Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

ՀՀ Նախագահն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 11-ին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: ՀՀ Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը հումանիտար ոլորտում: 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և մեր երկիրը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել: 

 Զրուցակիցները ջերմությամբ են հիշել մոտ մեկ տարի առաջ Երևանում ունեցած հանդիպումն ու արդյունավետ քննարկումները: Նախարար Միխեիլ Ջանելիձեն բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքը, նշելով, որ հատկապես վերջին տարիներին այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում և միջոլորտային շփումներում ակտիվացել են: Նա առանձնահատուկ նշել է էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավորը այդ ոլորտում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորություններին, ԵՄ հետ երկխոսությանն ու համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են կայունությունն ու խաղաղությունը:

Նախարար Ջանելիձեն շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման և Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am