Հասարակական

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին

3 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցում են Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին (WSIS FORUM 2026)։ WSIS Forum-ը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունից, ֆորումի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով հանդես է եկել «Leaders TalkX. Հասանելիությունից դեպի ազդեցություն. առաջնորդելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ենթակառուցվածքների զարգացումը» խորագրով պանելային քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացվող կարգավորումները, դրանց արդյունքները և ապագա ծրագրերը։

«Հանձնաժողովի, որպես էլեկտրոնային հաղորակցության ոլորտի կարգավորող մարմնի, ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների հասանելիության ընդլայնման մասով իրականացրած թիրախային կարգավորումները, միջոցառումներն ու արձանագրված արդյունքները՝ հնարավոր է եղել ապահովել լիցենզիոն պարտավորությունների սահմանման և ոլորտում մրցակցության խթանման գործառութների իրականացմամբ»,- իր ելույթում նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Leaders TalkX-ը հարթակ է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու թվային տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներն ու լավագույն փորձը՝ հանուն կայուն զարգացման։

Ֆորումի շրջանակում ՀԾԿՀ պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի և Ռումինիայի հեռահաղորդակցության կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը, խթանելու մասնագիտական փորձի փոխանակումը և զարգացնելու գործընկերային կապերը։

WSIS Forum-ը համախմբում է ավելի քան 170 երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ տեղեկատվական հասարակության զարգացման, թվային փոխակերպման և կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում