1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աթեշյանն ակնկալում էր իմ ստորագրությունն այսպես կոչված «համաձայնագրի» տակ. Բեքչյանի հայտարարությունը

Աթեշյանն ակնկալում էր իմ ստորագրությունն այսպես կոչված «համաձայնագրի» տակ. 
Բեքչյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 12-ին Մարսելից Ստամբուլ վերադառնալուց առաջ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ` հայտնելով, որ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախորդ շաբաթ փորձել է ստանալ իր ստորագրությունը «համաձայնագրի» չհամաձայնեցված տեքստի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Բեքչյանը հայտարարության մեջ հիշեցրել է, որ ապրիլի 3-ին Պոլսո պատրիարքարանում հանդիպում է ունեցել Աթեշյանի հետ, որին ներկա է եղել նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: «Հանդիպման նյութը պատրիարքական տեղապահի ընտրություններին առնչվող հարցերն էին: Արամ Սրբազանն ինձ բանավոր տեղեկացրեց իր անձնական կարծիքը և մտածումներն այս առնչությամբ: Վերոնշյալ անձանց ներկայությամբ ես նրանից խնդրեցի իր ասածներն ինձ հայտնել գրավոր կերպով: Նա ինձնից երկու օր ժամանակ խնդրեց, որպեսզի իր ասածները գրավոր խմբագրի և հանձնի մեր ուշադրությանը:

Երկու օր անց հեռախոսազանգ ստացա Սուրբ Փրկիչ հիվանդանոցից: Արամ Սրբազանն ինձ հրավիրում էր այնտեղ` իբրև թե այցելելու հանգստյան կոչված Ամենապատիվ Մեսրոպ Բ պատրիարքին, նաև աղոթելու պատրիարքի համար: Սակայն այլևայլ աղբյուրներից ինձ լուրեր էին հասնում, որ մինչ այդ Արամ Սրբազանը պատրաստել է գրավոր համաձայնագիր կամ արձանագրություն, հրավիրած է անգամ մամուլի ներկայացուցիչների և ցանկանում է, որ երկուսս` ես և նա, Սուրբ Փրկիչ հիվանդանոցում ստորագրենք իր կողմից պատրաստված համաձայնագիրը: Այսինքն, ես հիվանդանոց էի հրավիրվում բոլորովին այլ պատճառով, մինչդեռ բուն նպատակն ամենևին այլ էր»,- նշել է ընտրված տեղապահը:

Բեքչյանը հրապարակել է Աթեշյանի կողմից պատրաստված և իրեն ներկայացրած համաձայնության նախագիծը:

«Ընթերցողներին եմ թողնում այս քայլը բնութագրելու համար անուն որոշելը: Ուրեմն, Արամ Սրբազանը, փոխանակ իր խոստման համաձայն գրավոր կերպով ինձ ներկայացներ ներկա կացության վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները, ակնկալում էր, որ ես նույնպես իմ ստորագրությունը կդնեմ իր կողմից պատրաստված այսպես կոչված «համաձայնագրի» տակ, որն իր խորքային առումով առ ոչինչ է համարում Եկեղեցական համագումարի կամքն ու որոշումը, միայն առերես է ճանաչում տեղապահի օրինավոր ընտրությունը, զրկում է ընտրյալ Տեղապահին իր բոլոր լիազորություններից և փորձում է օրինականացնել «Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի» պաշտոնից հրաժարվելու իր համառումը»,- ասվում է արքեպիսկոպոս Բեքչյանի հայտարարության եզրափակիչ հատվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]