Սարո Գալենցը Երեւանում ներկայացավ իր առաջին անհատական ցուցահանդեսով

00:00, 13 Դեկտեմբեր, 2006
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալբեր եւ Թովե Բոյաջյանե պատկերասրահում այսօր բացվեց Սարո Գալենցի` Երեւանում առաջին անհատական ցուցահանդեսը, որը ներառում էր, ընդհանուր առմամբ, 49 նկարներ: Ցուցադրված էին նրա տարբեր տարիների աշխատանքներից ընտրված գործերը` սկսած 1966-ական թվականներից մինչեւ 2006-ը: Հեղինակի խոսքով, աշխատանքներում ներկայացրել է իր ապրած ժամանակը, ապրած եւ կանխատեսելի կյանքի ուղին: Գալենցների նկարիչների հայտնի ընտանիքի զավակ լինելով` մեծ ազդեցություն ունի իր տարեցներից, թեեւ մշտապես փորձել է ինքնուրույն աշխատելաոճ ունենալ: Ցուցահանդեսում տեղադրված յուղանկարներում, էսքիզներում, ջրաներկով արված գործերում Ս.Գալենցն առավելապես հավատարիմ է մնացել երեւույթների բնական իրավիճակներին` դրանք արտացոլելով` ելնելով ներքնաշխարհի պոռթկումներից, զգացումներից եւ մտածմունքներից: Ցուցադրվել էին նաեւ կտավների նախնական տարբերակները` արված տուշով եւ գրիչով, ինչը ճանաչողական, ուսուցանող նպատակ ուներ երիտասարդ եւ սկսնակ նկարիչների համար: Ցուցադրության բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ Գալենցի աշխատանքները բազմազան են ու մեծածավալ, եւ նկարչի գործունեությունն ամբողջությամբ ներկայացնելու համար անհրաժեշտ են ավելի մեծ սրահներ: Հատկանշական է, որ շնորհաշատ նկարիչը հետաքրքիր մոտեցում ունի բնության յուրաքանչյուր մասնիկի նկատմամբ եւ դրանք յուրովի է պատկերում իր կտավներում. նկարներում գերակշռում են երկու մարմինների` մարդկանց, մոլորակների, տարբեր առարկաների փոխհարաբերությունները` դինամիկան աշխատանքներում դարձնելով ակնառու: Մշակութաբան Սուսաննա Գյուլամիրյանի գնահատմամբ, 60-ամյա նկարչի կտավներում ազգայինը դրսեւորվում է յուրահատուկ ձեւով կամ բոլորովին չկա: «Խոսքը շեշտված դեկորատիվ ազգային տարրերի` կարպետի, խաչքարի եւ այլնի մասին չէ: Նա փորձում է հայկական բնապատկերի միջոցով մատուցել «հայրենիքիե իր պատկերացումերը, որն արվում է ընդգծված սիմվոլների տեսքովե,- ասում է նա: Ի դեպ, այժմ Գալենցի 18 հասցեում նկարիչը ձեռնամուխ է եղել Գալենցների թանգարան հիմնելուն` նպատակ ունենալով այն դարձնել եվրոպական մակարդակի թանգարան: Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էր նրա որդին` Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող, նկարիչ Հարություն Գալենցը:

© 2009 ARMENPRESS.am