերցասեր դառնա: Ի դեպ, նախատեսել ենք «Նվեր զինվորին»  ակցիան: Քաղաքացիները կարող են 50 տոկոս զեղչով գիրք գնել և հատուկ պիտակով թողնել զինվորների համար: Անցկացնելու ենք նաև գրական ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ: Մի խոսքով, միջոցառումները բազմաթիվ են»,-ասաց նա:  

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի մշակութային հիմնադրամի հետ փետրվարի 19-ին անցկացնելու է գեղեցիկ ակցիա, որը կոչվում է Գրաբուս: Հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի խոսքով, դա Հայաստանի առաջին շարժական գրախանութն է լինելու:

«Համապատասխան ավտոմեքենան արտաքին, ներքին կահավորմամբ կունենա գրախանութի տեսք: Այն կշրջի տարբեր համայնքներում: Հայտնի մարդիկ, հասարակության շրջանում սիրված դեմքեր մեկ օր կդառնան գրավաճառներ: Գրքերն այդ օրը վաճառվելու են 30 տոկոս զեղչով: Կարծում ենք, որ այս համատեղ նախագիծը շարունակական բնույթ կրի»,-ասաց նա: Գրաբուս միջոցառման մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին, Ազատության հրապարակում:  

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: Այն Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությունն էր, որը տարիների ընթացքում իր տեղը գտավ հասարակության սիրելի տոների շարքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am