Ինովացիա

Վարչապետն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան. քննարկվել են ՀՀ-ում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Վարչապետն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան. քննարկվել են ՀՀ-ում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության (ԱԲ) գործարան, որը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է 150 մլն դոլար, որից շուրջ 70 մլն դոլարն արդեն իրականացվել է։ Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 ՄՎտ է, որն ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասցնել 40 ՄՎտ-ի։ Գործարկումից ընդամենը մեկ ամիս անց առկա հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է՝ արտացոլելով Հայաստանից և միջազգային շուկաներից եկող պահանջարկը։ 

ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև 2025թ. օգոստոսի 8-ի ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի շնորհիվ թույլտվություն է տրվել Nvidia Blackwell B300 տեսակի գրաֆիկական պրոցեսորների արտահանման: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» ընկերության միջև հունիսի 1-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված ՀՀ-ում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարության խթանմանը, կարողությունների ձևավորմանը և կիրառական ծրագրերի աջակցությանը։

Այցի շրջանակում քննարկվել են նաև Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում