Հասարակական

Անին՝ դարերի ժառանգություն․ ինչպես է պահպանվում համաշխարհային մշակութային կոթողը

6 րոպեի ընթերցում

Անին՝ դարերի ժառանգություն․ ինչպես է պահպանվում համաշխարհային մշակութային կոթողը

Միջնադարյան Հայաստանի երբեմնի հզոր կենտրոն Անիի պահպանությունն այսօր դարձել է ոչ միայն ճարտարապետական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության առանցքային խնդիր։

Հատկապես Անիի մայր տաճարը միջնադարյան ճարտարապետության բացառիկ հուշարձան է և հայկական ճարտարապետական դպրոցի կարևորագույն նմուշներից մեկը։ Այն ոչ միայն պատմական, այլև համաշխարհային մշակութային արժեք ունի։

image00022.jpg

Այժմ Թուրքիայի տարածքում գտնվող այս բացառիկ մշակութային հուշարձանի վերականգնման աշխատանքները շարունակվում են, որոնց հիմնական նպատակը մետաղական կոնստրուկցիաներով կոթողի ամրակայումն է, որպեսզի այն պահպանվի նաև ապագա սերունդների համար։ Ընդ որում, այս պահին վերականգնողական աշխատանքներ են ընթանում ոչ միայն Անիի մայր տաճարի, այլ՝ երբեմնի հզոր քաղաքից պահպանված այլ կոթողների վրա ևս։

Բացի այդ, դարերի ընթացքում տարբեր քաղաքակրթությունների հետքեր կրած Անիի տարածքում շարունակվում են նաև հնագիտական ուսումնասիրությունները։ Պեղումներն իրականացնում է Կովկասի համալսարանի մասնագիտական խումբը։

Անին 2016 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մինչ այդ այն ընդգրկվել էր նաև Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի (World Monuments Fund) վտանգված հուշարձանների ցանկում։ Այս երկու միջազգային կարգավիճակներն ապահովում են հուշարձանի լրացուցիչ պաշտպանություն և նպաստում պահպանության աշխատանքներին։

image00024.jpg

Անիի պատմության, մայր տաճարի ճարտարապետական արժեքի և ընթացող վերականգնողական աշխատանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է արվեստի պատմաբան, մշակութային հետազոտող Իբրահիմ Սուլեյմանօղլուի հետ։ Մասնագետի հետ զրույցը տեղի է ունեցել փոխանակման ծրագրով Թուրքիայում գտնվող հայ լրագրողների խմբի՝ Անի այցելության ընթացքում։

Անդրադառնալով ժամանակին «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք» անվանումը ստացած Անիի պատմությանը՝ Սուլեյմանօղլուն նշել է, որ այն չի սահմանափակվում մեկ ժամանակաշրջանով։ Քաղաքը տարբեր դարաշրջաններում գտնվել է տարբեր պետությունների իշխանության ներքո։ Մայր տաճարը կառուցվել է հայկական Բագրատունիների թագավորության օրոք, հետագայում անցել է Բյուզանդիայի, ապա՝ սելջուկների տիրապետության տակ և որոշ ժամանակ օգտագործվել է որպես մզկիթ։ Նրա խոսքով՝ այդ բոլոր պատմական շերտերը հուշարձանի կենսագրության մասն են և պետք է դիտարկվեն ամբողջական պատմական համատեքստում։

«Չի կարելի անտեսել, որ այս տարածքը կապված է Բագրատունիների ժամանակաշրջանի հետ։ Սակայն Անիի պատմությունը շատ ավելի լայն է։ Այն անցել է տարբեր դարաշրջանների միջով, և յուրաքանչյուր փուլ իր հետքն է թողել այս վայրի վրա»,-ասել է նա։

Խոսելով ընթացող վերականգնման աշխատանքների մասին՝ Իբրահիմ Սուլեյմանօղլուն նշում է, որ աշխատանքների ընթացքում որպես հիմք օգտագործվում են հայ անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի և հնագետ Նիկոլայ Մառի ուսումնասիրությունները, գծագրերն ու լուսանկարները։

Թորոս Թորամանյանը հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն ուսումնասիրողներից մեկն է։ Թորամանյանը 1903 թվականից սկսել է ուսումնասիրել Անիի հուշարձանները։ Նա կատարել է Անիի մայր տաճարի և այլ կառույցների մանրամասն չափագրումներ, լուսանկարագրություններ ու ճարտարապետական վերակազմություններ։ Նրա աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել Անիի ճարտարապետական ժառանգության գիտական ուսումնասիրության և հետագա պահպանության համար։

Նիկոլայ Մառը ռուս արևելագետ է, լեզվաբան և հնագետ, որը ղեկավարել է Անիի առաջին խոշոր գիտական հնագիտական արշավախմբերը։ Նրա գլխավորությամբ 1892–1917 թվականներին իրականացվել են լայնածավալ պեղումներ, որոնց ընթացքում ուսումնասիրվել են քաղաքի կառույցները, եկեղեցիները, քաղաքային միջավայրը և բազմաթիվ գտածոներ։ Մառի արշավախումբը հիմք է դրել Անիի համակարգված հնագիտական ուսումնասիրություններին՝  ներգրավելով տարբեր մասնագետների, այդ թվում՝ Թորոս Թորամանյանին։

«Նպատակն ամբողջական վերակառուցումը չէ, այլ ժամանակի ընթացքում կորցրած հատվածների հնարավորինս զգույշ և գիտականորեն հիմնավորված լրացումը»,- ասել է Սուլեյմանօղլուն։

Նրա խոսքով՝ հատկապես բարդ է Անիի մայր տաճարի գմբեթի վերականգնման հարցը։ Միջնադարում այն կառուցվել է առանց ժամանակակից շինանյութերի՝ բետոնի, ցեմենտի և մետաղական կոնստրուկցիաների։ Եթե այսօր կիրառվեն նման նյութեր, կառույցի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն կընկնի, ինչը կարող է վտանգել նրա ամրությունը։ Այդ պատճառով մասնագետները նախընտրում են կառույցի ամրակայումը, այլ ոչ թե ամբողջական վերակառուցումը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում գործող համապատասխան գիտական կառույցներն իրականացնում են Անիի հուշարձանների եռաչափ մոդելավորում, ինչը կարևոր աշխատանք է, սակայն թվային մոդելի ստեղծումն ու իրական վերականգնողական աշխատանքները բոլորովին տարբեր գործընթացներ են․ վերականգնողական աշխատանքները պահանջում են շատ ավելի բարդ ինժեներական լուծումներ։

Սուլեյմանօղլուն նաև հերքել է մամուլում երբեմն շրջանառվող լուրերը, թե Անիի մայր տաճարը իբր քանդվել է կամ ձևափոխվում է։ Նրա խոսքով՝ Անիին պետք է վերաբերվել որպես համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ հուշարձանի, այլ ոչ թե քաղաքական կամ գաղափարական մեկնաբանությունների առարկայի։

Սուլեյմանօղլուն խոսել է նաև Անիի տարածքում շարունակվող հնագիտական ուսումնասիրությունների մասին։

Նա ընդգծել է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե «ստորգետնյա քաղաքի» մասին է, ինչպես երբեմն ներկայացվում է, այլ բնական ռելիեֆի, կիրճերի և դրանց միջև ձևավորված անցուղիների մասին է, որոնք էլ հետազոտվում են հնագիտական աշխատանքների ընթացքում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում