Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցություններն ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցություններն ընտրություններին 
կմասնակցեն միասնական ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցություններն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ երկու քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին համատեղ ուժերով հանդես գալու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել:

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համաձայնագրի մանրամասները ներկայացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով` ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ»  կուսակցությունների անդամները, ինչպես նաև այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցներն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը»,- ասված է հայտարարության մեջ։

«Ազատություն» կուսակցության առաջարկով  համատեղ համապետական ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատի ունենալով նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կազմակերպչական ռեսուրսները։

«Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է, ով, հաջողության դեպքում, կգլխավորի նաև խորհրդարանական խմբակցությունը։

Առաջիկայում ՀՀ քաղաքացիների դատին կհանձնվի միասնական ցուցակի նախընտրական ծրագիրը, որը հանդիսանում է ցուցակը ձևավորած յուրաքանչյուր անձի սեփականությունը, և որի դրույթներին հավատարիմ են ցուցակի բոլոր անդամները։ Նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը հեղինակել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների միասնական ցուցակում տեղ կգտնեն նաև «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը, «Էլեկտրիկ Երևան» և «Դեմ եմ» նախաձեռնությունների ակտիվիստներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am