Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանություն է արել Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ։ Շավարշ Քոչարյանը, մասնավորապես նշել է. «Մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված գյուղի բնակիչներն վերապրեցին ողջ այն վայրագություններն ու բարբարոսությունը, որոնք իրավամբ համապատասխանում են մարդկության դեմ հանցագործության բոլոր չափորոշիչներին։ Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը և նոր հանցագործությունների իրագործման շարունակությանը։ Դրա անհերքելի ապացույցն են Արցախի դեմ անցած տարվա ապրիլին ձեռնարկված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված բարբարոս քայլերը»։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ:

Հայոց ցեղասպանության դատապարտում 

Ջորջ Շիրինյանի խմբագրությամբ լույս է տեսել նոր գիրք «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. Հայերը, ասորիներն ու հույները. 1913-1923» խորագրով: Գիրքը լույս է տեսել 2013 թվականի մայիսի 10-11-ն ԱՄՆ Իլինոյս նահանգում տեղի ունեցած կոնֆերանսի նյութերի հիման վրա:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում կայացավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին  տեղեկացրեց Բրազիլիայի առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը: «Մարտի 21-ին քաղաքն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցավոք, մինչ այժմ Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ օրենքով: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առայժմ հաջողությունները քաղաքային մակարդակով են: Առաջիկայում նույնպես Բրազիլիայի տարբեր քաղաքների կողմից ճանաչումներ սպասվում են»,- ասաց Սարգիս Կարամեկիանը:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 84 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին  տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի խոսքով, պետք է հաշվի առնել մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ-ի առաջամարտիկ լինելը և 1915 թվականին կատարվածը այս տարի նախագահի ելույթում պատշաճ կերպով պետք է բնութագրել որպես ցեղասպանություն:

Վրաստանի արտաքին գործերի նախագահ Միխեիլ Ջանելիձեն` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Զապորոժիեի մարզային պատգամավորները Գերագույն Ռադայի պատգամավորներին կոչ են արել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը: Ամերիկյան NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի բասկետբոլիստ Լուոլ Դենգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Հարավային Սուդանում մարդու իրավունքներին: Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին: Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն իր մտերիմներին և ընկերներին կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Աշխարհահռչակ մոդել, դերասանուհի, ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում դիտել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Հպարտ եմ այս ֆիլմով: Խնդրում եմ յուրաքանչյուրին դիտել «Խոստումը» ֆիլմը և վերջապես իմանալ հայ ժողովրդի պատմությունը»,-  նշել է Քիմ Քարդաշյանը: Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) անթույլատրելի է համարել ցեղասպանության կրկնությունը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը պատճառ դարձավ դրանից հետո գրանցված ցեղասպանությունների: Այս մասին Yahoo Movies-ի հետ առցանց հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյանը «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար, օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը: Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ապրիլի 12-ին իր պապի հետ ներկա է գտնվել Լոս Անջելեսում կազմակերպված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը: Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը Լոս Անջելեսում մասնակցել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:

Հայաստան և աշխարհ 

«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում ներկայացրել է անվտանգության, բիզնես միջավայրի, տուրիզմի, առողջապահության, բնական ռեսուրսների, մարդկային ռեսուրսների ու աշխատանքային շուկայի և մի շարք այլ բաղադրիչներով 136 երկրի վարկանիշը: Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը:

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում մասնակցել է խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում քննարկել է Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների ղեկավարները հավանություն են տվել այդ կազմակերպությունում Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու Քիշնեւի դիմումին: Այդ մասին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտնել Է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրասիական տնտեսական միության համագործակցության խթանմանը երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորների հետ, որոնք պատրաստ են միության հետ ռեալ համագործակցության: Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորումն արդեն երկրորդ տարին է` տեղի է ունենում բարդ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցման և գեոպոլիտիկ ցնցումների ֆոնին: Այս ամենը մի կողմից խոչընդոտներ է ստեղծում մեր միության լիարժեք կայացման ճանապարհին, իսկ մյուս կողմից բացում է նոր հնարավորություններ մեր երկրների ավելի սերտ համագործակցության համար»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ նման պայմաններում ԵԱՏՄ երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությունները թույլ են տվել կայունացնել անդամ պետություններում իրադրությունը, ցուցաբերել մակրոտնտեսական դիմացկունություն:

Յուրի Խաչատուրովը նշանակվել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,-լրագրողներին հայտարարել Է Սեմերիկովը՝ ամփոփելով Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: ՀՀ Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը հումանիտար ոլորտում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և մեր երկիրը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել: 

Ներհայաստանյան զարգացումներ

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական Տարեկան ցուցանիշները: ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն:

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ Պատարագին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ոստիկանության գործունեության բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումները, տեխնիկական վերազինումը, ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը տվել են սպասված արդյունքները: Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց, որը հուսալի գործընկեր է օտարերկրյա իրավապահ մարմինների համար և կարող է կատարել իր առջև դրված ամենաբարդ խնդիրները, և որին վստահությամբ է վերաբերվում մեր քաղաքացին»։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  արտահերթ նիտում ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի  ընտրությունների քվեարկության արդյունքները և ստորագրեց համապատասխան արձանագրությունը: Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 հազար մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը  6675 է: Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ստորագրվելիք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որն արժանացավ գործադիրի հավանությանը:  

ՀՀ կառավարությունը հաստատեց օրենքների նախագծերի փաթեթ, որը բիզնեսի համար նախատեսում է դրական մի շարք փոփոխություններ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ փաթեթով մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների համար հանվում է լիցենզավորման պահանջը՝ մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման, մաքսային փոխադրողի գործունեության և մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար:

«Ելք» դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի համամասնական ցուցակը: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակում ներառված են 63 անձ: Այն գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Կուսակցության ցուցակում, ընդհանուր առմամբ, ներառված է 195 մարդ: Ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագների նվազման մասին:

ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար,  պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ իրականացրեց Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29  բարդի և թեղի տեսակի ծառեր: Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ: Ա.Ս.-ն  ձերբակալվել է:

Սփյուռք

Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը  2017 թվականին ավելի շուտ է մեկնարկել, քան նախորդ տարիներին։ Բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց «Հայր մեր» տերունական աղոթքով։ Միջոցառումն ուղեկցվում էր «Ծաղկազարդ» երգչախմբի ելույթով։ 

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Մարսելից Ստամբուլ վերադառնալուց առաջ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ` հայտնելով, որ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախորդ շաբաթ փորձել է ստանալ իր ստորագրությունը «համաձայնագրի» չհամաձայնեցված տեքստի տակ: Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Սուրբ Փրկիչ հիվանդանոց հրավիրելիս նրան տեղյակ է պահել գրավոր առաջարկի տեսքով համաձայնության նախագիծ ներկայացնելու մասին: Նա նաև անդրադարձել է Բեքչյանի կողմից հրապարակած հայտարարությանը` անդրադառնալով իր պաշտոնից հրաժարվելու համառության վերաբերյալ տեղապահի դիտարկմանը:

Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իր որոշման մասին:

Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելի միջոցառումների շրջանակում բացվելու է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ: 

Միջազգային խճանկար

Եգիպտոսի Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների մոտ պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Տարբեր տվյալներով՝ Տանտա քաղաք եկեղեցում պայթյունի արդյունքում զոհվել է , 25-30 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել է։ Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի եկեղեցու մոտ պայթյունի զոհ  է գնացել առնվազն 11 մարդ։ Երկու պայթյուններն էլ, ոստիկանության տվյալներով, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Մար Գրգես և Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների կապակցությամբ, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք են խլել։ Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված Է: Ալեքսանդրիայի եկեղեցում պայթուցիկ սարքը գործի Է դրել Աբու Իսհաք ալ Մասրի մականունով 26-ամյա եգիպտացին: Տանտայի եկեղեցում ահաբեկչական գործողությունն իրականացրել Է Աբու Բարա ալ Մասրի մականունով 42-ամյա եգիպտացին:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին բանակցությունները որոշակի արդյունքներ են տվել: Լավրովի խոսքով՝ կողմերն սկսել են ավելի լավ հասկանալ միմյանց։ ԱՄՆ-ի պետքարտուղարին ընդունել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հավաստել Է ռուս-ամերիկյան հրաբերություններում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու Ռուսաստանի ձգտումը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները պետք Է պահպանեն կապի գծերը ռազմական ու դիվանագիտական կապուղիներով: «Մենք խոսեցինք Բաշար Ասադի ապագա դերի մասին, ակներեւ Է, որ Ասադի ռեժիմը մոտենում Է ավարտին»,- նշել Է նա, հավելելով, որ նրա հեռացումը պետք Է իրականացվի կազմակերպված ձեւով, «որպեսզի քաղաքական լուծում փնտրելիս բոլոր համայնքները ներկայացված լինեն բանակցությունների սեղանի շուրջ»:Այդ կապակցությամբ Լավրովն ասել Է, որ ՌԴ-ն «շեշտը չի դնում որեւ Է անձի վրա՝ ոչ նախագահ Ասադի, ոչ Էլ մեկ ուրիշի»: «Դա պետք Է լինի ինկլյուզիվ միջսիրիական երկխոսություն»,- ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը:

Ռուսաստանն արգելափակել Է այն բանաձեւի ընդունումը, որը դատապարտում Է Սիրիայի Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը եւ Դամասկոսից պահանջում Է տեղեկատվություն տրամադրել միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության համար: ՔԶԱԿ-փորձագետները մտադիր են հավաքել կենսաչափական նմուշներ եւ հարցում անել ողջ մնացածներին: Ռուսատանը տվյալներ ունի այն մասին, որ Սիրիայում նոր սադրանքներ են նախապատրաստվում, որոնց նպատակը Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրելն Է: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ընդսմին ռուսական պետության ղեկավարը հորդորել Է պաշտոնապես հետաքննել Իդլիբում իբր քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպը, ինչպես նաեւ ԱՄՆ-ին նախազգուշացրել Է այդօրինակ չարտոնված հարվածների պրակտիկայից, հիշեցնելով, որ Իրաքում նման ռազմարշավը բերեց համաշխարհային ասպարեզում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հայտնվելուն: 

Շվեդիայի մայրաղաքաղում ահաբեկչական գործողության գործով ձերբակալված Ռահմաթ Ակիլովն՝ Ուզբեկստանից, Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում խոստովանել Է, որ հանցագործություն Է կատարել: Հարցաքննության ժամանակ պարզվել Է, որ ձերբակալվածը մուսուլման Է եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը և այդ մասին տեղեկացրել ԱՄՆ Սենատին:

Թուրքիայի ապագայի վերաբերյալ բազմաթիվ փոփոխություններ պարունակող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխությունների անցնելու պարագայում Թուրքիայում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Սահմանադրական փոփոխությունների համաձայն թուրքական մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600, պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում հազարավոր ուխտավորների ներկայությամբ Սուրբ կրակ է իջել: Սուրբ կրակը հայտնվել է խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոս 3-րդի աղոթքի ժամանակ: Կրակը հայտնվել է Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի  մարմինը: Հավատացյալները կրակից վառել են իրենց մոմերը և Սուրբ կրակը տարածել ողջ տաճարում: Այս տարի Սուրբ Զատիկը նույն օրը նշում են քրիստոնեական բոլոր ուղղությունները: Ուխտավորների մեծ մասն իրենց համար սուրբ քաղաք են ժամանել ուրբաթ օրը: Հավատացյալների թվում բազմաթիվ հայ ուխտավորներ կան: 

Մշակույթ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում  անցկացված «Music Talent League 2017» երաժշտական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել են 9-ամյա  Անժելա Ալբերտյանը, ով իր տարիքային խմբում առաջին տեղն է զբաղեցրել և 20-ամյա Մերի Ավետիսյանը, ով արժանացել է «Գրան պրի»-ին և առաջին մրցանակին:

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե քաղաքում ընթացող «Կարպոս Օփեն» մրցաշարի հաղթող դարձավ Սամվել Տեր-Սահակյանը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: «Մանչեսթեր Յունայթեդի»-ի հոլանդացի  հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո Մխիթարյանը առաջին ֆուտբոլիստն է, ով եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 100 գոլ հեղինակել եվրագավաթների խաղարկություններում:

Հեղինակավոր «Whoscored» կայքը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի  և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am