Արագ, կարճ կոնտենտի գերակայությունը ձևավորում է ընթերցողի ուշադրության ճգնաժամ. մեդիահոգեբանը մանրամասնում է խնդիրը

7 րոպեի ընթերցում

Թվային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից փուլը բացել է հաղորդակցման անսահման հնարավորություններ, սակայն միևնույն ժամանակ ստեղծել է մի միջավայր, որտեղ փաստն ու խեղաթյուրումը հաճախ զուգահեռ են ընթանում։ Տեղեկատվական դաշտը իրազեկելու հիմնական առաքելության հետ մեկտեղ, այլև ազդելու, ներգործելու, երբեմն էլ մանիպուլացնելու նպատակով է օգտագործվում։ Մեդիա իրականության այս առանձնահատկությունների մասին խոսելիս մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց տեղեկատվական մանիպուլյացիայի լայն կիրառմանը։

«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց այսօր տեղեկատվությունը մեզ հասնում է տարատեսակ ուղիներով և մեթոդներով։ Դրանք պետք է լինեն հնարավորինս ազդեցիկ՝ հանրային դիսկուրսում ուշադրություն գրավելու համար։ Կիրառվող տեխնոլոգիաներից տարածվածը հենց մանիպուլյացիան է՝ իր դրսևորման ամենատարբեր եղանակներով։ Մանիպուլյացիան ներազդում է ճիշտ ընտրված և թիրախային լսարանին, և մանիպուլյատիվ քարոզչամեքենան գործում է այնպիսի ուժգնությամբ, որ հաճախ դրան զոհ են դառնում նույնիսկ այն մարդիկ, որոնք ունեն մեդիագրագիտության որոշակի մակարդակ»,- նշեց մեդիահոգեբանը։

Մանիպուլյացիան չի գործում պատահականորեն։ Այն հաշվարկված, կառուցված և ուղղված է կոնկրետ լսարաններին՝ օգտագործելով հոգեբանական ազդեցության տարբեր գործիքներ։ Մեդիա դաշտում տեղեկատվության սպառումը մեծապես պայմանավորված է մարդու ներքին հոգեբանական պահանջներով։ Այդ պահանջներից ամենահզորներից մեկը վտանգի մասին տեղեկացված լինելու ձգտումն է։

«Հոգեբանական առումով և ենթագիտակցական մակարդակում մարդ միշտ ձգտում է կարդալու, դիտելու այնպիսի կոնտենտ, որը պարունակում է շոկ, սենսացիա կամ բացասական ինֆորմացիա։ Մարդը ենթագիտակցորեն կարդում է դրանք՝ ցանկություն ունենալով իրազեկված և պաշտպանված լինել»,- բացատրեց Գրիգորյանը։

Այս առանձնահատկությունն, ըստ նրա, ակտիվորեն շահագործվում է մեդիա հարթակների կողմից։ Տեխնոկրատական հասարակությունում, որտեղ ուշադրություն գրավելը դարձել է չափազանց դժվար, լրատվամիջոցները հաճախ օգտագործում են շոկային վերնագրեր և սենսացիոն բովանդակություն։

«Այս ամենով պայմանավորված՝ ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցները, որոնց գործունեությունը հիմնվում է like-եր և click-եր հավաքելու վրա, հաճախ հենց ջուր են լցնում մանիպուլյատիվ քարոզչամեքենայի ջրաղացին՝ ցանկություն ունենալով ընդամենը գրավել լսարան»,– ավելացրեց մեդիահոգեբանը։

Տեղեկատվական մանիպուլյացիայի ամենատարածված ձևերից մեկը վերնագրային քաղաքականությունն է։ Ժամանակակից ընթերցողը հաճախ ապրում է տեղեկատվական ծանրաբեռնվածության պայմաններում․ հարյուրավոր նյութեր, տասնյակ հարթակներ։ Այս պայմաններում վերնագիրը դառնում է ոչ թե պարզապես նյութի ամփոփում, այլ որոշիչ գործոն՝ կարդալ, թե չկարդալ, հավատալ, թե ոչ։

Տեղեկատվական մամուլում նկատվում է միտում, երբ վերնագիրը դիտավորյալ կառուցվում է սենսացիոն, կտրուկ կամ շոկային ձևակերպումներով՝ անկախ նյութի իրական բովանդակությունից։ Ընթերցողի ուշադրությունը գրավելու այս մեթոդը հաճախ հանգեցնում է նրան, որ բուն նյութը երկրորդական է դառնում, իսկ վերնագիրը սկսում է ազդել՝ ձևավորելով հանրային ընկալում առանց փաստերի ամբողջական ներկայացման։

Այս երևույթի մասին խոսելիս՝ մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հանրաճանաչությունը հաճախ չի նշանակում պրոֆեսիոնալիզմ։

«Այսօր մենք ունենք մի շարք լրատվամիջոցներ, որոնք հեռու են պրոֆեսիոնալիզմից, սակայն վայելում են մեծ հանրաճանաչություն հանրային դիսկուրսում, և պատճառը հենց այն է, որ նրանք օգտագործում են որոշակի եզրույթներ, կարճ վերնագրեր, որոնք հաճախ հենց սենսացիոն կամ շոկային բնույթի են՝ հասարակության ուշադրությունը գրավելու համար։ Դրանց նպատակը հենց հանրային դիսկուրսում որոշակի խայծ գցելն է, որովհետև, ըստ էության, պրոֆեսիոնալ լրատվամիջոցների և լրագրության հետ որևէ առնչություն չունեն»,– ընդգծեց Գրիգորյանը։

Այս գործընթացը խորանում է նաև ժամանակակից տեղեկատվական սպառման ձևաչափերի ազդեցությամբ։ Արագ, կարճ կոնտենտի գերակայությունը աստիճանաբար ձևավորում է ընթերցողի ուշադրության ճգնաժամ։ Մեդիահոգեբանը նկատում է, որ արագ սպառվող կոնտենտը, short-երը, reel-երը և TikTok-յան տեսանյութերը ձևավորել են ուշադրության լուրջ ճգնաժամ։

«Մարդիկ երկար նյութեր այլևս չեն կարողանում կարդալ, եթե նպատակային չէ այդ ամենը։ Ստացվում է իրավիճակ, երբ մարդը, կարդալով ընդամենը վերնագիրը և մեկնաբանությունների դաշտը, պատկերացում է կազմում իրողության մասին»,- նշեց նա։

Սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման գործընթացը մեծապես պայմանավորված է ոչ միայն մեդիա հարթակների քաղաքականությամբ, այլև օգտատիրոջ վարքագծով ձևավորվող տեխնոլոգիական մեխանիզմներով։

Սոցիալական ալգորիթմները գործում են օգտատիրոջ վարքագծի հիման վրա՝ հստակ գնահատելով, թե ինչ նյութեր է նա սպառում։ Եթե մարդը ընտրում է վստահելի և մեդիագրագիտությանը համապատասխան բովանդակություն, ալգորիթմը շարունակաբար նմանատիպ նյութեր է մատուցում։ Հակառակ դեպքում՝ ցածր մեդիագրագիտությամբ օգտատերը հաճախ հայտնվում է մանիպուլատիվ կոնտենտի ազդեցության ներքո, ու նրանց տեղեկատվական դաշտը շարունակում է ձուլվել նույն տրամաբանությամբ։

Տեղեկատվական մանիպուլյացիայից պաշտպանվելու բանալին մեդիագրագիտությունն է․ այն օգնում է տարբերակել ճշգրիտ տեղեկատվությունը մանիպուլյատիվից, ընտրել վստահելի աղբյուրներ և ստեղծել վերահսկվող տեղեկատվական միջավայր, որտեղ մարդն ստանում է միայն իրեն անհրաժեշտ բովանդակությունը՝ մանիպուլյատիվ ազդակները նվազագույնի հասցնելով։

«Առհասարակ, պաշտպանված է նա, ով իրազեկված է և այսօր տեխնոկրատական հասարակությունում պաշտպանված են նրանք, ովքեր ունեն մեդիագրագիտության բարձր, նույնիսկ շատ բարձր մակարդակ։ Եվ ցավով պետք է նշեմ, որ հենց միջինից բարձր տարիքային խմբերն են հաճախ դառնում մանիպուլատիվ քարոզչամեքենայի թիրախը։ Մեդիագրագիտության բարձրացումը բոլոր խնդիրների հաղթահարման միակ ճանապարհն է»,- եզրափակեց մեդիահոգեբանը։

Շուշաննա Ղազարյան

Հայերեն